Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի քաղաքականությունը հստակ է՝ ճնշումների միջոցով հասնել Արցախի հայաթափմանը»

Հունվար 12,2023 15:29

Արցախի կառավարության տեղեկագիր – շրջափակման 32-րդ օր

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման պատճառով Արցախի դեղատներում կենսական նշանակության դեղամիջոցների և մանկական կերերի սղությունն ավելի է զգացվում։ Այս պահի դրությամբ, ի թիվս բազմաթիվ դեղատեսակների, զգալիորեն պակասում են կաթնախառնուրդները, մանկական տակդիրներն ու հակաբիոտիկները։ Բացակայում են հատկապես մինչև 6-7 տարեկան երեխաների համար հեղուկ հակաբիոտիկները և ջերմիջեցնող դեղերը։ Բացակայում են նաև շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված դեղամիջոցները, ինսուլինի ներարկիչները։

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղու արգելափակման պատճառով առաջացած հումանիտար ճգնաժամի պայմաններում Արցախի բնակիչները, որոնցից շուրջ 30,000-ը երեխաներ են, մեծապես զրկված են կենսական նշանակության դեղորայք ստանալու հնարավորությունից։ Իսկ հատկապես մանկական կերի սղությունը լրջորեն սպառնում է միայն դրանցով սնվող նորածինների առողջությանն ու զարգացմանը:

Արցախցի առնվազն 50 դիմորդներ զրկվել են բուհերի ընդունելության քննություն հանձնելու հնարավորությունից:

Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը փակելու հետևանքով Արցախի 50 դիմորդներ զրկվել են Հայաստանի բուհերի ընդունելության քննություն հանձնելու հնարավորությունից, որը Հայաստանում մեկնարկում է հունվարի 15-ից։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման եւ թեստավորման կենտրոնը տեղեկացրեց, որ քննություն հանձնելու համար Արցախից այս փուլում հայտագրվել է առնվազն 50 աշակերտ:

Ինչ է դա նշանակում:

Ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի դիմորդները զրկվել են Հայաստան մեկնելու և կրթություն ստանալու իրենց իրավունքի իրացման հնարավորություններից։

Արցախում կանխիկի դրամաշրջանառության կարգավորման ուղղությամբ խստացումներ են մտցվել:

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած կանխիկի դրամաշրջանառության խնդիրների պատճառով՝ Արցախի Հանրապետությունում առկա բոլոր բանկոմատներից և POS տերմինալներից միևնույն վճարային  քարտով  կանխիկացումների համար կգործի սահմանաչափ՝ օրական մինչև 50 հազար դրամի չափով:

Ինչ է դա նշանակում:

Շրջափակման պատճառով Հայաստանից լրացուցիչ կանխիկ գումարի մատակարարման անհնարինության և բնակչության կողմից մեծ ծավալի գումարի կանխիկացման պատճառով բնակչության ստվար խմբեր խնդիրներ ունեն կանխիկ գումարի ձեռք բերման հետ կապված, որը կարգավորելու նպատակով կգործի նշված սահմանաչափը:

Օպերատիվ շտաբի հայտարարությունը էլեկտրամատակարարման շարունակական խնդիրների հետ կապված:

Արդեն երկրորդ օրն է, ինչ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում՝ Աղավնո-Բերձոր հատվածում արձանագրված վթարի պատճառով Արցախի ժողովուրդը կանգնել է նոր մարտահրավերի առջև՝ հնարավորություն չունենալով էլեկտրաէներգիա ստանալ Հայաստանից: Հանրապետության էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս նշված վայրում իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ՝  կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները և խորացնելով արդեն մեկ ամիս շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության շրջանում առկա հումանիտար ճգնաժամը:

Հրավիրվել է ԱՀ Անվտանգության խորհրդի նիստ, ընդունվել է հայտարարություն:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 11-ին հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցում էին ԱՀ ԱԺ քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները: Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում արդեն շուրջ մեկ ամիս տևող հումանիտար ճգնաժամի հետևանքները, դրա վերաբերյալ վերջին օրերին հնչած բարձր մակարդակի քաղաքական հայտարարությունները: Ընդունվել է  ԱՀ ԱԽ հայտարարություն։

Անվտանգության խորհուրդը դիմել է միջազգային հանրությանը` Ադրբեջանի կողմից ձեռնարկված ահաբեկչական գործողությունները, ծրագրվող էթնիկ զտումները և նախապատրաստվող նոր ցեղասպանությունը կանխելու համար պատասխանատվություն ստանձնելու կոչով:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր:

Համաձայն հրամանագրերի՝ Սրբուհի Արզումանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել Արցախի Հանրապետության արդարադատության նախարար:

Արամ Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար:
Դավիթ Բաբայանն ազատվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Ղազարյանը՝ ազատվելով Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից:

Արմեն Մանգասարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար: Նույն օրը նախագահը հաստատել է կառավարության որոշում Արմեն Մանգասարյանին Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են կոմիտեի նախագահի տեղակալ Իննա Իշխանյանին:

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել:

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի հրավիրած խորհրդակցությանը կատարվել են հետևյալ շեշտադրումները՝

  • Ադրբեջանը ոչ միայն չի թողնում սննդամթերք, դեղորայք բերել, այլ խոչընդոտում է մասնագետների այցը վթարի վայր՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար։
  • Իրավիճակը բարդ է նաև մասնավոր հատվածում, քանի որ շրջափակման հետ կապված տնտեսությունը ևս ճգնաժամի մեջ է հայտնվել, բազմաթիվ մարդիկ կորցնում են աշխատանքը:
  • Ադրբեջանի քաղաքականությունը հստակ է՝ ճնշումների միջոցով հասնել Արցախի հայաթափմանը:
  • Կառավարությունն օգտագործում է բոլոր գործիքները՝ դիվանագիտական, իրավական, տեղեկատվական և շարունակում է ամեն ջանք գործադրել՝ ճանապարհը բացելու համար, բայց միաժամանակ այն պարտավոր է պատրաստ լինել բոլոր հնարավոր զարգացումներին:

Արցախի տեղեկատվական շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031