Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում անհրաժեշտ է հիմնադրել մոդեռն պարի թատրոն

Հունվար 12,2023 13:00

Հարցազրույց խորեոգրաֆ, Երեւանի պարարվեստի պետական քոլեջի մոդեռն պարի բաժնի հիմնադիր Ռիմա Պիպոյանի հետ

– Հարգարժան Ռիմա, վերջին շրջանում ձեր գործունեության մասին տեղեկանում ենք արտասահմանյան մամուլից, օրինակ՝ 2022թ. աշնանը բուլղարական Marica պարբերականի տեղեկացմամբ,  ձեր խորեոգրաֆիայով բեմադրել եք «Chaconne in «K» existence» ներկայացումը՝ կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանի երաժշտությամբ, որը համաշխարհային պրեմիերա է։ Իսկ անցյալ տարվա հունվարին հեղինակավոր Aerowaves խորեոգրաֆների միջազգային կազմակերպության կողմից ճանաչվել եք Եվրոպայի լավագույն խորեոգրաֆներից մեկը։ Բնականաբար, ձեր գործընկերները ծանոթ են ձեր գործունեությանը, ինչը չենք կարող ասել մեր հանդիսատեսի դեպքում։ Մինչդեռ ձեր մասին խոսելիս հիշատակվում է Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնում, եթե չենք սխալվում՝ 2015թ. իրականացված ընդամենը մեկ աշխատանքի՝ «Մեղապարտ կրքեր» ժամանակակից խորեոգրաֆիայով իրականացրած բեմադրության մասին՝ Բեթհովենի սիմֆոնիաներից հատվածներով։ Ստացվում է՝ ձեր «պրոդուկտին» ավելի շատ ծանոթ է արտասահմանցի հանդիսատեսը, քան մեր։

– Համակարծիք եմ ձեր դիտարկմանը։ Երկար ժամանակ՝ շուրջ 15 տարի, հիմնականում հրավերներով տարբեր նախագծեր եմ իրականացնում Եվրոպայի տարբեր երկրներում։ Այո, անցյալ տարի, ինչպես նշեցիք, ճանաչվեցի Եվրոպայի լավագույն խորեոգրաֆներից՝ Ալվա Նոտոյի եւ Լեւոն Մինասյանի երաժշտությամբ «Me, My non- Self and T» բեմադրության համար, որն իրականացրել եմ Հայաստան-Ուկրաինա համագործակցության շրջանակներում։ Հանդես եկանք ես եւ Կիեւի օպերայի եւ բալետի թատրոնի առաջատար մենակատար Վլադիսլավ Բոնդարը։ Ինչ վերաբերում է Բուլղարիայում ներկայացված բեմադրությանը, նշեմ, որ մինչ Սոֆիայում եւ Պլովդիվում ներկայացված պրեմիերաները, Պլովդիվի արվեստի ակադեմիայում վարպետության դասընթացներ էի վարում, զուգահեռ այս բալետի բեմադրական աշխատանքները սկսելու համար համացանցում միջազգային կանչ էր հայտարարված։ Աշխարհի տարբեր ծայրերից մեծ արձագանք ունեցավ այն, ես ընտրեցի 4 պարողի՝ Ուրուգվայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից եւ Իտալիայից։ Բեմադրական աշխատանքները տեւեցին շուրջ մեկ ամիս։ Պրեմիերային ներկայացումները մեծ արձագանք ունեցան մամուլի կողմից։ Հիմա ես եւ Սերգեյ Ումրոյանը մեծ ցանկություն ունենք այն ներկայացնել նաեւ Երեւանում։

Հաճելի է լսել, որ այստեղ առիթի դեպքում դեռեւս հիշում են «Մեղապարտ կրքեր» ներկայացումը։ Երազանքս է մեր թատրոնում բեմադրել Ստրավինսկիի «Սրբազան գարունը», նաեւ Տերտերյանի երաժշտությամբ մեկ բեմադրություն։
– Իսկ ի՞նչն է խոչընդոտում դրան։

– Յուրաքանչյուր նախագիծ նախեւառաջ ակնկալում է ֆինանսական միջոցներ։ Արտասահմանում այդ մասին հոգում է հրավիրող կողմը։ Կներեք սուպեր անկեղծության համար (ժպտում է- Ս. Դ.), գուցե Երեւանի թատրոնից էլ ստանամ հրավեր, մանավանդ՝ նույնիսկ դրսից նկատելի է մաեստրո Դուրգարյանի ուշադիր վերաբերմունքը բալետային արվեստին։ Ասվածիս վկայությունն են Արա Ասատուրյանի երկու աշխատանքները՝ «Ռախմանինովի Սիմֆոնիկ պարերը» եւ Վաչե Շարաֆյանի երաժշտությամբ «Ձգողականությունը»։

– Դասավանդում եք Երեւանի պարարվեստի քոլեջում, հիմնադիր ղեկավարն եք քոլեջի մոդեռն պարի բաժնի…

– Ուսումնական տարվա ավարտին քոլեջը կունենա մոդեռն-պար բաժինն ավարտած առաջին սերունդը։ Նշեմ, որ այս մասնագիտությունը տարածաշրջանում միայն մեզ մոտ է։

Տեսարաններ Ռիմա Պիպոյանի բեմադրություններից։

– Գիտենք, որ ձեր կապերի շնորհիվ արտասահմանից հրավիրվել են մասնագետներ, որոնք քոլեջի սաների հետ անցկացրել են վարպետության դասընթացներ։ Հետաքրքիր է՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում քոլեջի այդ բաժնի առաջին շրջանավարտներին, որովհետեւ, բացի օպերայի եւ բալետի թատրոնից, չկա պետական հոգածության տակ գտնվող համապատասխան ոչ մի մշակութային օջախ։

– Մտածում եմ օգնել որոշ շրջանավարտների՝ ուսումը շարունակելու կամ կատարելագործվելու նպատակով մեկնել Եվրոպա։ Ինչ վերաբերում է մեզ մոտ հիմնական աշխատանք ունենալուն, այո, մեզ մոտ պարզապես ընտրություն չկա։ Սա մտահոգում է նաեւ մեր քոլեջի տնօրեն Դավիթ Գալստյանին։ Նա էլ այս խնդրի լուծման միակ ուղին տեսնում է Երեւանում համապատասխան թատրոն հիմնելու մեջ, որտեղ, բնականաբար, կբեմադրվեն զուտ ժամանակակից խորեոգրաֆիայով ներկայացումներ։

– Տա Աստված, որ այս տարի գոնե մեկ ներկայացում իրականացնեք Երեւանում, թեեւ համոզված ենք, որ արդեն հրավերներ ունեք արտասահմանից։ Կխոսե՞ք դրանց մասին։

– Մեկ-երկուսի մասին կտեղեկացնեմ, բայց առանց փակագծեր բացելու։ Ամռանը Բեռլինում կկայանա Ալեքսանդր Իրադյանի եւ Սերգեյ Ումրոյանի երաժշտությամբ բեմադրությանս պրեմիերան եւ բացառիկ հնարավորություն է ընձեռվել Շվեյցարիայի՝ Բեռնի օպերայի եւ բալետի թատրոնում իրականացնել ներկայացում։

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
11.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031