Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան․ «Եթե մինչեւ հիմա Ադրբեջանում գերության մեջ էին 145 հայեր, հիմա նրանց ավելացել է եւս 120 հազարը»

Հունվար 12,2023 14:15

Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսելով Արցախի՝ արդեն  30 օր շրջափակման մեջ գտնվելու մասին՝ ասաց․ «Նախկինում էլ Ադրբեջանը նման բաներ կարճաժամկետ արել է։ Եթե դա առաջ Արցախի շրջափակում էր, հիմա գերություն է։ Այսինքն, եթե մինչեւ հիմա Ադրբեջանում գերության մեջ էին 145 հայ գերիներ, հիմա նրանց ավելացել է եւս 120 հազարը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, կարծում եմ, դրա գլխավոր խոսույթը եւ նպատակն այն էր, որ նա Ալիեւի հետ զուգահեռ պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանն Արցախի հետ այլեւս ոչ մի առնչություն չունի։ Նա չի ասում Արցախի Հանրապետության նախագահ, Արցախի Հանրապետության օրինական ընտրված իշխանություն, այլ օգտագործելով նույն Ալիեւի տերմինաբանությունը՝ ասում է թող Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչները ադրբեջանցիների հետ ուղիղ բանակցեն։ Հիմա հարց է առաջանում․ այդ խնդիրը, որ նրանք անմիջականորեն պետք է բանակցեն, դու լուծե՞լ ես։ Օրինակ, Ալիեւի հետ պայմանավորվե՞լ ես, որ ինքը Արայիկ Հարությունյանի հետ ուղիղ բանակցի։ Չես արել։ Այսինքն, թողել ես բախտի քմահաճույքին։ Ինքը եւ իր թիմակիցները սա բացատրում են, որ ժամանակին Արցախը դուրս է եկել բանակցություններից ու հիմա այնպես են նկարագրում, թե Արցախը վերադառնում է բանակցությունների սեղանի շուրջ։

Բայց իրականում իրենք նույնիսկ Արցախի իշխանությունը չեն ընդունում Հայաստանում։ Ասում են՝ Ստեփանակերտի բնակի՞չ ես, Մարտակերտի բնակի՞չ ես, թուրքը գալու է, չէ՞, դե կնստեք հետները կխոսեք՝ ուզո՞ւմ եք մնալ, թե՝ չէ։ Իսկ Ալիեւն իր զուգահեռ ասուլիսում ասում է, թե  նրանք, ովքեր չեն ուզում դառնալ մեր քաղաքացի, Ստեփանակերտից Գորիս ուղղությունը բաց է, թող նստեն ռուս խաղաղապահների բեռնատարները կամ իրենց ավտոբուսները ու դուրս գան Արցախից։ Խնդիր չկա։ Ու դա ասում է լկտի հեգնանքով։

Նույնիսկ կապիտուլյացիոն հայտարարության մեջ գրված է, որ բռնի տեղահանված փախստականները պետք է վերադառնան իրենց բնակության վայրերը։ Եվ այդ կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրած Հայաստանի վարչապետը ոչ մի քայլ չի իրականացրել։ Երկու տարի պարբերաբար հանդիպել է, չէ՞ Ալիեւի հետ, եռակողմ հայտարարություններ են ստորագրվել։ Ու բոլոր տեղերում էլ գրված է․ հետեւել նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի պահպանմանը։

Երկրորդ ամենավտանգավոր խնդիրը, որ կա, սա ռուսներին համարում է հայ ժողովրդի թշնամի։ Ժողովրդի ֆիզիկական կյանքը վտանգված է, ինքն ասում է փոխվարչապետի գլխավորությամբ հանձնաժողով եմ ստեղծել Արցախին հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար։ Ախր, մեկը լինի, այդ փոխվարչապետին օգնի։ Հիմա կոնկրետ հարց։ Նա ինչո՞վ է օգնել Արցախին, եթե մինչեւ հիմա Արցախի ճանապարհը փակ է, Արցախում մանկական կեր չկա, դեղորայք չկա, տակդիրներ չկան, սնունդ չկա, վառելիք չկա։ Հայաստանից ինչո՞վ եք դուք օգնում Արցախին։ Ասում է՝ Արցախի ֆինանսավորման ծավալը մեծացրել ենք։ Դա նշանակում է, որ մարդուն նստացնես բանտ, փողը դնես կողքն ու ասես․ «Տես՝ քեզ ինչքան փող եմ տվել»։

Մյուսը։ Ասում է՝ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է։ Մարդկության պատմության մեջ չի եղել, որ պետության ղեկավարը հայտարարի, որ իր պետության երաշխավորը մեկ այլ պետություն է։ Օրենք են գրել, այս կառավարությունը հավանություն է տվել մի օրենքի նախագծի ու ներկայացրել ազգային ժողով, որ ով խոսի ինքնիշխանության դեմ, պետք է դատվի։ Դե տարեք դատեք, հենց ձեր գրած օրենքով։ Որովհետեւ մեր անվտանգությունն ապահովելը ինքնիշխան պետության կարեւորագույն գործառույթներից եւ սկզբունքներից մեկն է։ Այսինքն, պետության գլխավոր գործառույթը իր ինքնիշխանության ապահովումն է։ ՀՀ սահմանադրության մեջ գրված չի, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը Ռուսաստանն է երաշխավորում։ Այլ գրված է, որ ՀՀ անվտանգությունը, սահմանների ապահովությունը երաշխավորում են ՀՀ զինված ուժերը, որոնք ենթարկվում են կառավարությանը։ Եվ դա հիմնական ֆունկցիան է։ Եթե դու քո հիմնական ֆունկցիան չես կատարում, ո՞նց ես պատկերացնում, որ մի այլ պետություն պետք է լինի քո անվտանգության երաշխավորը։

Հիմա գանք Արցախին։ Արցախի ժողովրդի անվտանգությունը հո ռուս խաղաղապահնե՞րը չեն երաշխավորում։ Արցախի ժողովրդի անվտանգությունը երաշխավորում է  Արցախի իշխանությունը, Արցախի պաշտպանության բանակը։ Սա դասագրքային ճշմարտություն է։ Մի կողմից ասում է, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, մյուս կողմից էլ, թե Ռուսաստանը դարձել է Հայաստանի անվտանգության սպառնալիք։ Ու այս ամենի մեջ տրամաբանական ոչինչ գոյություն չունի։ Նրա ասածից մի բան է պարզ։ Որ Արցախը Հայաստանի հետ կապ չունի՝ ուզում են, թող սոված մնան, դեղ չունենան, ոչինչ չունենան։ Իրենք են ու ադրբեջանցիները»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031