Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընտանիքների հզորացման, ըստ գնահատված կարիքի աջակցություն տրամադրելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փոխգործակցության հուշագիր է կնքել 44-օրյա պատերազմի նահատակ Կարո Հովագիմյանի հիշատակին նվիրված «Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամի հետ։
Հուշագիրը, որը ստորագրվել է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանի և հիմնադրամի տնօրեն Սարկիս Հովագիմյանի կողմից, նախատեսում է հիմնադրամի կրթական, բժշկական և սոցիալական աջակցություն տրամադրելու արդյունավետ փորձը կիրառել նաև նախարարության ենթակայությամբ գործող՝ երեխաների ցերեկային և շուրջօրյա խնամքի հաստատություններում մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ։
«Բարձր եմ գնահատում Ձեր առաքելությունը՝ հիմանդրամի միջոցով վառ պահել Կարո Հովագիմյանի հիշատակը։ Սա պատերազմից հետո իրականացվող այն նախաձեռնություններից է, որի հիմքում գաղափար ու կյանք է դրված, ու որը լիարժեք ծառայում է իր նպատակին։ Ուրախ կլինենք իրականացնել թիրախային ծրագրեր՝ համատեղ ջանքերով»,- հուշագրի ստորագրման արարողության ժամանակ ընդգծել է նախարար Մկրտչյանը։
Կարդացեք նաև
Օգտագործելով նախարարության և գործընկեր կազմակերպության ներուժը՝ կողմերը համագործակցելու են նաև շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող երեխաների ընտանիքների հետ վերամիավորման և մի շարք այլ ուղղություններով։
ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ