Լրահոս
Օրվա լրահոսը

Սկզբնաղբյուրի նկատմամբ չկա որևէ  հերքման կամ  դատական պահանջ, այդ պահանջն իմ նկատմամբ է. բնապահպան

Հունվար 12,2023 15:08

«Սկզբնաղբյուրի նկատմամբ չկա որևէ  դատական պահանջ, ոչ մի  պահանջագիր չի ուղարկվել , ոչ մի դատական հայց չի ներկայացվել սկզբնաղբյուրի նկատմամբ, որպեսզի իրենք հերքեն իրենց իսկ տեսանյութը կամ գրառումները, բայց այդ պահանջը ուղարկվել է  ինձ,  և հայցը ներկայացվել է հենց իմ դեմ: Կարծում եմ՝ սա կոնկրետ առիթ էր կոնկրետ դատական  ակտից հետո, երբ «Լիդիան Արմենիա» ընկերությունը  Վերաքննիչ դատարանում կարողացավ ստանալ մի ակտ, որտեղ գրված էր, որ  ես պետք է իրենց վճարեմ 1 մլն 224 հազար դրամ, այժմ էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանն  է,  դատական նման անարդար  ակտից հետո, օգտվում առիթից և նման հայց է ներկայացնում իմ դեմ»: Այս մասին այսօր «Մեդիա»  կենտրոնում հայտարարեց «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը:

Նրա խոսքով, չլինելով տեղեկատվության սկզբնաղբյուր, ինքը կապ է հաստատել տեսանյութերը հրապարակողների հետ, որոնք պնդել են վթարի պատճառով Ողջի գետի աղտոտման փաստը:

Տեղեկացնենք, որ  բնապահպանը դեկտեմբերի 1-ին ֆեյսբուքյան գրառում էր արել. «Երեկ կրկին վթարվել է ԶՄՊԿ-ի պոչամբար գնացող խողովակաշարը, կրկին աղտոտվել է Ողջի գետը, կրկին քրեական գործ է հարուցվել ու կրկին կմոռացվի, ծածկադմփոց կարվի, կանցնեն առաջ»: ԶՊՄԿ-ի ներկայացուցիը դատական հայց է ներկայացրել Երևանի Առաջին ատյանի դատարան. պահանջում է հերքում և վնասի փոխհատուցում՝ 6 մլն դրամի չափով։ Սա էլ հիմք էր հանդիսացել, որպեսզի այսօր «Մեդիա»  կենտրոնում կազմակերպվի քննարկում՝ «Ճնշումներ բնապահպանների հանդեպ. ինչո՞ւ են փորձում լռեցնել նրանց» թեմայով:

Քննարկման հենց մեկնարկին  գրառման հեղինակը տեղեկացրեց, որ ինքը չէ այդ տեղեկության սկզբնաղբյուրը. «Իրավատեր կապանցիներ»  բնապահպանական ՀԿ-ն է նոյեմբերի 30-ին ահազանգել, որ  վթար է տեղի ունեցել, աղտոտվել է  Ողջի գետը, առկա են դրա մասին տեսանյութերն ու սքրին-վիդեո տարբերակները, ես բաց աղբյուրներն եմ ուսումնասիրել  և տեսել եմ, որ շատ լրատվամիջոցներ գրառումներում օգտագործել են  «պայթուն պոչամբարում» և նման ձևակերպումներ: Ինչպես ընթերցեցիք, ես «պայթուն պոչամբարում» նման ձևակերպմամբ որևէ գրառում չեմ արել, ես նշել եմ, որ  պոչամբար գնացող խողովակաշարն է վնասվել»: Ի պատասխան քննարկումը վարող Լիլիթ Ավագյանի «Կներեք, մինչ Ձեր գալը հերքում չի եղել, չէ՞» դիտարկման՝  բնապահպանն ասաց,- «Նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին նկատել եմ, որ  ընկերությունը հերքում է հրապարակել առ այն, որ պոչամբարում վթար տեղի չի ունեցել, նույն ձևակերպմամբ էլ ինձ է հերքումը ուղարկել, մինչդեռ ես նմա տեքստ չեմ էլ հրապարակել , որ հերքում տամ: Արդյունքում, իրենց փաստաբանը նույն տեքստը ինձ է ուղարկել և 6 մլն. դրամ փոխհատուցման պահանջով դատարան է դիմել»:

Նրա խոսքով՝ թեպետ, ընկերության կողմից վարույթ  սկսելու համար պետտուրքը վճարված է, սակայն ինքը տեղյակ չէ՝ վարույթ սկսվե՞լ է, թե՞ ոչ:

Քննարկմանը մասնակցում էին նաև «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանը և  «Համայնքային համախմբման  և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031