Ընդդեմ Ռուսաստանի դեմարշ իրականացնելով և ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում չանցկացնելով՝ պարզ չէ, թե ինչ են ակնկալում Հայաստանում: Դա ուղղակի շանտա՞ժ է, թե՞ դեպի Արևմուտք գնալու հստակ ռազմավարություն․ այսպիսի հարցադրում է անում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում:
Նրա խոսքով՝ Փաշինյանի թիմը սխալ է ընկալում Արևմուտքի մեսիջները, այնպես, ինչպես ժամանակին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Զուրաբյանը տարօրինակ է համարում փաստը, որ Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ-ի զորավարժություններից այն դեպքում, երբ շուրջբոլորը զորավարժություններ են իրականացնում Իրանը, Ադրբեջանն ու Թուրքիան:
«2020 նոյեմբերի 9֊ից սկսած Փաշինյանը այլեւս քաղաքականությամբ չի զբաղվում, նրա միակ գործը դարձել է սեփական աղետալի կառավարման արդարացումը եւ աղետի համար մեղքի եւ պատասխանատվության բաշխումը։ Մեղավոր են բոլորը. Տեր-Պետրոսյանը դիվանագիտական հիմքերը ճիշտ չի դրել, Քոչարյանն ու Սարգսյանը թալանել են, բանակը կոռումպացված էր եւ ոչ կոմպետենտ, ռուսները մեզ դավաճանել են, ժողովուրդը զոհողությունների պատրաստ չէր, բոլոր պետական ինստիտուտները սխալ տեղեկություններ են տվել։ Միակ մարդը, որը ոչ մի բանի համար մեղավոր չէ, ինքն է՝ Նիկոլ Փաշինյանը։ Եթե ինչ-ինչ սխալներ գործել է, հայ ժողովրդին շատ սիրելուց է. այդ սերը «մթագնել է նրա խելամտությունը»։ Այսինք, եթե ինչ-որ բանում էլ մեղավոր է՝ հայ ժողովրդին սիրելն է իր մեղքը։ Հիմա է՜լ, ո՜չ մի բան չի կարող անել. Արցախի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, Հայաստանինը Հայաստանը, բայց շատ թույլ լինելու պատճառով Հայաստանն իր անվտանգությունը պատվիրակել է Ռուսաստանին, Ռուսաստանն էլ ձախողում է»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում: