Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձյալ կշրջափակեն Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազան

Հունվար 11,2023 22:22

Ազգային – Ժողովրդավարական Բևեռի ներկայացուցիչներն այս կիրակի ևս պատրաստվում են շրջափակել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան՝ բողոքի այս ցույցով ռուս խաղաղապահներից պահանջելով բացել Արցախը Հայաստանին կապող Բերձորի միջանցքը։

Այս մասին քիչ առաջ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն էր տարածել Ազգային – Ժողովրդավարական Բևեռը՝ տեղեկացնելով․ «Ազգային – Ժողովրդավարական Բևեռը հունվարի 15-ին երկրորդ անգամ նախաձեռնում է «Շրջափակում` հանուն ապաշրջափակման» խորագրով հավաք, որի նպատակն է շրջափակելով Գյումրիում ժամանակավոր տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան՝ ճնշում գործադրել ռուսական կողմի վրա Բերձորի միջանցքը ապաշրջափակելու նպատակով։

Հունվարի 8-ին նույն պահանջներով իրականացված մեր միջոցառումը մեծ արձագանք է ստացել քաղաքակիրթ աշխարհում և Բերձորի փակված միջանցքի հարցը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել։

Ի հեճուկս մեծաթիվ ոստիկանական ուժերի հակաօրինական գործողությունների, մեր նախաձեռնությունը հաջողություն ունեցավ և հիշատակվեց հայտնի համաշխարհային լրատվականներում։

Մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին ակտիվորեն մասնակցել ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց մեր հաջորդ հավաքին»։
Նրանց տարածած հայտարարության մեջ խոսվում է նաև ռազմաբազայի մուտքերի մոտ հերթապահություն իրականացնելու մտադրության մասին։
Նրանք նշում են, որ այս նպատակի համար անհրաժեշտ է մարդկային ռեսուրս, ուստիև ովքեր մասնակցելու ցանկություն և հնարավորություն ունեն՝ լրացնեն հերթապահության վերաբերյալ հետևյալ ձևաթուղթը՝ նշելով իրենց հարմար օրերն ու ժամերը:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին՝ կիրակի օրը, ցուցարարները «Ազատագրում», «Միջազգային խաղաղապահներ Արցախում», «Արցախը Հայաստան է», «Բացե՛ք Բերձորի միջանցքը», «Ռուսաստան թշնամի», «Ո՛չ ռուսական օկուպացիային» «Մենք ձեզ կերակրում ենք, դուք մեր ճանապարհը չեք բացում», «Արցախի սոված երեխաների լացի ձայնը Ռուսաստանի խղճին է», «Արցախի ոչ խաղաղապահ», «ՀԱՊԿ-ից դուրս» ցուցապաստառներով ու կոչերով մոտեցել էին ռազմաբազային։
Այնտեղ հսկողություն իրականացնող ոստիկանական հատուկ նշանակության զորքերը փոքր-ինչ լսելով նրանց բողոքը՝ արգելել էին ցույցն իրականացնել ռազմաբազայի դիմաց՝ վկայակոչելով «Հավաքների ազատության մասին օրենքը» ու բերման ենթարկել բազմաթիվ քաղաքացիների։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031