Լրահոս
Օրվա լրահոսը

Զվարճալի խառնաշփոթ՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնին մրցանակ հանձնելիս

Հունվար 12,2023 15:34

2022 թվականը Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի համար բավականին հաջող էր։ Նոր բեմադրություններ, հյուրախաղեր, եւ, վերջապես, «Արտասահմանյան լավագույն ռուսական թատրոն» միջազգային թատերական մրցանակ: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը, նախորդ տարվա արդյունքներին եւ այս տարվա ծրագրերին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում անդրադառնալիս, ներկայացրեց «Звезда театрала» թատերական մրցանակաբաշխությունը։ Ասաց, որ  միջազգային հանդիսատեսի համակրանքի հիման վրա եւ քվեարկության արդյունքներով է որոշվում որեւէ անվանակարգում հաղթողը։

«Звезда театрала»  մրցանակաբաշխությունն ունի նաեւ «Արտասահմանյան լավագույն ռուսական թատրոն» անվանակարգ։ Հետաքրքիրն այն է, որ մենք նույնիսկ չգիտեինք, որ  Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը ներկայացվել է այդ մրցանակին։ Մենք այդ մասին տեղեկացել ենք այն պահին, երբ զանգել ու հայտնել են, որ short list-ում ենք: Ի դեպ, այդ մրցույթին մասնակցում են աշխարհի լավագույն ռուսալեզու թատրոնները»,- ասուլիսում նշեց Կարեն Ներսիսյանը։

Նրա խոսքով՝ ընտրության արդյունքում լավագույն եռյակում  են հայտնվել երեք թատրոն ՝ իտալական թատրոնը, Ալմա Աթիի Վ․ Լերմոնտովի անվան  ռուսական թատրոնը եւ  Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը․«Ես մեկնեցի Մոսկվա։ Վախթանգովի անվան թատրոնում էր կայանում մրցանակների հանձնումը։ Դա շատ պատվավոր մրցանակաբաշխություն է։ Այնտեղ մրցանակներ հանձնվեցին նաեւ այնպիսի դերասանների, որոնց թվում են, օրինակ, Ալեքսանդր Կալյագինը, Իգոր Յասուլովիչը, կամ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար  մրցանակը հանձնվեց Եվգենի Պիսարեւին, լավագույն ներկայացումը «Պատերազմ եւ խաղաղությունն» էր»։

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը ժպտալով մի դրվագի մասին էլ պատմեց․ «Չգիտեմ՝ արժի այս մասին պատմել, բայց դա ինձ բավականին զվարճացրել է, այնտեղ մի փոքրիկ թյուրիմացություն, խառնաշփոթ եղավ։ Երբ հայտարարվում էր անվանակարգը, նշվեց, որ  որպես լավագույն արտասահմանյան ռուսալեզու  թատրոն ներկայացված է Իտալական դերասանների համագործակցությունը, մեկ էլ  Վախթանգովի թատրոնի դահլիճի ողջ էկրանով մեկ մեր թատրոնի ներկայացումից  նկար ցուցադրվեց,  ու դահլիճը պայթեց ծափահարություներից։ Ստացվում է՝ մեզ երկու անգամ բուռն ծափահարեցին՝ սկզբում իբրեւ իտալացիների, հետո՝ մեզ, երբ հայտարարվեց Հայաստանի անունը, ապա Ալմա Աթիի թատրոնի անունը։

Շատ հաճելի է նման լավ արդյունք ունենալը 2022-ին։ Կարծում եմ, այս ամենը այն բանի շնորհիվ է, որ եւ 2022-ին, եւ 2021-ին եւ դրանից առաջ մենք շատ հյուրախաղեր ենք ունեցել, մասնակցել տարբեր փառատոների․․․ Թատերական հանրությունը շատ լավ մեզ գիտեր»։

Կարեն Ներսիսյանը տեղեկացրեց, որ անցյալ տարին հոբելյանական էր թատրոնի համար, իսկ այս տարի 75-րդ թատերաշրջանն է բացվում։ Հավելեց, որ խաղացանկն ընդլայնվել է, ներկայացումներ են խաղում նաեւ փոքր բեմի վրա, որոնց թվում են «Խաղը» ՝ Դոն Նիգրոյի «Գորգոնները» պիեսի մոտիվներով, «Նրան սպասելիս»-ը՝ ըստ Միխայիլ Խեյֆեցի, եւ Ռոբերտ Հակոբյանի «Հիշիր քո անունը» մոնոներկայացումը՝ նվիրված Կոմիտասին։ Նա մեծ բեմի համար արված  ներկայացումներից էլ խոսեց։ Հավելեց, որ անցյալ տարի ունեցել են պրեմիերաներ՝  Չեխովի «Բալի այգին», «Վիյը»՝ ըստ Գոգոլի  եւ  «Արքայադուստր գորտը»՝ ըստ ռուսական ժողովրդական հեքիաթի։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031