ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է սահմանել հեռավար և համակցված հեռավար եղանակներով աշխատանքների կազմակերպման ընթացակարգերը։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում դիտարկումներ և առաջարկ է ներկայացրել Նախագծի վերաբերյալ։
Դրական գնահատելով աշխատանքային հարաբերությունների կարգավորման արդի մեխանիզմներ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված Նախագծով առաջարկվող լրացումները և փոփոխությունները, հարկ է նշել, որ Նախագծով առաջարկվող հեռավար աշխատանքի կազմակերպման հետ կապված որոշ կարգավորումներ խնդրահարույց են և հակասում են հեռավար աշխատանքի կարգավորման վերաբերյալ Եվրոպական տնտեսական և սոցիալական հարցերով կոմիտեի «Հեռավար աշխատանքի մարտահրավերները. աշխատաժամանակի կազմակերպումը, աշխատանքի և կյանքի միջև հավասարակշռության պահպանումը և միացած չլինելու իրավունքը» վերնագրով կարծիքում արտահայտված սկզբունքներին։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 244-րդ հոդվածը սահմանում է, որ գործատուն պարտավոր է ապահովել աշխատանքի նորմալ պայմաններ, որպեսզի աշխատողները կարողանան կատարել աշխատանքի նորմաները: Այդպիսի պայմաններ են անհրաժեշտ նյութերի և գործիքների պատշաճ որակը և դրանք ժամանակին տրամադրելը, որոնք անհրաժեշտ են աշխատանքի կատարման համար։
Կարդացեք նաև
Նախագծի 2-րդ հոդվածի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխատանքը հեռավար կամ համակցված հեռավար եղանակներով կատարելու դեպքում անհրաժեշտ նյութերի և սարքավորումների, աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ միջոցների ձեռք բերումը պետք է իրականացնի աշխատողը։ Ավելին, Նախագծով չի սահմանվում նաև, որ նշված հարցի լուծումը կարող է կարգավորվել կողմերի՝ գործատուի և աշխատողի փոխադարձ համաձայնությամբ։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ