ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվում են ՀՀ-ում գործող կուսակցություններից մեկի հավաքին մասնակցելու նպատակով անձանց առերևույթ նյութապես շահագրգռելու դեպքի հանգամանքները:
ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում համացանցի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված՝ լրատվամիջոցի կողմից սոցիալական ցանցում հրապարակված «ՀՅԴ-ականները շարունակում են փողով մարդ բերել» վերտառությամբ ձայնագրության առթիվ 2022 թվականի օգոստոսի 25-ին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ, Ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն՝ քննությանը հետաքրքրող մի շարք էական հանգամանքներ պարզելու նպատակով։
ՀՀ ՔԿ Մասիսի քննչական բաժնի և Ոստիկանության ծառայողների համագործակցված և համակարգված ծավալուն գործողությունների արդյունքում նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ հեռախոսային խոսակցությունը տեղի է ունեցել Արարատի մարզում 2022 թվականի հունիսի 20-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում` նույն մարզի Փոքր Վեդի համայնքի 67-ամյա բնակիչ Գ․Մ․-ի և Բարձրաշեն համայնքի 56-ամյա բնակիչ, Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու անդամ Ա․Մ․-ի միջև։
Կարդացեք նաև
Պարզվել է, որ խոսակցությունը վերաբերել է ՀՀ-ում գրանցված կուսակցություններից մեկի կողմից կազմակերպված հանրահավաքներին մասնակցելու գործընթացը կազմակերպելուն և նշված միջոցառմանը մասնակցելու նպատակով մի քանի անձանց միջոցով այլ քաղաքացիների նյութապես շահագրգռելուն։ Քննությամբ պարզվել են նաև ձայնագրության մեջ նշվող այն անձանց ինքնությունը և տվյալները, որոնց միջոցով կարող էր կազմակերպված լինել վերոնշյալ գործընթացը։
Դատարանի համապատասխան որոշման հիման վրա այդ գործընթացին հնարավոր առնչություն ունեցող մի քանի անձանց՝ Արարատի մարզի տարբեր համայնքներում գտնվող բնակարաններում 2023թ․ հունվարի 11-ին կատարվել են խուզարկություններ, ինչպես նաև քննչական և վարութային այլ գործողություններ։
Խուզարկության արդյունքում առգրավվել են «Հայաստան դաշինք» գրառմամբ թղթապանակներով տասնյակ թղթեր, որոնք գրառումներ են պարունակում բազմաթիվ անձանց անձնական և անձնագրային տվյալների, ստորագրությունների, ընտրատեղամասերի, գումար ստանալու, ինչպես նաև դրանից հրաժարվելու վերաբերյալ։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով 2023 թվականի հունվարի 11-ին ձերբակալվել է երեք անձ։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ առերևույթ հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու, դրան առնչություն ունեցող այլ անձանց հայտնաբերելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե