Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես մաքրել թոքերը բնական եղանակներով

Հունվար 12,2023 09:30

Մեր թոքերը մշտապես ենթարկվում են ամենատարբեր փորձությունների՝ ամեն օր կրելով աղտոտված օդի, ծխախոտի ծխի, շնչառական հիվանդությունների բացասական ազդեցությունները։ Սակայն լինելով «ինքնամաքրվող» օրգան՝ աղտոտիչների ազդեցության դադարից հետո թոքերն ընդունակ են վերականգնվելու։

Կան մի քանի մեթոդներ, որոնք կարող են նպաստել թոքերի մաքրմանը

Թոքերի մասին հոգալու լավագույն եղանակն, իհարկե, թոքերն աղտոտող գործոններից խուսափելն է, սակայն ժամանակակից կյանքում դա գրեթե անհնարին է, ուստի կարող են կիրառվել հետևյալ մեթոդները՝

1. Գոլորշու թերապիա

Գոլորշու ներշնչումը կամ ինհալացիան բացում է շնչառական ուղիները, նպաստում լորձի ջրիկացմանը։ Շնչուղիների հիվանդություններ ունեցող մարդիկ թերևս նկատել են, որ իրենց ախտանշանները սրվում են սառը և չոր օդի դեպքում, իսկ գոլորշին տաքացնում ու խոնավացնում է օդը՝ բարելավելով շնչառությունը։ Գոլորշու ներշնչումը շնչուղիների մաքրմանն ու շնչառության բարելավմանը նպաստող միջոց է, սակայն դեռևս անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, որոնք կպարզեն, թե որքանով է գոլորշու թերապիան օգտակար թոքերի առողջության համար։

2.Վերահսկվող հազ

Հազն օրգանիզմի պաշտպանիչ ռեակցիաներից մեկն է, որի միջոցով շնչուղիներն ազատվում են օտար մասնիկներից, թոքերում կուտակված լորձից։

Վերահսկվող հազը յուրօրինակ վարժություն է, որը նույնպես կարող է նպաստել լորձի ջրիկացմանն ու հեռացմանը։ Այս մեթոդը խորհուրդ է տրվում թոքերի խրոնիկ հիվանդություններ (օրինակ՝ թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն) ունեցող մարդկանց։ Վարժության իրականացման եղանակը շատ պարզ է․

  • Նստեք աթոռին՝ թուլացնելով ուսերը,
  • ձեռքերը դրեք որովայնին,
  • քթով դանդաղ ներշնչեք
  • այնուհետև դանդաղ արտաշնչեք՝ թեքվելով առաջ և ձեռքերով թեթևակի սեղմելով որովայնը։
  • 2-3 անգամ հազացեք արտաշնչելիս՝ բերանը կիսաբաց պահելով։
  • Մի քանի վայրկյան հանգստացեք և կրկնեք վարժությունը։

3. Վարժություններ պառկած դիրքով

Պառկած դիրքով իրականացվող շնչառական այս վարժությունները նույնպես նպաստում են թոքերից լորձի դուրսբերմանը․

Վարժություն մեջքի վրա

  • Պառկեք մեջքի վրա հատակին կամ մահճակալին։
  • Ազդրերի տակ բարձ դրեք այնպես, որ կրծքավանդակը ազդրերից ցածր լինի։
  • Դանդաղ ներշնչեք քթով և արտաշնչեք բերանով։ Արտաշնչելը պետք է երկու անգամ ավելի երկար տևի, քան ներշնչելը։
  • Կրկնեք շնչառական այդ վարժությունը (1։2 շնչառություն) մի քանի րոպե։

Վարժություն կողքի վրա

  • Պառկեք կողքի վրա՝ գլխի տակ ձեր ձեռքը կամ բարձ դնելով։
  • Ազդրերի տակ բարձ դրեք և կրկնեք 1։2 շնչառությունը մի քանի րոպե։
  • Այնուհետև վարժությունը կրկնեք՝ մյուս կողքի վրա թեքվելով։

Վարժություն որովայնի վրա

  • Հատակին բարձեր դրեք և որովայնով պառկեք այդ բարձերի վրա այնպես, որ ազդրերը կրծքավանդակից բարձր լինեն։
  • Ձեռքերը դրեք գլխավերևում։
  • Կատարեք 1։2 շնչառական վարժությունը մի քանի րոպեի ընթացքում։

4. Ֆիզիկական վարժություններ

Ֆիզիկական կանոնավոր վարժություններն ընդհանուր առմամբ բարելավում են մարդու ֆիզիկական ու հոգեկան առողջությունը՝ նվազեցնելով տարբեր հիվանդությունների զարգացման վտանգը, այդ թվում՝ թոքերի։
Վարժությունների շնորհիվ շնչառությունն արագանում է՝ հագեցնելով մկանները թթվածնով, արագանում է նաև արյան շրջանառությունը, ինչի շնորհիվ օրգանիզմն արդյունավետորեն հեռացնում է ածխաթթու գազը։ Սակայն ֆիզիկական վարժությունները կարող են դժվար տրվել թոքերի խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց, ուստի նախապես անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ՝ ընտրելու համար ակտիվության այն տարբերակը, որն առավել նպատակահարմար կլինի պացիենտի համար։

5. Կանաչ թեյ

Կանաչ թեյը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք կարող են նվազեցնել բորբոքային գործընթացները։ Այդ միացությունները կարող են նաև պաշտպանել թոքի հյուսվածքը ծխախոտի ծխի բացասական ազդեցությունից։
2018 թ․-ին 1000 հոգու մասնակցությամբ Կորեայում անցկացված հետազոտության արդյունքներով մարդիկ, որոնք օրական 2 բաժակ կանաչ թեյ են խմել, թոքերի ավելի լավ վիճակ են ունեցել, քան նրանք, որոնք կանաչ թեյ չեն օգտագործել։

6. Հակաբորբոքային ազդեցություն ունեցող մթերքներ

Շնչուղիների բորբոքումը դժվարացնում է շնչառությունը և կարող է կրծքավանդակում ծանրության զգացում առաջացնել։ Հակաբորբոքային ազդեցությամբ առանձնացող մթերքների օգտագործումը կարող է նվազեցնել բորբոքումն ու թեթևացնել հիշյալ ախտանշանները։

Այդ մթերքներից են՝

  • Կանաչեղենը,
  • լոլիկը,
  • հատապտուղները,
  • բալը,
  • կեռասը,
  • ձիթապտուղը,
  • ընդեղենը,
  • լոբազգիները,
  • ոսպը
  • քրքումը և այլն։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Նյութի աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031