«Գործ ունենք ամենատարրական ապատեղեկատվության հետ, որը պարզ էր նույնիսկ շրջաբերականի տեքստից։ Շրջաբերականն ուղարկվել էր իմ՝ նախարարի տեղակալ եղած ժամանակ եւ վերաբերում էր բացառապես մեկ դեպքի՝ որ զինվորական բնույթ կրող կառույցները, որտեղ կա զենքի առկայություն, զինված մարդկանց ելումուտ, ինչպես զորամասերն են կամ տարբեր այլ ռազմական միությունները, որպեսզի դրանք չտեղակայվեն դպրոցների շենքերում»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն՝ անդրադառնալով համացանցում շրջանառվող իր շրջաբերականին, ըստ որի, նա հանձնարարել է զերծ մնալ ցանկացած ռազմականացված կառույցի որեւէ ուսումնական հաստատությունում տարածքի տրամադրումից, քանի որ Հայաստանը միացել է «Անվտանգ դպրոցներ» հռչակագրին։
Նախարարն ասաց, որ խոսքը ոչ թե պարապմունքների, խմբակների, տարբեր տիպի ուսումնական ծրագրերի մասին, որոնք եղել են, անցկացվում են եւ նաեւ նոր չափորոշիչների շրջանակներում պետք է շատ ավելի արդյունավետ ու գործնական դառնան, օրինակ` ռազմամարզական ճամբարը դառնում է պարտադիր 11-րդ դասարանցիների համար, այլ խոսքը վերաբերել է զինված բնույթ ունեցող կառույցներին դպրոցական եւ ուսումնական շենքերի տարածքից հեռու պահելու մասին․ «Նմանատիպ խնդիրներ պարբերաբար տարբեր իրավիճակներում առաջացել են, եւ դա առաջին հերթին որեւէ իրավիճակում թիրախ է դարձնում ուսումնական հաստատությունը, եւ այստեղ դա միջազգային այն նորմն է, որը պետք է ապահովել կրթական հասատատությունների անվտանգության համար։ Ինչպես նշեցի՝ դա վերաբերում է բացառապես նշված կառույցները հաստատության շենքում տեղակայելուն»։
Դիտարկմանը, որ ռազմագիտության դասընթացները ուղեկցվում են զենքի ուսումնասիրությամբ, նախարարը պատասխանեց՝ դրանք ուսումնական զենքեր են․«Դպրոցում գտնվող բոլոր զենքերը եւ համապատասխան նյութերը նախ պահվում են հատուկ պայմաններում եւ դրանք այնպիսի մուլյաժներ են, այնպիսի վիճակի բերված գործիքներ են, որոնք անվտանգ են երեխաների համար»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ