Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անկարան ու Բաքուն ընդդեմ Հայաստանի «պայքարի» հող են նախապատրաստում

Հունվար 12,2023 12:00

Օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվեց, սակայն Անկարան կշարունակի աջակցել` «Ադրբեջանի արդար պայքարը»

Անցյալ շաբաթ ՀՀ ԱԳՆ-ի պարզաբանումից հայտնի դարձավ, որ թուրքական կողմը տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը պարզաբանեց, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր: «Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի», – նշել էր խոսնակը։

Թուրքական լրատվականները եւս հաղորդեցին, հղում անելով դիվանագիտական իրենց աղբյուրներին, որ հունվարի 1-ից օդային բեռնափոխադրումների արգելքն արդեն հանված է։

Հայաստանը եւ Թուրքիան հայտարարել են, որ պատրաստվում են բացել սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար եւ թույլ տալ օդային ուղիղ բեռնափոխադրումների իրականացում։ Սա, շուրջ 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու երկրների հատուկ բանագնացների հանդիպումների արդյունքներն են. երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանները դեռ չեն բացվել, իսկ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացման մասին կրկին սկսեցին խոսել առաջին հայտարարություններից կես տարի անց։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման որոշակի քայլեր, այո, իրականացվում են, բայց արդյոք Անկարան Երեւանի հետ «առանց նախապայմանների» հարաբերությունների հաստատման է գնում:

Միանշանակ ոչ, քանի որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը թուրքական իշխանությունները չեն էլ թաքցնում, որ նաեւ իրենց նպատակն է:

Թուրքիայում առաջիկա ամիսներին նախընտրական շրջան է, իշխանությունները, թերեւս, ցույց են տալու, որ հարեւանների խնդիրները հարթելու, բոլորի հետ հաշտ ու համերաշխ ապրելու քաղաքական գիծ են որդեգրել:

Բայց արդյոք նախընտրական փուլ մտած թուրքական իշխանությունները մինչեւ առաջիկա ընտրությունները կբացե՞ն Հայաստանի հետ սահմանը, կամ դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն Հայաստանի հետ` արհամարհելով «եղբայրական Ադրբեջանի» շահերը: Հազիվ թե…

Տարբեր տարածաշրջանային խնդիրներում իր ձայնն ունեցող Անկարան հանդես է գալիս հավակնոտ քայլերով: Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել կառավարության նիստից հետո ու հավաստիացրել, որ Թուրքիան կշարունակի մեծացնել իր դրական ներդրումը համաշխարհային եւ տարածաշրջանային խնդիրների լուծման գործում ու շեշտել է. «Մենք կշարունակենք բացել խաղաղության եւ համագործակցության դռները»։

Էրդողանը նաեւ վստահեցրել է, որ ադրբեջանա-թուրքական հարաբերությունների մակարդակը գտնվում է գագաթնակետին: Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններն ու համագործակցությունը հասել են պատմության ամենաբարձր մակարդակին, նշել է Էրդողանը ու հավելել, որ Թուրքիան շարունակում է իր ջանքերը տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ուղղությամբ։

Գործնականում, սակայն, թուրքական իշխանությունները շարունակում են անվերապահ աջակցել ադրբեջանական իշխանությունների ագրեսիվ քաղաքականությանը:

Դեկտեմբերի վերջին, օրինակ, Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն 2022 թվականի ամփոփիչ ասուլիսում անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին՝ նկատեց, թե «անկասկած, Լաչինի ճանապարհին վերջին իրադարձությունները Հայաստանի համար անկեղծության քննություն կլինեն», ապա սպառնաց. «Եղբայրական Ադրբեջանի ընդերքը թալանելու փորձերն անընդունելի են»։

Տարեվերջին Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու դիվանագիտական գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ դեսպան Սերդար Քըլըչն էլ իր հերթին նշել է. «Պետք է գիտակցենք, որ գործընթացներից մեկում դրական տեղաշարժը դրականորեն է ազդում մյուս գործընթացների վրա, եւ նմանապես՝ գործընթացներից մեկում բացասական զարգացումը ազդում է մյուսի վրա։ Այս երկու գործընթացներն առանձին-առանձին են, բայց հնարավոր չէ լիովին տարանջատել իրարից»,- ասել նա։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Քըլըչն ասել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլում որոշակի դժվարություններ կան, բայց դրանք կապել է «դրսի միջամտությունների փորձերի հետ»։

Առկա խնդիրների լուծմանը պետք է հետամուտ լինեն տարածաշրջանի երկրները, ասել է նա՝ նկատելով, որ վերջին շրջանում Եվրամիությունը, ԵԱՀԿ-ն սկսել են միջամտել եւ խնդիրը միջազգայնացնել, ինչը թուրք դեսպանը սխալ է համարել։ «Տարածաշրջանային երկրները իրենց խնդիրներն իրենց նախաձեռնությամբ պետք է լուծեն եւ տեր կանգնեն դրանց։ Այս պահին մենք Ռուբինյանի հետ միասին հենց սա ենք փորձում անել»,- ընդգծել է Սերդար Քըլըչը։

Ապա թուրք դիվանագետը նշել է, որ եթե Հայաստանում ժողովրդի կենսամակարդակի բարձրացում եւ բարգավաճում է ակնկալվում, ապա դրա ուղին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն է. «Հիմա պատկերացրեք՝ երկու սահմանային անցակետ ունենք՝ մեկը երկաթուղային, մյուսը՝ ավտոճանապարհային, դրանք բացվելու պարագայում Ալիջան սահմանային անցակետի առջեւ Երեւանն է գտնվում, իսկ երկաթուղու համար նախատեսված Աքյաքա անցակետի դիմաց Գյումրին է գտնվում։ Այս ԱՄՆ- Ռուսաստանի դեմ իրականացվող տնտեսական պատժամիջոցների պայմաններում, եթե Հայաստանի հետ առեւտրի բնագավառում առկա խնդիրները հաշվի առնենք, սա Հայաստանի ժողովրդի կենսամակարդակի վրա կարող է շռնդալից ազդեցություն ունենալ»։

Մյուս կողմից՝ Անկարան շարունակ վստահեցնում է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացի, Հայաստանի հետ կապերը նորմալացնելու հարցում իր քայլերը համակարգում է Բաքվի հետ։

Օրերս Անթալիայում Ասիական խորհրդարանական վեհաժողովի XIII լիագումար նիստի շրջանակում հանդիպել են Թուրքիայի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահները, եւ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփն իր ադրբեջանցի գործընկեր Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը վստահեցրել է, որ Թուրքիան միշտ աջակցել է եւ կաջակցի Ադրբեջանի արդար պայքարին։

Ավելին, Թուրքիայի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանն «իր գործողություններով սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը»։ Նա «մտահոգություն է արտահայտել» հետկոնֆլիկտային շրջանում «Երեւանի ապակառուցողական գործողությունների վերաբերյալ» ու վստահեցրել է, որ այս հարցը «մտցնելու են միջազգային կառույցների օրակարգ»։ Մուստաֆա Շենթոփն ընդգծել է, որ Անկարան հայկական կողմից ակնկալում է Ռուսաստանի Դաշնություն-Ադրբեջան-Հայաստան եռակողմ պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարում։

Այսինքն, պաշտոնական Անկարան` Բաքվի հետ համահունչ հիմա ի լուր աշխարհի հայտարարում է, թե Հայաստանը «իր գործողություններով սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը», սա այն դեպքում, երբ մեկ ամիս է՝ Ադրբեջանը Արցախը կանգնեցրել է հումանիտար աղետի առջեւ: Այսինքն, Անկարան ոչ միայն արդարացնում է Բաքվի գործողությունները, այլեւ աջակցում «Ադրբեջանի արդար պայքարը»։

Փաստացի, Անկարան ու Բաքուն մերժում են Արեւմուտքի կողմից Լեռնային Ղարաբաղի խնդրով, Հայաստան-Ադրբեջան թեմաներով բանակցությունների անցկացումն առհասարակ, շարունակաբար շեշտելով, որ միակ հարթակը դա եռակողմ` Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան հարթական է, եւ ձեւաչափի շրջանակներում եռակողմ համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները, որոնց իրականացումը Անկարան ու Բաքուն ոչ միայն ակնկալում են Երեւանից, այլեւ պահանջում, իսկ հաճախ էլ` սպառնում։

Ո՞րն է պաշտոնական Երեւանի պատասխան քայլն Անկարայի մեղադրանքներին, թե` «Հայաստանը իր գործողություններով սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը»… Պարզ է, չէ՞, որ եթե այսպիսի մեղադրանքները հենց այնպես չեն հնչում, դրանք ինչ-ինչ պայմաններում հետեւանքներ են ունենալու, այսինքն` այս հայտարարություններն արվում են, որպեսզի հետագայում հող նախապատրաստվի արդարացնելու Անկարայի ու Բաքվի «պայքարի» մեթոդներն` ընդդեմ Հայաստանի:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 11.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031