«Ամենակարեւորը, որ մեր ժողովուրդը եւ կառավարությունը միասին են աշխատում այս ճգնաժամային իրավիճակում։ Միասնությունը հիմնված է՝ հասկանալով իրավիճակի ծանրությունը։ Լուրջ խնդիրներ կան վառելիքի, բենզինի հետ կապված։ Ամենօրյա կյանքը շատ է վատացել։ Խնդիրներ ունենք, տնտեսության վիճակը լիովին փոխվել է, որովհետեւ մատակարարումների, հանքերի հնարավորություն չկա։ Մարդկանց աշխատանքի ապահովման խնդիր ունենք։ Իրավիճակն իսկապես ծանր է»,-Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մեկ ամսվա առիթով Արցախի հանրային հեռուստաընկերության կազմակերպած առցանց քննարկման ժամանակ հայտարարեց Արցախի հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Պետք է հասկանալ, որ ՌԴ խաղաղապահները եւ Կարմիր խաչը մի քանի մեքենա է մտցրել, բայց մենք շատ փոքր չափի օգնություն ունենք։ Սա ավելի խորքային պայքար է՝ մեր ինքնության եւ անկախության համար։ Սա ապագա ունենալ-չունենալու հարց է մեր հողի վրա։ Միաժամանակ, շատ մեծ կամք եմ տեսնում մարդկանց մեջ։ Երբ Ադրբեջանի նախագահն ասում է, որ ով չի ուզում ապրել՝ թող հեռանա, դա բացահայտում է, որ ճանապարհը փակված է, եւ նպատակն էթնիկ զտումներն են»,-շեշտեց Ռուբեն Վարդանյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ