Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի ճամփորդել Հայաստան եւ Վրաստան

Հունվար 12,2023 11:36

Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի ճամփորդել Հայաստան եւ Վրաստան։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության այսօրվա նիստի օրակարգից, որտեղ ընդգրկված է որոշման նախագիծ, ըստ որի՝ հավանություն է տրվում «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Արտաքին գործերի նախարարության՝ նախագծի վերաբերյալ հիմնավորման մեջ նշված է՝ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գործում է միմյանց քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ, որը սահմանվում է «ՀՀ-ի եւ Վրաստանի Հանրապետության քաղաքացիների՝ իրենց տարածքներով առանց վիզաների տեղաշարժման մասին» 1993թ. մայիսի 19-ի համաձայնագրով։ Ներկայում անձը հաստատող փաստաթղթով ՀՀ քաղաքացիները Վրաստանի տարածքում կարող են գտնվել մինչեւ մեկ տարի ժամկետով, Վրաստանի քաղաքացիները ՀՀ տարածքում՝ առավելագույնը 180 օր` մեկ տարվա ընթացքում:

2020 թվականի մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի վարչապետների կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջեւ քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին» մտադրությունների հուշագիրը։ Կողմերը հայտնել են իրենց մտադրությունը համաձայնագիր կնքելու վերաբերյալ, որով կողմերի պետությունների քաղաքացիները ձեռք կբերեն միմյանց պետությունների տարածքներ նույնականացման քարտերով այցելելու իրավունք։

2021 թվականի ապրիլին վրացական կողմին է ներկայացվել համաձայնագրում լրացում կատարելու մասին արձանագրության նախագիծը։ Սակայն, ի պատասխան արձանագրության նախագծի, վրացական կողմը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ քաղաքացիների համար փոխադարձ առանց վիզաների տեղաշարժման մասին» համաձայնագրի նոր նախագիծ, որով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել 1993 թվականի մայիսի 19-ի համաձայնագիրը»։

Ըստ հիմնավորման, համաձայնագիրը առնչվում է նաեւ Վրաստանում բնակվող մեծաթիվ հայ բնակչության դեպի Հայաստան եւ հակառակ ուղղությամբ տեղաշարժի հարցին։ Համաձայն Վրաստանում անցկացված վերջին՝ 2014 թվականի մարդահամարի տվյալների, Վրաստանում բնակվող հայերի թիվը կազմում է շուրջ 168 հազար մարդ, որից մոտ 53 հազարը՝ Թբիլիսիում, 81 հազարը՝ Սամցխե-Ջավախեթիի շրջանում, 21 հազարը՝ Քվեմո Քարթլիի շրջանում, 5 հազարը՝ Աջարիայում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031