Լրահոս
Օրվա լրահոսը

Կբարելավվեն բիզնես գործունեություն ծավալելու պայմաններն ու գործարար, ներդրումային միջավայրը

Հունվար 12,2023 15:08

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հավանություն է տվել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունումը պայմանավորված է վարչարարության կրճատման, պարզեցման, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված ծանուցման ենթակա մի շարք գործունեության տեսակներով զբաղվող տնտեսավարողներին աջակցելու, տվյալ ոլորտների զարգացմանը նպաստելու, գործարար և ներդրումային միջավայրի տեսանկյունից տվյալ ոլորտներն առավել գրավիչ դարձնելու, ծանուցման ենթակա թորած ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության տեսակները տարանջատելու, հստակեցնելու և ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտադրությունը խթանելու նպատակով դրանց արտադրության գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար տարեկան պետական տուրքերի մատչելի դրույքաչափեր սահմանելու անհրաժեշտությամբ։ Նախագծերի ընդունման արդյունքում կբարելավվի բիզնես գործունեություն ծավալելու պայմաններն և գործարար ու ներդրումային միջավայրը, կկրճատվեն տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացող որոշակի ծախսերը և նախագծի կիրարկման արդյունքում կհիմնվեն նոր արտադրություններ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կավելանան ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտահանման ծավալները:
Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը,  նախարարության գլխավոր առաքելություններից մեկը բիզնես միջավայրը Հայաստանում հեշտացնելն ու լավացնելն է:

«Անցած տարի ընդունել ենք 19 իրավական ակտ, այդ թվում՝ հողային օրենսգրքի, արտահանման խրախուսման, որոշակի գործունեության տեսակների օտարերկրյա ընկերությունների մուտքը Հայաստանի Հանրապետություն հեշտացնելու վերաբերյալ: Այսօրվա մեր նախագիծը նմանատիպ մի նախագիծ է, որն ուղղված է բիզնես միջավայրի որոշ ոլորտներ էապես հեշտացնելուն: Ոլորտները 7-ն են՝ գարեջրի արտադրություն, գինու, խնձորի, հատապտղային այլ գինիների և մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրությունը, լիկյորների, մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ խմիչքների, 100 լիտրից ավելի շշալցված կոնյակի իրացման և ներմուծման և այլ գործունեության տեսակների համար մենք վերացնում ենք ծանուցման պահանջը: Ծանուցումը դա պարզեցված լիցենզիան է, և այս գործունեության տեսակներից լիցենզիայի կամ ծանուցման վերացումը թույլ է տալիս, որ այս ոլորտներում ընկերությունները կամ ձեռներեցները կարողանան ավելի հեշտ մտնել շուկա և ազատեն իրենց ավելորդ թղթաբանությունից: Մեր կարծիքով՝ ավելորդ, որովհետև, ըստ էության,  թղթերի հետ ենք աշխատում, այլ ոչ թե իրական ստուգումներ ենք անում: Նախագիծը վերաբերում է նաև որոշակի գործունեության տեսակների համար նաև պետական տուրքի էապես նվազեցմանը: Դրանք են՝ վիսկին, ռոմը, ջինը, սպիրտային այլ թուրմեր: Այդ ընկերությունները պետք է վճարեն 15 մլն դրամ պետական տուրք այդ տիպի արտադրանք արտադրելու համար, հիմա նվազեցնում ենք մինչև 3 մլն դրամ: Այսօր մենք ունենք նաև էական մեծ պահանջարկ այս տիպի արտադրանքի համար թե՛ Հայաստանում, թե՛ արտահանման առումով: Կարծում ենք՝ այս փոփոխությունը պետք է խթանի այս գործունեությամբ զբաղվելը»,-ասել է նախարարը:

Նշվել է նաև, որ մի առանձին կետով էլ վերացվում է  շշալցված կոնյակի արտահանման պետական տուրքը:

Վարչապետը կարևորել է  օրինագծերի ընդունումը և  ոլորտում առկա խնդիրների լուծումը:
Կկատարելագործվեն ուսումնական հաստատությունների կառավարման մեխանիզմները. արվեստի և մարզադպրոցների մանկավարժներն ու մարզիչները կկարողանան անցնել կամավոր ատեստավորում և ստանալ հավելավճար

Կառավարությունը հավանություն է տվել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Արտադպրոցական կրթությունն  ու   դաստիարակությունը պետք է կարգավորվի օրենքով, որը հնարավորություն կտա կանոնակարգել ոլորտի հիմնախնդիրները, ապահովել համակարգի զարգացումը: Օրենքով պետք է կարգավորվի համակարգի բովանդակության, գործունեության և զարգացման իրավական, կազմակերպական և ֆինանսական հիմքերը։ Նախագծով առաջարկվող փոփոխություններով հնարավոր կլինի    սահմանել այն հիմնական դրույթները, նպատակները, խնդիրներն ու զարգացման ուղիները, որոնք համընդհանուր են   արտադպրոցական կրթության և դաստիարակության ոլորտում  նոր որակական նախադրյալներ ստեղծելու հիմքում:  Ըստ այդմ, Հայաստանում կամավոր ատեստավորմամբ հավելավճար ստանալու հնարավորություն կտրվի նաև արվեստի և մարզադպրոցների ուսուցիչներին և մարզիչներին:

Ինչպես նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, կառավարությունն արտադպրոցական ոլորտում նախատեսում է ներդնել մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ։ «Այս պահին հանրապետությունում ունենք երաժշտական, արվեստի, գեղարվեստի, մանկապատանեկան ստեղծագործության 240 դպրոց և կենտրոն,  որոնցից 50-ը տեղակայված են Երևանում, 190-ը՝ մարզերում։ Եվ այդ դպրոցներում և կենտրոններում սովորում է շուրջ 50 հազար երեխա: Բացի այդ, ունենք 174 սպորտային կազմակերպություններ, որտեղ մարզվել են ավելի քան 42 հազար երեխաներ։ Այս հաստատություններում ուսուցումը իրականացվում է նախարարության կողմից հաստատված օրինակելի ուսումնական պլաններով, որով սահմանվում են համապատասխան բովանդակային չափորոշիչները»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Ըստ նախարարի,  երաժշտական, արվեստի, գեղարվեստի և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում դասավանդում է 5099 ուսուցիչ, սպորտային կազմակերպություններում՝ ավելի քան 2100 մարզիչ մանկավարժ։ Այսպիսով, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ իրականացնել ոլորտում՝   քաղաքականությունը, մասնագիտական զարգացման ծրագրերը, ֆինանսավորմանը և այլ հարցեր կարգավորելու  նպատակով։ «Այս փուլում հարմար ենք գտել անդրադառնալ մի քանի հրատապ հարցերի։ Մասնավորապես, «Կրթության մասին» օրենքի առաջարկվող փոփոխություններով նախատեսում ենք, որ մանկավարժներն ու մարզիչները կկարողանան անցնել կամավոր ատեստավորում և հաջող արդյունք ցուցաբերելու դեպքում ստանալ հավելավճար։ Այստեղ խնդիրը մի փոքր բարդ է, որովհետև արտադպրոցական կազմակերպությունների գերակշիռ մասը համայնքային են, և այստեղ վարձատրությունը համայնքից համայնք խիստ տարբերվում է: Ուստի, նախատեսում ենք, որ պետական քաղաքականության միջոցով պետք է կարողանալ ավելի համահարթ մոտեցման տանել վարձատրության այս տարբերությունները  և, հետևաբար, պլանավորում ենք, որ հավելավճարները կլինեն ֆիքսված գումարների միջոցով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը  նաև հայտնել է, որ  ատեստավորման կարգն ու հարցաշարերն այժմ մշակման փուլում են։ Ատեստավորումն իրականացվելու է առանձին փուլերով։ Առաջին փուլին մասնակցելու համար կարող են դիմել  դաշնամուրի, սոլֆեջիոյի, երաժշտական գրականության առարկաների ուսուցիչները, մարզաձևերից` ազատ ոճի ու հունահռոմեական ըմշամարտի, սամբոյի և ձյուդոյի մարզիչները։ «Այս փոփոխությունների իրականացմամբ մարտից արդեն մանկավարժներն ու մարզիչները հնարավորություն կունենան դիմելու ատեստավորման համար։ Ապրիլին կանցկացվի ատեստավորումը, մայիսից՝  կսկսեն վճարվել ատեստավորման անհրաժեշտ արդյունքներ ցույց տված մասնագետների հավելավճարները»,-ասել է նախարարը:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խնդիրն այն է, որ պետք է հանրապետությունում և՛ մասնագիտական, և՛ բովանդակային առումով կրթության հասանելիությունը դարձնել համահարթ: «Հիմա մենք ոլորտի ամենաշատ մասնագետներ ունեցող ուղղություններն ենք ընտրում, հաջորդ  փուլերում արդեն մյուս  մասնագետներին  էլ այդ հնարավորությունը կտանք»,-ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև, որ բոլոր տեսակի մարտահրավերներին կառավարության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ. «Սրվող մարտահրավերների ֆոնին մենք առավել մեծ ուշադրություն պետք է դարձնենք կրթության, գիտության, մշակույթի ոլորտներին, որովհետև բոլոր մեր հետազոտությունները, ուսումնասիրությունները, եզրակացությունները բերում ենք նրան, որ այս ոլորտում մեր ռազմավարական ներդրումներն են, որ ինչ-որ մի կետի բերելու են գլոբալ առումով այն խնդիրների լուծմանը որևէ բանաձևով, որը մենք այսօր ունենք»:

Այդ համատեքստում վարչապետը հանձնարարել է աշխատանքներ սկսել Հայաստանի Հանրապետությունում արվեստի և սպայական ավագ դպրոցներ ստեղծելու ուղղությամբ։ «Ուզում եմ խնդիր դնել, որ հենց այս պահից սկսենք աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում արվեստի և սպայական ավագ դպրոցներ ստեղծելու ուղղությամբ։ Այս առումով խնդիր եմ առաջադրում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին այդ երկու տարբեր ավագ դպրոցների կրթական հատուկ ծրագրերը նախապատրաստելու առումով։ Իհարկե, սպայական ավագ դպրոցի պարագայում պետք է շատ սերտ գործակցություն լինի Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Ներքին գործերի նախարարության և այն կառույցների հետ, որոնք իրենց ծառայության մեջ ունեն սպայական ծառայության բաղադրիչը։

 Պետք է առանձնահատուկ կրթական ծրագրեր ներդնենք այս երկու ավագ դպրոցներում։ Նախորդ փուլերում ինչ-որ աշխատանքներ այս ուղղությամբ արվել են, պետք է ուղղակի ամփոփվեն։ Եվ նաև Քաղաքաշինության կոմիտեին եմ խնդիր առաջադրում՝  սկսել նախագծման աշխատանքները, որոնք շատ սերտ կապի մեջ կլինեն բովանդակայնության հետ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարին խնդիր եմ առաջադրում, որ տեղորոշենք, թե որտեղ են ստեղծվելու այդ դպրոցները։ Երբ ասում եմ դպրոց ստեղծել, նկատի ունեմ ստեղծել զրոյից, այսինքն` բացառում եմ որևէ գոյություն ունեցող շենքերում այդ ուսումնական հաստատությունների տեղակայումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է նաև, որ  ավագ դպրոցները պետք է արդիական կրթական ծրագրեր, արդիական նորակառույց ենթակառուցվածք ունենան և հագեցած լինեն ոլորտի գերժամանակակից տեխնիկական միջոցներով։

Վարչապետը հանձնարարել է հետևողականորեն շարունակել կանխիկ դրամի շրջանառության կրճատման քաղաքականությունը. պետական հիմնարկներում կանխիկ դրամի շրջանառությունը պետք է բացառվի

 Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի  հետվճարի միջոցառման ընթացքին: Վարչապետը նշել է, որ  համակարգի ներդրման գործընթացը բարեհաջող է ընթանում: «Հիշում եք, որ մենք  2022 թվականի հունիսին կենսաթոշակառուների  և նպաստառուների կողմից անկանխիկ առևտրի գրեթե զրոյական,  չնչին շրջանառություն ունեինք: Եվ արդեն հուլիսին 524 մլն դրամի շրջանառություն է արձանագրվել, օգոստոսին՝ 846 մլն դրամի, սեպտեմբերին՝  1 մլրդ 412 մլն դրամի, հոկտեմբերին՝ 1 մլրդ 838 մլն դրամի,  նոյեմբերին՝  2  մլրդ 231 մլն դրամի, դեկտեմբերին՝ 2 մլրդ 742 մլն դրամի: Ըստ այդմ, մենք և ծրագրին մասնակցող բանկերը, որոնց կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել, հուլիսից մինչև այսօր 800 մլն դրամ վերադարձրել ենք քաղաքացիներին. հուլիսին՝ 44 մլն դրամ, օգոստոսին՝  74,4 մլն դրամ, սեպտեմբերին՝ 118,7 մլն դրամ, հոկտեմբերին՝ 151, 3 մլն դրամ, նոյեմբերին՝ 185,6  մլն դրամ, դեկտեմբերին  226 մլն դրամ: Դեկտեմբերին արդեն 67 հազար մարդ հետվճար է ստացել: Հետվճարի միջին չափը՝ 3401 դրամ է: Ստացվում է, որ այս համակարգից օգտվողների համար այս մեխանիզմով թոշակը 2022 թվականին ավելացրել ենք 6400 դրամով: Իհարկե, սա մի մեխանիզմ է, որի արդյունավետությունն այսօր մենք տեսնում ենք: Կենտրոնական բանկի նախագահը տեղեկացրել է նաև, որ  հանրապետությունում POS տերմինալների հասանելիության մինիմալ մակարդակն ապահովել ենք, և անկանխիկ շրջանառությունը զարգացնելու հնարավորություն կա: Իսկ այս հունվարի 1-ից 1000-ից ավելի բնակիչ ունեցող քաղաքացիներին կենսաթոշակները, նպաստները վճարում ենք միայն անկանխիկ եղանակով: Ինչի արդյունքում, միանշանակ է, որ այս թվերը պետք է աճեն: Եվ սա այն  դեպք է, երբ մենք սոցիալական քաղաքականությունն ավելի հասցեական են դարձնում: Ես ուզում եմ ընդգծել, որ կանխիկի շրջանառության կրճատման քաղաքականությունը հետևողականորեն պետք է շարունակել: Եվ ես ուզում եմ հետևյալ խնդիրն առաջադրել՝ պետական որևէ հիմնարկում պետք է բացառենք կանխիկ  դրամի շրջանառությունը», –ասել է կառավարության ղեկավարը:

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները ձեռք կբերեն միմյանց պետությունների տարածքներ նույնականացման քարտերով այցելելու իրավունք

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի և Վրաստանի միջև գործում է միմյանց քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ, որը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության քաղաքացիների՝ իրենց տարածքներով առանց վիզաների տեղաշարժման մասին» 1993թ. մայիսի 19-ի համաձայնագրով։ Ներկայումս անձը հաստատող փաստաթղթով ՀՀ քաղաքացիները Վրաստանի տարածքում կարող են գտնվել մինչև մեկ տարի ժամկետով, Վրաստանի քաղաքացիները ՀՀ տարածքում՝ առավելագույնը 180 օր` մեկ տարվա ընթացքում: 2020 թ. մարտի 3-ին Հայաստանի և Վրաստանի վարչապետների կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին» մտադրությունների հուշագիրը։

Կողմերը հայտնել են իրենց մտադրությունը համաձայնագիր կնքելու վերաբերյալ, որով կողմերի պետությունների քաղաքացիները ձեռք կբերեն միմյանց պետությունների տարածքներ նույնականացման քարտերով այցելելու իրավունք։ 2021 թվականի ապրիլ ամսին վրացական կողմին է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության քաղաքացիների իրենց տարածքներով առանց վիզաների տեղաշարժման մասին 1993թ․ մայիսի 19-ի համաձայնագրում լրացում կատարելու մասին» արձանագրության նախագիծը։ Սակայն, ի պատասխան արձանագրության նախագծի, վրացական կողմը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև քաղաքացիների համար փոխադարձ առանց վիզաների տեղաշարժման մասին» համաձայնագրի նոր նախագիծ, որով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել 1993 թ. մայիսի 19-ի համաձայնագիրը։ Վերջին տարիներին Հայաստանից Վրաստան այցելությունների թիվը հետևողականորեն աճել է։ Մասնավորապես, համաձայն Վրաստանի տուրիզմի ազգային գործակալության տվյալների՝ 2011 թ.-ին Հայաստանից Վրաստան այցելությունների թիվը կազմել է շուրջ 562 հազար այցելու, իսկ արդեն 2019 թ.-ին՝ 1 միլիոն 365 հազար այցելու։ 2020 թ.-ին, COVID-19 համավարակով պայմանավորված, Հայաստանից Վրաստան այցելությունների թիվը զգալիորեն նվազել է (շուրջ 260 հազար այցելու)։ Համաձայնագիրը առնչվում է նաև Վրաստանում բնակվող մեծաթիվ հայ բնակչության դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ տեղաշարժի հարցին։ Նշենք, որ համաձայն Վրաստանում անցկացված վերջին մարդահամարի տվյալների (2014թ.)՝ Վրաստանում բնակվող հայերի թիվը կազմում է շուրջ 168 հազար մարդ, որից մոտ 53 հազարը՝ Թբիլիսիում, 81 հազարը՝ Սամցխե-Ջավախեթիի շրջանում, 21 հազարը՝ Քվեմո Քարթլիի շրջանում, 5 հազարը՝ Աջարիայում։

Նիկոլ Փաշինյանը կարորել է ընդունված որոշումը փոխադարձ այցելությունները դյուրացնելու առումով. «Իհարկե, սա շատ կարևոր որոշում է, բայց նաև որոշակի հարակից ռիսկեր կլինեն, որոնք կառավարելու հարցում, կարծում եմ, մեր վրաց գործընկերների հետ մենք արդյունավետ աշխատելու որևէ սահմանափակում չունենք և այդ ուղղությամբ կաշխատենք: Իմիջիայլոց, ուզում եմ հաճույքով նշել, որ մենք սպասում ենք Վրաստանի պատվիրակությանը՝ վարչապետ Ղարիբաշվիլիի գլխավորությամբ: Երևանում տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը և այդ նիստի շրջանակում մենք այսօր հույս ունենք նաև այս համաձայնագիրը ստորագրել:  Ըստ այդմ՝  Հայաստանի, և Վրաստանի քաղաքացիները սահմանը հատելիս կարող են օգտագործել, ունենալ միայն նույնականացման քարտ և անձնագրի կարիք չի լինի: Իհարկե, այն քաղաքացիները, ովքեր չունեն նույնականացման քարտ, նրանց անհրաժեշտ կլինի անձնագիր»:

Այդ համատեքստում վարչապետը ընդգծել է նոր սերնդի նույնականացման քարտերի թողարկման անհրաժեշտությունը. «Մենք հույս ունենք, որ նոր սերնդի նույնականացման քարտերի թողարկմանն ուղղված մեր գործողությունները կլինեն հնարավորինս արդյունավետ:  Այդ ժամանակակից միջոցը միայն այդ պլաստիկը չէ, այլ ավելի կարևոր է նրանում առկա բովանդակությունը, պարունակությունը, և իմիջիայլոց, նույնքան կարևոր է այդ բովանդակության հետագա սպասարկումը և թարմացումները: Մենք սկզբունքորեն պլաստիկի մասն ունենք, բայց այդ պլաստիկի հատվածով մնացել ենք մի 15 տարի առաջվա տեխնիկական հնարավորությունների սահմաններում, որը, ցավոք, այսօր մեր միջազգային պահանջները չի բավարարում: Հիմա մի այնպիսի համակարգ ենք ներդնելու, որն արդեն ժամանակի հետ զրոյից սկսելու կամ կեսից շարունակելու անհրաժեշտություն չունենանք, ինքն այսպես ընթացս շարունակվի»:

Թեմայի առնչությամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է. «Ուզում ենք ունենալ մի կրիչ, որը թե՛ թվային ենթակառուցվածքի իմաստով, թե՛ տվյալների իմաստով պարունակի ամբողջ այն տեղեկատվությունը, որը մարդուն անհրաժեշտ է լինելու որևէ պարագայում ու որևէ դեպքում: Մենք ենթադրում ենք ունենալ համակարգ, որը թույլ կտա թողարկել իդենտիֆիկացիայի քարտեր, որոնք կպարունակեն շատ ավելի շատ տեղեկատվություն, քան այսօրվա անձնագիրն է: Մենք հիմա ավարտեցինք, համաձայնացրեցինք միջազգային տենդերի պայմանները: Կարծում եմ՝ մոտ ժամանակներում կհրապարակենք և մրցույթն ամփոփելուց հետո, 6 ամսվա ընթացքում արդեն փաստացի ծրագրի իմպլեմենտացիան կսկսվի»:

Գործադիրի հավանությանն է արժանացել նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական/պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Համաձայնագրի ստորագրումը կնպաստի տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, մասնավորապես՝ պաշտոնական փոխայցելությունների խթանմանը: Հարկ է նշել, որ վերջին շրջանում զգալիորեն աշխուժացել են քաղաքական շփումները երկու երկրների դիվանագետների միջև, սպասվում է նաև ՀՀ և ԼԺԺՀ արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդատվությունների կանոնավոր ձևաչափի ստեղծում։ Համաձայնագրի նպատակն է՝ յուրաքանչյուր կողմի պետության՝ դիվանագիտական և պաշտոնական/ծառայողական վավեր անձնագրեր ունեցող քաղաքացիներին ազատել միմյանց տարածք մուտքի, տարանցման և կեցության արտոնագրի պահանջից: Այն կվկայի երկու երկրների միջև բարձր մակարդակի հարաբերությունների հաստատման մասին, ինչը կարևոր նախապայման է հարաբերությունների բոլոր ուղղություններով ակտիվացման հարցում։

Այլ որոշումներ. Կառավարությունը  մոտ 115 մլն դրամ կհատկացնի Լաչինի միջանցքի փակումից հետո Հայաստանում ապաստանած արցախցիների համար

ՀՀ կառավարությունը 114 850 900 ՀՀ դրամ կհատկացնի՝ 2022թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի 506 քաղաքացիների կեցությունը և սնունդը ապահովելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ արցախցիները հյուրընկալվել են Երևան քաղաքի և Գորիս համայնքի 17 հյուրանոցներում: 96 միլիոն դրամը կհատկացվի Սյունիքի մարզպետարանին՝ հյուրանոցների ծախսերի փոխհատուցման համար, իսկ 18 միլիոնը՝ Երևանի քաղաքապետարանին։

Կառավարության որոշմամբ «Միտռատեքս» ՍՊԸ կներառվի «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում: Ընկերությունը նախատեսում է գործունեություն ծավալել բարձր և նորարարական տեխնոլոգիաների, մասնավորապես՝ բժշկական և ատամնաբուժական գործիքների ու սարքերի արտադրության և արտահանման ոլորտում։     Ծրագրի շրջանակում՝ 2022-2027 թթ., իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 820,000 հազ. դրամ: Ծրագրի ընթացքում կստեղծվի 29 նոր աշխատատեղ` 323.5 հազար դրամ ամսական աշխատավարձով: Արտադրության/արտահանման մոտավոր տարեկան ծավալները նախատեսվում է 57,000 հազ. դրամից  հասցնել մինչև 511,000 հազ. դրամի՝ 5 տարում ընդհանուր հասցնելով 1,420 հազ. դրամի։

Գործադիրը հավանություն է տրել նաև  «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է լրացնել ՀՀ օրենսդրության մեջ առկա մի շարք բացերը և ոչ ամբողջական կարգավորումները՝ նպատակ ունենալով բարձրացնել ՀՀ դատախազության գործունեության արդյունավետությունը: Նախագծերի ընդունմամբ հստակորեն կսահմանազատվեն նաև դատախազների խմբի ղեկավարի և անդամների լիազորությունների շրջանակները:

Հավանության է արժանացել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: արդյունքում՝ առողջապահության բնագավառում 2002 թվականից ի վեր տրված լիցենզիաները կվերանայվեն, տեխնիկական, գույքային և կադրային հագեցվածությունը կհամապատասխանեցվեն արդի պահանջներին, ինչը կնպաստի ՀՀ-ում բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031