Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքա՞ն գումար է ծախսվել Մեղրի համայնքում՝ տոնական զարդարանքի համար

Հունվար 11,2023 22:44

Մեղրի համայնքում Ամանորի միջոցառումները կազմակերպվել են բացառապես տեղական բյուջեով կատարված հատկացումներով։ «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի, Մեղրի եւ Ագարակ քաղաքների մշակույթի տանը կազմակերպված միջոցառումների, ինչպես նաեւ տոնական զարդերի ծախսերի համար տրամադրվել է 441.200 դրամ։ Այս մասին Aravot.am-ի գրավոր հարցմանը ի պատասխան՝ տեղեկացրել է Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը։

Օրեր առաջ հրապարակված հոդվածում անդրադարձել էինք այն հանգամանքին,  որ   Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը սահմանված ժամկետում չի պատասխանել մեր գրավոր հարցմանը, որն ուղարկել էինք 2022թ․ դեկտեմբերի 21-ին ։ Հիշեցնենք, նախ՝ մենք Բագրատ Զաքարյանի մամուլի խոսնակի միջոցով  փորձել էինք բանավոր տեղեկանալ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, սակայն համայնքի ղեկավարն ասել էր, որ մենք իբր «աղավաղում ենք նրա խոսքը» եւ նա չի պատասխանելու։ Դրանից հետո հարցադրումներն ուղարկեցինք գրավոր․ այս անգամ էլ՝ համայնքապետը հայտարարել էր, որ չի պատասխանի։  Նույն հարցադրումներն ուղարկեցինք նաեւ  2023թ․ հունվարի 4-ին։

Համայնքի ղեկավարը,  2023թ. հունվարի 11-ի  պաշտոնական գրությամբ մեզ պատասխանել է, որ Մեղրի եւ Ագարակ քաղաքների կենտրոնական հրապարակ տանող փողոցների եւ հրապարակների տոնական ձեւավորման համար հատկացվել է 1 մլն 417 հազար 200 դրամ, որից 169 հազար դրամը ծախսվել է մեկ հատ արհեստական տոնածառ ձեռք բերելու համար, իսկ 1 մլն 248 հազար դրամը ծախսվել է լուսային զարդարանքների եւ տոնածառի խաղալիքների համար։

Aravot.am-ի տեղեկություններով՝ Մեղրիի համայնքապետարանը անցած տարի գնել էր արծաթափայլ եղեւնիներ։ Ըստ պաշտոնական պատասխանի՝ այդ եղեւնիները ոչ թե արծաթափայլ էին, այլ կանադական «super blue»  տեսակի բնական եղեւնիներ։ Դրանք հնարավոր եղավ ձեռք բերել  «Լիճքվազ ՓԲԸ»-ի եւ մի բարերարի աջակցությամբ։  Միայն «Լիճքվազ ՓԲԸ»-ն  հատկացրել է 600 հազար  դրամ։ Համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը նաեւ նշել էր, որ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Մեղրի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում 2022թ.դեկտեմբերի 5-ին տեղադրված նյութից։

Ի դեպ, այդ նյութը մեջբերում ենք ամբողջությամբ․ «Երեկ Մեղրի համայնքի Մեղրի եւ Ագարակ քաղաքների հրապարակում տեղի ունեցավ եղեւնիների ծառատունկ, որին ներկա էին Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը, Ագարակ վարչական շրջանի ղեկավար Արմեն Անտոնյանը, «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրեն Նաիրի Զաքարյանը եւ աշխատակիցներ։ Եղեւնիները ձեռք են բերվել «Լիճքվազ» ՓԲԸ-ի եւ մի բարերարի աջակցությամբ, որը ցանկացավ անանուն մնալ։

Օրեր հետո, երբ կսկսվի քաղաքների տոնական զարդարումը, եղեւնիները նույնպես կզարդարվեն, իսկ տարիներ հետո կդառնան վարչական շրջանների գլխավոր տոնական եղեւնիները»։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031