Մինչեւ շրջափակումը դեպի Արցախ դեղորայքի մատակարարումը կատարվում էր ՀՀ-ից, ինչը հիմա անհնար է դարձել եւ խնդիրների հանգեցրել․ Արցախում կան մարդիկ, որոնք որոշակի պարբերականությամբ մեկնում էին ՀՀ եւ այլ երկրներ՝ քիմիաթերապիա, լազերային ճառագայթում ստանալու եւ այլ տեսակի բուժումների համար, ինչը մեկ ամիս է՝ խաթարված է։ Այս մասին այսօր Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մեկ ամսվա առիթով Արցախի հանրային հեռուստաընկերության կազմակերպած առցանց քննարկման ժամանակ հայտարարեց Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը։
Նրա փոխանցմամբ՝ այս ընթացքում Կարմիկր խաչի օժանդակությամբ Արցախից միայն 16 մարդ է տեղափոխվել ՀՀ։ «Բոլոր բուժհիմնարկներում դադարեցված են պլանային վիրահատությունները, որպեսզի պահուստային դեղորքայքը ծառայի ավելի երկար։ Հանրապետական ԲԿ-ում մինչեւ շրջափակումը ամսական 250 վիրահատություն էր կատարվում, իսկ այս ընթացքում կատարել ենք միայն 90-ը՝ սուր ցուցումներով։ Երեխաների մի մասը պարբերաբար մեկնում էր ՀՀ՝ բուժօգնություն ստանալու համար։ 93 նման երեխա ունենք։ 88 երեխա էպիլեպսիա ունի։ Երեխաների մի մասն ունի նաեւ պարբերական հիվանդություն, շաքարային դիաբետ։ Լաբորատոր հետազոտությունների մի մասը եւս հնարավոր չէ իրականացնել,-նշեց Մհեր Մուսայելյանը։
Նա նաեւ ասաց, որ բուժսարքավորումների մի մասը ՀՀ-ում ինժեներների կողմից պարբերաբար զննում էր անցնում, ինչը եւս հիմա հնարավոր չէ, իսկ Ստեփանակերտում աշխատող տասը բժիշկները մնացել են ՀՀ-ում․ մասնագետների պակաս կա։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ