Լրահոս
Օրվա լրահոսը

«Կինը» նշումը հնարավորություն չի տալիս միանշանակ կերպով նույնականացնել դրա հասցեատիրոջը

Հունվար 12,2023 13:30

Սահմանադրական դատարանի 3 դատավորներ՝ Ա. Թունյանը, Ե. Խունդկարյանը եւ Հ. Թովմասյանն այս գործով հայտնել են հատուկ կարծիքներ

Դատավոր Ա. Թունյանի հատուկ կարծիքի համաձայն՝ «դիմումն ակնհայտ անհիմն է, եւ գործի վարույթն ենթակա էր կարճման, իսկ որոշման եզրափակիչ մասում «շահագրգիռ անձի» կարգավիճակին վերաբերող դրույթներն ուղղակիորեն կապ չունեն վիճարկվող դրույթի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման հետ», իսկ ըստ Հ. Թովմասյանի՝ «Սահմանադրական դատարանն իրավասու չէ վերագնահատելու որեւէ այլ դատարանի՝ կոնկրետ գործով կայացված դատական ակտի հիմքում դրված փաստերը, նաեւ այն պատճառով, որ իրավասու չէ այլ դատարանում քննված գործի վերստին քննություն իրականացնելու։ Նշվածներն աղերս չունեն դատարանի վերջնական ակտով անձի նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության ստուգման հետ, դուրս են սահմանադրական արդարադատության իրականացման գործառույթի շրջանակից։ Այս համատեքստում կրկին ընդգծման ենթակա է, որ Սահմանադրական դատարանի կողմից եռաստիճան դատական համակարգում չորրորդ ատյանի դեր «ստանձնելը» չունի սահմանադրական հիմք»: Դատավոր Ե.Խունդկարյանի Հատուկ կարծիքի համաձայն. «ՍԴ-ն քննարկման առարկա է դարձրել ոչ թե դիմումով բարձրացված հարցը, այլ՝ այնպիսի հարց, որի վերաբերյալ նշում դիմումը չի պարունակում»:

Իրականում ՍԴ-ում քննված տարվա վերջին հայցադիմումը հետաքրքիր հարցադրումներ ունի, այդ իսկ պատճառով որոշ տվյալներ, որոնք անձնական են, խիստ հասցեական, նույնականացման հնարավորություն կտան, ձեռնպահ կմնամ հրապարակելուց, կներկայացնեմ միայն բովանդակային կողմը, իրավական հակասությունները, որոնք հիմք էին դարձել գործը ՍԴ հասցնելուն: Հարկ եմ համարում տեղեկացնել, որ անցած տարեվերջին՝ 2022թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ Սահմանադրական դատարանը այս գործով որոշում կայացրեց. «Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է օրենքով սահմանված կարգով վերանայման»: Ըստ այդ որոշման՝ «ՀՀ ամուսնության եւ ընտանիքի օրենսգրքի» (ուժը կորցրել է 2005 թվականի ապրիլի 19-ին) վիճարկվող 40-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ ամուսնու կարգավիճակը վարչական դատավարությունում հայցվորի համար ինքնին «շահագրգիռ անձի» անփոփոխ կարգավիճակ չի երաշխավորում, եթե գործի փաստական հանգամանքները կամ կիրառելի իրավունքը բացառում է այն»։

Դիմող Գայանե Մ.-ն հայտնել է, որ շրջանային ժողովրդական դատարանի 1987 թվականի մայիսի 6-ի վճռով Արտյոմ Ս.-ին թույլատրվել է ամուսնալուծվել Գայանե Ն.-ից. վճիռն օրինական ուժի մեջ է մտել 1987 թվականի մայիսի 21-ին, սակայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում այն գրանցվել է 2006 թվականի դեկտեմբերի 15-ին: Դիմողը եւ Արտյոմ Ս.-ն 2000-2008 թվականներին գտնվել են փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ: Դիմողը նշել է, որ իր հետ համատեղ կյանքի ընթացքում` 2002 թվականին Արտյոմ Ս.-ն դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան, որով հայտնել է, որ ինքը, կինը` դիմողը, եւ մայրը` միասին բնակվում են Երեւան քաղաքում, երկու սենյականոց բնակարանում, առկա է վերջիններիս գրավոր համաձայնությունը բնակարանի սեփականաշնորհման վերաբերյալ, եւ խնդրել է բնակարանը սեփականաշնորհել իրենց անվամբ: Երեւանի քաղաքապետի 2002 թ. թիվ 1818-Ա որոշմամբ դիմումը բավարարվել է. որոշման ընդունման հիմք է հանդիսացել նաեւ 2002 թվականի օգոստոսի 21-ին տրված թիվ 001214 օրդերը, համաձայն որի` նշված հասցեում գտնվող բնակարանը զբաղեցնելու իրավունք ունեն երեք անձինք` Արտյոմ Ս.-ն, նրա մայրը եւ դիմողը՝ Գայանե Մ.-ն:

Ըստ դիմողի, սակայն Վճռաբեկ դատարանը գործով որոշում կայացնելիս իրենց ամուսնալուծության պահն է համարել ոչ թե ամուսնալուծության մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելը, այլ այդ վճռի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում համապատասխան գրանցման կատարումը, ու ստացվում է մի իրավիճակ, երբ մի կողմից առկա է լինում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, որի համաձայն ամուսնությունը լուծված է, եւ, հետեւաբար պետք է ողջամտորեն ակնկալել, որ այդ պահից դադարել է իրավահարաբերությունը, իսկ մյուս կողմից ամուսնությունը դադարած է համարվում գրանցվելու պահից:

Սա հակասահմանադրական է, քանի որ դատարանի օրինական ուժի մետ մտած վճիռը ստորադասվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից կատարված պետական գրանցմանը: Դիմողը գտնում է, որ ամուսնությունը լուծելու դեպքում անձինք դադարում են լինել ամուսիններ, եւ դադարում է նրանց՝ որպես ամուսիններ, բոլոր իրավունքներն ու պարտականությունները, իսկ օրենսգրքի 40-րդ հոդվածով սահմանված ամուսնության դադարումը պետական մարմնի կողմից ամուսնալուծությունը հաշվառելուն ուղղված գործընթաց է, որի նպատակն ամուսնալուծությունը պետական գրանցման ակտով ամրագրելն է: Հակառակ դեպքում, ըստ դիմողի, վերոնշյալ օրենսգրքի 40-րդ հոդվածը հակասում է Սահմանադրությանը, քանի որ իմաստազրկում է դատական պաշտպանությունը:

Դիմողը գտել է նաեւ, որ ամուսնությունը՝ որպես երեւույթ, եւ դրա պետական գրանցումը չի կարելի նույնականացնել:

Վիճարկվող դրույթները, ըստ դիմողի, բավարար չափով որոշակի չեն, հնարավորություն չեն տալիս իրավունքի սուբյեկտներին ընկալել օրենսդրի պահանջը, կանխատեսել դրա հետեւանքները եւ իրենց վարքագիծը համապատասխանեցնել վիճարկվող դրույթով ամրագրված պահանջին, քանի որ հստակ չէ, թե որ պահից են դադարում ամուսինների միջեւ իրավահարաբերությունները: Դիմողը գտնում է, որ օրենսգրքի 33 եւ 40-րդ հոդվածները չեն բավարարում իրավական որոշակիության, հստակության եւ կանխատեսելիության չափանիշները, իսկ դրանց իրավակիրառ պրակտիկայի կողմից հաղորդած բովանդակությունը հանգեցրել է դիմողի սեփականության իրավունքի խախտմանը, քանի որ նորմերի մեկնաբանման արդյունքում դիմողը զրկվել է իր սեփականությունից:

Պատասխանողը՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը եզրահանգել էր, որ օրենսգրքի 33 եւ 40-րդ հոդվածները կարգավորում են ամուսինների ամուսնալուծության գործընթացը, եւ յուրաքանչյուրն ունի իր իրավակարգավորող դերն ու նշանակությունը, ուստի դիմողի դիմումը պետք է սահմանադրական դատարանը մերժի:

Ամեն բան սկսվել է նրանից, երբ ՍԴ դիմողը՝ վարչական գործով հայցվոր Գայանե Մ.-ն դիմել էր մինչ ՍԴ-ն ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ կադաստրի կոմիտեի՝ անշարժ գույքի նկատմամբ դիմողի անվամբ գրանցված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու եւ նույն գույքի նկատմամբ իր ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին: Հայցադիմումը վարույթ է ընդունվել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու պահանջի մասով, իսկ մյուս` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասով վարույթ ընդունելը մերժվել էր: Շրջանառվել էր դատարանում Երեւանի քաղաքապետի թիվ 1818-Ա որոշումը, որի համաձայն բնակարանն անհատույց մասնավորեցվել է Արտյոմ Ս.-ի անվամբ՝ ընտանիքի երեք անձով՝ որպես վերջիններիս ընդհանուր համատեղ սեփականություն, սակայն չի բացահայտված, թե ով է որոշման մեջ հիշատակվող Արտյոմի կինը: Ըստ վարչական դատարանի՝ որոշման մեջ բացակայել են այն անհատականացնող տվյալները, որոնց հիմքով հնարավոր կլիներ պարզել, թե նշված որոշմամբ Արտյոմից բացի, ում անվամբ է սեփականաշնորհվել տվյալ հասցեի անշարժ գույքը։ Մինչդեռ, Արտյոմը փաստացի ամուսնական կապի մեջ է եղել Գայանե Ն.-ի հետ, իսկ զագսով գրանցված է Գայանե Մ.-ի հետ իրենց ամուսնությունը: Երեւանի քաղաքապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1818-Ա որոշումից պարզ չի եղել, թե այն որոշակիորեն ում է հասցեագրված՝ հայցվոր Գայանե Ն.-ին, թե ՍԴ դիմած Գայանե Մ.-ին, դիմողին: Ուշագրավ է, որ վարչական դատարանը եզրակացրել էր, որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 62-րդ հոդվածի «գ» կետի ուժով պետական գրանցման համար հիմք հանդիսացած մասով հիշյալ որոշումը հանդիսանում է առ ոչինչ վարչական ակտ, որի հիման վրա Գայանե Մ.-ի անվամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելը պետք է մերժվեր տվյալ պահին գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 43-րդ հոդվածի հիմքով։

ՀՀ վարչական դատարանը գտել է, որ այն «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի հիմքով անվավեր վարչական ակտ է, եւ դատարանի վճռով հայցը բավարարել էր եւ անվավեր ճանաչվել անշարժ գույքի նկատմամբ Գայանե Մ.-ի անվամբ գրանցված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Դիմողը վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը վերաքննիչ վարչական դատարանը վճիռը բեկանել էր, գործն ուղարկվել է ամբողջ ծավալով նոր քննության: Արդեն նոր քննության ժամանակ շրջանառվել էր բնակարանի օրդերը: Օրդերում որպես Արտյոմի կին նշված է Գայանե Մ.-ն, գործի նյութերում առկա է եղել համաձայնագիրը, որով Արտյոմի մայրը եւ Գայանե Մ.-ն տվել են իրենց համաձայնությունը բնակարանն Արտյոմի անվամբ սեփականաշնորհվելու համար: Այդ որոշման դեմ վճռաբեկ բողոք էր բերել Գայանե Ն.-ն: Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պատճառաբանել էր վերաքննիչ վարչական դատարանի կողմից Վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի խախտման հետեւանքով թույլ տրված դատական սխալով, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախկին նախագահ Ռուզաննա Հակոբյանը եւ նույն պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը Վճռաբեկ դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմանը կից հրապարակել են իրենց հատուկ կարծիքը, որում, ի թիվս մեծամասնության դիրքորոշման հետ անհամաձայնության հիմք ծառայած իրավական այլ փաստարկների, մասնավորապես, վարչական գործով իրավական շահագրգռվածության հարցի վերաբերյալ: Գայանե Մ.-ի անվամբ վիճելի բնակարանի նկատմամբ կատարված կոնկրետ որ՝ առաջի՞ն, թե՞ երկրորդ գրանցումն է տվյալ դեպքում հանդիսացել վիճարկման առարկա, արդյո՞ք Գայանե Ն.-ն հանդիսացել է սույն գործով վիճարկման հայց ներկայացնելու իրական շահ ունեցող սուբյեկտ՝ «շահագրգիռ անձ»:

ՍԴ որոշումը նոր հանգամանք ի հայտ գալու հիմքով նորից «կիջնի» վարչական դատարան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031