«Ազատություն». Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության հետևանքով քաղաքական լարվածությունն ու աճող անպաշտպանվածությունն է գերիշխել Հայաստանում անցած տարվա առանցքային իրադարձություններում, Human rights watch-ն է բնութագրում իր ամենամյա զեկույցում։
«Քաղաքական ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է մեղադրել, բողոքի ակցիաներ անցկացրել՝ պահանջելով նրա հրաժարականը», – այսօր հրապարակված փաստաթղթում նշում է Նյու Յորքում գործող միջազգային կառույցը։
Աշխարհի մոտ հարյուր երկրների թվում անդրադառնալով նաև Հայաստանում տիրող իրավիճակին՝ հեղինակավոր կազմակերպությունը մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր է արձանագրել ինչպես Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով, այնպես էլ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության պատճառով։
Վատ վերաբերմունք կալանավայրերում
Կարդացեք նաև
HRW-ը տարիներ ի վեր ահազանգում է հայաստանյան կալանավայրերում բռնությունների և վատ վերաբերմունքի դեպքերի մասին՝ այս զեկույցում էլ ընդգծելով, որ խնդիրն այժմ էլ լուծված չէ, մեղավորները հաճախ մնում են անպատիժ՝ «հարուցված գործերը հիմնականում կարճվում են հանցակազմի բացակայության կամ կասկածյալի ինքնությունը չպարզելու հիմնավորմամբ»։
Զեկույցի հեղինակները նկատել են, որ Հայաստանում խոշտանգումը քրեականացվելուց յոթ տարի անց դատարանը ընդամենը մեկ վճիռ է կայացրել՝ յոթուկես տարվա ազատազրկման դատապարտելով նախկին բանտային պաշտոնյայի։
Ուժի անհամաչափ կիրառում ընդդիմադիրների նկատմամբ
HRW-ը Հայաստանի իրավապահ համակարգի ներկայացուցիչներին քննադատել է նաև անցած տարվա ընթացքում խաղաղ հավաքները խոչընդոտելու համար: Իրավապաշտպանները մասնավորապես առանձնացրել են մայիսին և հունիսին ընդդիմության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից ուժի անհամաչափ կիրառման դեպքերը։
Իրավապահները հիշեցնենք՝ ավելի քան կես տարի է քննում են՝ իրավաչափ էր արդյո՞ք հանրահավաքը հատուկ միջոցներով ցրելու՝ ոստիկանության որոշումը։ Մեղադրյալ, սակայն, ինչպես ընդդիմության ցույցերի ընթացքում ոստիկանության գործողությունները քննող մյուս գործերի դեպքում, չկա։
Լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի աճ
Բռնություններ են կիրառվել լրագրողների նկատմամբ՝ ընդ որում, այդ դեպքերը աճել են, հղում անելով հայաստանյան կազմակերպությունների զեկույցներին արձանագրում է միջազգային կառույցը՝ մանրամասնելով՝ անցած տարի 13 լրագրող բռնության է ենթարկվել ինչպես պետական պաշտոնյաների, այնպես էլ մասնավոր անձանց կողմից, միջադեպերի մեծամասնությունը տեղի է ունեցել ընդդիմության տարբեր բողոքի ակցիաների ժամանակ:
Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Human Rights Watch ը ամեն ինչ շատ ճիշտ է նկատել։ Մարդիկ իրենց գործի պրոֆեսիոնալն են, որը իհարկե ՔՊ ի ու իր առաջնորդի համար անհասկանալի կատեգորիա է։ Պրոֆեսիոնալիզմը պոպուլիզմով փոխարինած իշխանությունները պատուհաս են երկրի գլխին