Թշնամու խոսքին, խայծին, տեղեկատվական ու հոգեբանական գրոհներին կուլ գնալ պետք չէ, բայց թշնամու խոսքն անտեսելը ճիշտ չէ. երբեմն այն լավագույնս է հուշում մեր հաջորդական քայլերի տրամաբանությունը։ Թուրքիայի ԱԳ նախարարն անթաքույց շեշտում է, որ Անկարան աջակցում է Բաքվին, շարունակելու է աջակցել եւ կոչ է անում Հայաստանին անմիջապես, վայրկյան առաջ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիրը, որովհետեւ, միեւնույն է, Երեւանը դրսից որեւէ բան չի ստանա։ Թուրքիայի նախկին վարչապետ եւ ԱԳ նախարարն էլ հայտարարում է, որ «հիմա ճիշտ ժամանակն է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու», որովհետեւ «Հայաստանն ունի քաղաքական եւ տնտեսական խնդիրներ, եւ պայմանները հարմար են, որպեսզի Թուրքիան կարողանա ստանալ այն, ինչ ցանկանում է»։ Այսինքն՝ այն պահից, երբ մենք քաղաքատնտեսական խնդիրներ չունենանք, թյուրքական կողմն իր ձեռքից բաց կթողնի «հարմար պայմանները»։
Թուրքիան չափազանց անկեղծ է եւ այս առումով մեզ համար կանխատեսելի։ Ադրբեջանի հետ ամեն ինչ անելու է միշտ «հարմար պայմաններ» ունենալու՝ մինչեւ իր վերջնական նպատակին հասնելը։
Չկա՛ թյուրքական կողմից բացառապե՛ս Արցախին ներկայացված կամ միա՛յն Հայաստանին ներկայացված պահանջ։ Յուրաքանչյուր պահանջ ե՛ւ Արցախին, ե՛ւ Հայաստանին է վերաբերում` միաժամանա՛կ։ Ելքեր չգտնելը կործանարար է լինելու հայկական երկու պետությունների համար էլ, ու չափազանց կարեւոր է, որ սա Հայաստանում հասկանան մեր հանրության որոշ շերտեր։ Որովհետեւ առանձին հումանիտար կամ առանձին էներգետիկ ճգնաժամ չի լինում։ Հետեւանքները քաղելու ենք բոլորս։
Պատահական չէ, որ հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահ Ալիեւի՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում բոլոր երգերը այսպես ասած «Զանգեզուրի միջանցքի» մասին էին։ Թյուրքական հատվածի կովկասյան այս տարրը առանց այլեւայլությունների, շատ հստակ ցուցանել է, թե ինչ է իրենց համար այդ միջանցքը։
Կարդացեք նաև
1.«Զանգեզուրի միջանցք» ծրագիրը մեզ համար ոչ միայն տնտեսական եւ տրանսպորտային, այլեւ ռազմավարական ծրագիր է, այս նախագծի իրականացումը մեր բնական իրավունքն է»,- նշել է նա: Ի դեպ, սա՝ ի գիտություն բոլոր նրանց, ովքեր «հավատում» էին, որ թյուրքի ուզածը տրանսպորտային ապաշրջափակումն է։
2.Բնական իրավունքից խոսում է մի պետության ղեկավար, որի պետությունը արհեստածին է, բնօրրան չունի։ Բնօրրան ունենում են ազգերը, ոչ ցեղախմբերը։ Պատմության ու իրականության կեղծարարներից, սակայն, այլ բան սպասելը միամտություն կլինի։
3.Կեղծիք է նաեւ այն, թե «Զանգեզուրի միջանցքի» իրագործման հարցն արտացոլված է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թ.նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Եվ երբ դիտարկում եղավ, թե այդ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա, Ալիեւը չհերքեց էլ.«Ճիշտ է, այնտեղ «Զանգեզուրի միջանցք» բառ չկա, որովհետեւ դրանից հետո «Զանգեզուրի միջանցք» տերմինը ներառեցի աշխարհաքաղաքական լեքսիկոնում»։ Սա էլ՝ ի գիտություն մեր իրականությունը ճիշտ չգնահատողների, այն է՝ քանի դեռ մենք քաղաքականապես ու տնտեսապես թույլ ենք, թյուրքական կողմը «աշխարհաքաղաքական լեքսիկոնում» ինչ ուզի, կարող է ներառել։
4.Ալիեւը շարունակում է.«Մեզ համար այդ միջանցքը ռազմավարական նախագիծ է եւ ոչ միայն մեզ, այլեւ մի քանի հարեւան երկրների եւ մեծ աշխարհագրության համար»:
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: