Կառավարությունը մոտ 115 միլիոն դրամ կհատկացնի Լաչինի միջանցքի փակման հետեւանքով Սյունիքի ու Երեւանի հյուրանոցներում ապաստանած արցախցիների ծախսերի փոխհատուցման համար։ Նման որոշում կայացվեց այսօր՝ հունվարի 12-ին կայացած նիստում։ Ըստ հիմնավորման՝ դեկտեմբերի 12-ից սկսած Երեւանի եւ Գորիսի 17 հյուրանոցներում հյուրընկալվել է շուրջ 506 քաղաքացի։ 96 միլիոն դրամը կառավարությունը հատկացրեց Սյունիքի մարզպետարանին՝ հյուրանոցների ծախսերի փոխհատուցման համար, իսկ 18 միլիոնը՝ Երեւանի քաղաքապետարանին։
Չնայած ծախսերի մեծ մասը տրամադրել է կառավարությունը, սակայն որոշ ընկերություններ նույնպես Սյունիքի մարզպետարանի միջոցով աջակցել են Սյունիքում ապաստանած արցախցիներին։ Սյունիքի մարզպետարանից Aravot.am-ին տեղեկացրին, որ ընկերությունները նվիրաբերություն են արել Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամին, որտեղից էլ գումարները ծախսվել են այդ նպատակով։ Հիմնադրամին նվիրաբերություն են արել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Աժդանակ» ու «Քարավան» ՍՊ ընկերությունները։
Գորիսում ժամակավորապես ապաստանած արցախցիներին օգնել են նաեւ միջազգային եւ հասարակական կազմակերպություններ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հագուստ, գրենական պիտույքներ է տրամադրել․ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը՝ տաք հագուստ, Հայկական Կարմիր խաչը բարեկամների տներում գտնվող մի քանի ընտանքի սնունդ, հիգիենայի պարագաներ, մանկական կեր ու դեղորայք է հատկացրել, ինչպես նաեւ երեխաների համար ժամանցային միջոցառումներ են կազմակերպել։ Միաժամանակ Կարմիր խաչի Գորիսի կառույցը երեխաների ծննդյան օրերին գեղեցիկ անակնկալներ եմ մատուցել։
Արցախցիներին աջակցել է նաեւ «Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպությունը, մասնավորապես, Երեւանում ապաստանածներին սննդի փաթեթներ են տրվել։ Գորիսում՝ արցախցի երեխաների համար միջոցառումներ են կազմակերպում՝ հոգեբանական աջակցություն, հյուրասիրություն, նաեւ երեխաներն այցելում են զարգացման կենտրոններ։ Բացի երեխաներից, մեծահասակների համար էլ են ծրագրեր իրականացնում։ «Կապ ենք պահպանում Գորիսի համայնքապետի տեղակալի հետ, ու եթե այդ ընտանիքները որեւէ բանի կարիք են ունենում՝ աջակցում ենք»,-ասաց «Մարդը կարիքի մեջ» ՀԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն Վարդ Դադունցը։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ