Ինչպես լեռնագնացության հանդեպ սերը հաղթեց իրավագիտությանն ու թվային մարկետինգին
«Լեռներդ կանչում են քեզ, հայրենիքի հանդեպ սերն ու այն գիտակցումը, որ հաճախ հենց լեռներդ են պահում քո երկիրը, արդեն բավական է, որ դու թողնես բոլոր գործերդ ու բարձրանաս լեռ՝ այդ ահռելի էներգիան հենց քեզ վրա զգաս»,- զրույցը սկսվում է Անիի այս հայտարարությամբ։ Երեւանում ծնված եւ մեծացած Անի Նաջարյանն ավարտել է «Գլաձոր» համալսարանի իրավագիտության բաժինը, ապա ուսումը շարունակել թվային մարկետինգի գծով, սակայն նրա իրական սերը լեռներն են։ Անին այժմ ակտիվ լեռնագնացությամբ է զբաղվում, իր առաջին արշավը հիշելով, ասում՝ երազանքներն իրականանում են, նրա մանկության երազանքը հենց լեռ բարձրանալն է եղել… «Ես դեռ փոքրուց ֆիլմերի միջոցով նայում էի, թե մարդիկ ինչպես են բարձրանում ու երազում էի, որ մի օր ես էլ բարձրանամ, սակայն կարծում էի, որ դա այդպես էլ երազանք կմնա։ Բայց մի օր, երբ դեռ 17 տարեկան էի, տեսա, որ դեպի Գութանասար արշավ կա, ես խմբից ոչ մեկին չէի ճանաչում, որոշեցի ռիսկի դիմել ու կատարել երազանքս, իսկ այժմ ես արդեն քսաներկու տարեկան եմ ու ամեն կիրակի տարվա ցանկացած եղանակի, անպայման, արշավում եմ»,-ասում է մեր զրուցակիցը։
Առաջին արշավական օրվա ընթացքում ինքնավստահությունը հաղթել է Անիին եւ էլ ավելի առաջ մղել՝ կատարելու իր երազանքը։ Ասում է, որ հենց առաջին արշավի ժամանակ է հասկացել՝ մինչ այդ պահը շատ բան է կորցրել, արշավների չմասնակցելու պատճառով. «Երբ հասանք լեռան ստորոտին, նայեցի դեպի լեռան գագաթն ու ինքս ինձ ասացի՝ ես հաստա՞տ կբարձրանամ։ Իհարկե, վստահ էի իմ ֆիզիկական ունակությունների վրա, բայց այդ ժամանակ ավելի շատ հոգեբանական պահն էր։ Բարձրանալու ընթացքը շատ հետաքրքիր էր, հիշում եմ, երբ հասանք խառնարանի մոտ, մի քանի ժամ քնեցի, շատ էներգիա էի ծախսել։ Դա իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր»։Ադրենալինով լի արշավները հիշելիս՝ Անին պատմում է, որ անգամ կարկուտի տակ են լեռ բարձրացել եւ իջել, երբեմն նաեւ կենդանիների «ուղեկցությամբ». «Հիշում եմ, մի օր Արագած էինք բարձրանում՝ հյուսիսային գագաթ, ամբողջ ճանապարհին շատ ուժեղ կարկուտ էր գալիս, ու մենք անգամ մտածում էինք հետ վերադառնալու մասին, բայց հասկացանք, որ եղանակը բացվում է ու շարունակեցինք մեր ճանապարհը։ Գագաթին արդեն եղանակը մոտ մեկ ժամով բացվեց։ Իջնելիս էլի նույնն էր… Մի վախենալու դեպք էլ եմ հիշում։ Արա լեռ էինք բարձրանում, բայց այս անգամ մեկ ուրիշ ճանապարհով, ու շատ ուժեղ մառախուղ էր, իմ տեսած ամենախիտ մառախուղն էր այն, անգամ մեկ մետրի վրա իրար չէինք տեսնում, հենց այդ պահին գայլի ձայներ լսեցինք ու մեր ընկերներից մեկը տեսել էր, թե ինչպես են գայլերը մեր կողքով վազելով իջնում, ես շատ էի վախեցել»։
Հարցին՝ ի՞նչն է օգնում առաջ ընթանալ՝ չնայած նշված բոլոր դժվարություններին, Անին հետեւյալ կերպ է պատասխանում. «Նպատակը, սերը, հատկապես հայրենիքի հանդեպ սերը, երբ գիտակցում ես, թե ինչ հզոր տեղ ես բարձրանում, այդ պահին, ինքնըստինքյան, բոլոր դժվարությունները հաղթահարվում են, դու էլ ավելի հզոր ես դառնում, հույզերդ են ավելի շատանում ու արդեն բոլոր դժվարությունները երկրորդական են դառնում։ Էլ չես զգում վախ, ցավ, միայն դրական հույզեր։ Երբ ներքեւից նայում ես լեռան գագաթին, որը շատ հաճախ կարող է չերեւալ, հաղթահարումը շատ բարդ է թվում, բայց երբ մի կողմ ես դնում վախերդ ու հասնում գագաթին, հասկանում ես՝ ինչքան ուժեղ ես»։
Անիի խոսքով, լեռան գագաթը հաղթահարելուց հետո գալիս է այն միտքը, որ ապրում ես լրիվ ուրիշ, տարբերվող կյանքով։ Խուստուփ հասնելու դժվարությունների մասին այժմ աղջիկը ժպիտով է հիշում. «Երբ գնացի Խուստուփ, ծնկներս վիրավոր էին, չէի կարողնում ծալել, մայրս չէր թողնում գնայի, բայց ես խոստացա, որ ուղղակի ընկերներիս հետ կլինեմ, կսպասեմ մինչեւ իրենք բարձրանան ու իջնեն։ Բայց ես, իհարկե, չէի կարող չբարձրանալ, ինձ թվում էր, որ Նժդեհի գրած «Խուստուփյան կանչերը» ինձ էր վերաբերվում, ես անձամբ ինձ վրա զգացի, թե Խուստուփն ինչքան հզոր է, երբ կանգնում ես ու նայում շուրջբոլորդ, իսկապես զգում ես Նժդեհի ուժի կանչը։ Այժմ իր տողերը կարդալիս՝ զգում եմ, որ ինքը մեզ հետ է, ինքը հենց Խուստուփում է, ու երբ Սյունիքի հետ կապված արտաքին վտանգներ են լինում, ես զգում եմ, որ Նժդեհյան շունչը շուտով կարթնանա, այդ շունչը բոլորիս մեջ է։ Ես Խուստուփից աննկարագրելի էներգիա եմ ստացել, չգիտեմ ոնց եմ առանց ծնկներս ծալելու բարձրացել ու իջել, հիշում եմ ճանապարհին ընկերներիցս մեկն ասաց՝ հենց իջնենք քեզ ծափահարելու եմ»։
Անին իր առջեւ դեռ շատ նպատակներ ունի, ասում է՝ առաջիկայում իրեն են սպասում Արարատը, Նեմրութը, Սիփանը. «Շատ եմ ուզում Արեւմյան Հայաստանում Նեմրութը, Սիփանը, Արարատը բարձրանալ, այս տարվա առաջնային նպատակներից է, որ անպայման բարձրանամ, պետք է այդ լեռների էներգիան եւս զգամ, նաեւ Էլբրուսն եմ շատ ցանկանում հիմա բարձրանալ»։ Հարցին՝ ինչի՞ն պետք է պատրաստ լինի մարդն ավելի քան 8 կիլոմետր բարձրության վրա, մեր զրուցակիցն այսպես է պատասխանում. «Հիմնականում պետք է պատրաստ լինել կենդանիներից պաշտպանվելու ձեւերին, կամ հաճախ անտառածածկ լեռներում կողմնորոշման հետ խնդիրներ են լինում, պետք է փորձել չմոլորվել, շատ կարեւոր է ինքնատիրապետումը արտակարգ իրավիճակներում։ Նաեւ պետք է պատրաստ լինել առանց ջրի եւ սննդի մնալուն, պետք է գիտակցել, որ լեռներում ամեն ինչ կարող է պատահել։ Շատ եմ կարեւորում դեղատուփի առկայությունը, որովհետեւ շատ դեպքերում այն կարող է նաեւ կյանք փրկել… Երբ ինձ հարցնում են, թե ո՞րն է քո ամենասիրելի լեռը, ես չեմ կարողանում պատասխանել, որովհետեւ իսկապես նրանք շատ յուրահատուկ են ու ամեն մեկն ունի իր կանոնները։ Ամեն մի լեռ ունի իր յուրահատկությունը ու ոչ մի լեռ չի կարող լինել վատը կամ լավը»:
Լեռնագնացությունից զատ, Անին հետաքրքրված է բլոգինգով։ Տիկտոկում եւ առհասարակ ինտերնետ ցանցում Անիին բոլորը ճանաչում են «ԱրեւԱնի» կեղծանվամբ, իսկ իր հոլովակները հիմնականում Հայաստանի չքնաղագեղ լեռների ու արշավական արկածների մասին են։ Ասում է. «Ես արեւ շատ եմ սիրում, ու այն ինձ միշտ ահռելի էներգիա է տալիս։ Մի անգամ նկար էի տեղադրել՝ արեւի տակ նկարվել էի, ընկերներիցս մեկը գրեց արեւ-Անի, դուրս շատ եկավ ու ես հենց այդ պահից դարձա արեւԱնին, Անի շատ կա, բայց հենց ասում են արեւԱնի, գիտեն, որ ես եմ»:
Ինչպես գրեթե բոլորին, Անիին եւս բլոգինգը սկսել է գրավել կարանտինի ժամանակ: Նա վարում է իր բլոգն արշավների, իր առօրյայի, կենդանիների, բնապահպանական խնդիրների մասին։ Ասում է, որ բացասական մեկնաբանությունների գրեթե չի հանդիպում, սակայն դրանց հանդիպելու դեպքում հիմնականում չի էլ հեռացնում։ «Ես իմ էջով փորձում եմ փոխել հայկական Տիկտոկը, սովորեցնել սիրել ու ճանաչել մեր երկիրը, ինչու ոչ՝ մնալ Հայաստանում»,- ասում է Անին։
Կարդացեք նաև
Հասմիկ ԱՆՏՈՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.01.2023