Կառավարության այսօրվա նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Լաչինի միջանցքի շրջափակմանը, նշելով՝ ապօրինի շրջափակումը Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 32 օր։ Փաշինյանն ասաց, որ երկուշաբթի օրը խափանվել է Լեռնային Ղարաբաղին Հայաստանից էլեկտրաէներգիա մատակարարող էլեկտրագծի աշխատանքը․ «Խափանումը տեղի է ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, եւ մինչեւ այս պահը վերականգնողական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն չի ընձեռնվել ո՛չ Լեռնային Ղարաբաղի համապատասխան ծառայություններին, ո՛չ խաղաղապահներին, ո՛չ էլ որեւէ տեղեկություն կա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու կամ ընթացքի վերաբերյալ»:
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղին էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումը նոր խնդիրներ է ստեղծել․ սկսվել են հովհարային անջատումներ, քանի որ էլեկտրական հոսանքի տեղական հզորությունները չեն բավարարում, մանկապարտեզները գործում են ոչ լիարժեք, այդ թվում՝ չափանիշներին համապատասխանող սննդի բացակայության պատճառով, փակվում են աշխատատեղեր՝ էլ ավելի սրելով սոցիալական վիճակը ԼՂ-ում։
«Իմ գնահատականը շարունակում է մնալ նույնը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը սեփական հայրենիքում ապրելու՝ Լեռնային Ղարաբաղի հայության կամքը կոտրելու նպատակ ունի։ Բայց հավատում եմ, որ այդ կամքն անկոտրում է։ Մյուս կողմից մենք պետք է նաեւ որոշակի պատկերացում ունենանք, թե ինչպես պետք է հանգուցալուծվի այս իրավիճակը։ Այս հարցում էլ, իմ ընկալմամբ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ։ Սա նշանակում է՝ առաջին հերթին վերջին տարիների զարգացումների, դրանց խորքային իմաստների եւ պատճառների հետ պետք է առերեսվել այն կտրվածքով, որ իրադարձությունների , իրադրությունների մեր գնահատականները պետք է լինեն փաստահեն։ Այս առումով նախ պետք է խուսափել իրադրությունը է՛լ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, որովհետեւ վերջնակետին հասնելու հստակ պատկերացումներով չզուգորդված հայտարարությունները որեւէ օգուտ չեն տալիս։ Եվ հետո՝ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ պետք է սկսվի քաղաքական խոսակցություն, եւ Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերները պետք է հնարավորություն չտան, որ որեւէ մեկն իրենց մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու կամ նման խոսակցությունն անհնար դարձնելու մեջ»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է, եւ չպետք է անել քայլեր, որոնք ցանկալի են այդ էսկալացիայի սցենարը մշակողների համար․ «Այս սադրանքի եւ էսկալացիայի նպատականերից մեկը Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ քաղաքական եւ պաշտոնական խոսակցության ակնհայտ անհրաժեշտությունը քողարկելն է ու օրակարգից դուրս մղելն է։ Չպետք է արվեն գործողություններ, որոնք նպաստում են այս սադրիչ խնդրի լուծմանը»։
Կարդացեք նաև
Փաշինյանն ասաց, որ ՀՀ դիվանագիտական ծառայությունը, արտաքին կապեր ունեցող ՀՀ բոլոր գերատեսչությունները պետք է կրկնապատկեն ջանքերը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի միջազգային տեսանելիությունը մեծացնելու եւ տարբեր ատյաններում քննարկման առարկա դարձնելու ուղղությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ