Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մամուլի ասուլիսում հնչեցրած այն հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է պայմանագիր ստորագրել ռուսական առաջարկների հիման վրա:
Մեկնաբանության մեջ ասվում է.
«Դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանը, երբ միևնույն հարցի վերաբերյալ պաշտոնական Երևանի դիրքորոշումը միանգամայն տարբեր է: Նույն մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ռուսական առաջարկների հիման վրա պայմանագիր ստորագրելու մտադրության մասին և միաժամանակ՝ Արևմուտքի կողմից առաջարկվող հակամարտության ինչ-որ «համալիր լուծման» նախապատվություն տալու մասին:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանություններում մանրամասն շարադրվել է ռուսական ջանքերի ժամանակագրությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ղարաբաղյան խնդրի լուծման միջազգային մեխանիզմների շրջանակում, այդ թվում 2020թ. նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտարարության և դրան ուղեկցող պայմանավորվածությունների իրականացման մասով:
Կարդացեք նաև
Երևանի համաձայնությունը` Բաքվի հետ խաղաղության պայմանագրի մշակման գործում հենվել 1991թ. Ալմաթիի հռչակագրի վրա, ինչն ամրագրված է 2022թ. hոկտեմբերի Պրահայի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ, արմատապես փոխել է բանակցային գործընթացի տրամաբանությունը: Ալմաթիի հռչակագրում ամրագրված է Խորհրդային Միության Հանրապետությունների միջև գոյություն ունեցած սահմանների անխախտելիոությունը: Այդ պահին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանական ԽՍՀ մաս էր: Անկասկած, այդ հանգամանքը շատ բարդ է անտեսել Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացում:
Կցանկանայինք նաև հիշեցնել, որ 2022թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում խաղաղության պայմանագրի շուրջ: Դրան համաձայնություն տվել էին երկու երկրների առաջնորդները: Դրա անցկացման համար ամեն ինչ նախապատրաստվել էր: Բայց հենց հայկական ղեկավարությունը վերջին պահին չեղարկեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը: Դա խանգարեց քննարկել ոչ միայն խաղաղության պայմանագիրը, այլև հայ-ադրբեջանական կարգավորման այլ կարևոր հարցեր, այդ թվում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը:
Եթե հայ գործընկերներն իսկապես շահագրգռված են բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ հայտարարությունների համալիր իրականացման տրամաբանությամբ նշված խնդիրների լուծման հարցում, ապա սխոլաստիկայով զբաղվելու փոխարեն անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը: Ռուսական առաջարկը՝ հարթակ տրամադրել հայ-ադրբեջանական կարգավորման համար, շարունակում է մնալ ուժի մեջ»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ