Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը պահպանելու հնարավորություն դեռ կա եւ դրա բանալին ինքնամաքրվելը, պետությանն ու ժողովրդին պարկեշտ ծառայելն է. Դավիթ Բաբայան

Հունվար 11,2023 21:21

Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը ՖԲ ուղիղ եթերում խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին՝ ասաց․ «Մենք իսկապես մեր ժողովրդի պատմության ամենավճռական փուլում ենք գտնվում։ 2023 թվականը շատ կարեւոր ժամանակահատված է լինելու մեզ համար։ Ինչ-որ տեղ կարող է ջրբաժան լինել։ Եվ յուրաքանչյուրս պետք է այս կարեւորությունը դիտարկենք։ Քննադատությունը անհրաժեշտ է, բայց քննադատությունը պետք է տարբերել հայհոյանքից։ Եվ երբ մեկը մյուսին հայհոյում, անիծում է, պետք է միշտ պատկերացնի, որ վաղը նրա հետ նույն խրամատում կարող է հայտնվել։

Ես շարունակելու եմ մեր ժողովրդին եւ պետականությանը ծառայել ինչով որ կարող եմ։ Գուցե ավելի հաճախակի մենք այսպես շփվենք։ Ես ունեմ մի շարք ծրագրեր ու կտեսնենք, թե ինչպես են գործերն ընթանում։ Բայց որ անմնացորդ կապված եմ պետության եւ ժողովրդի հետ, սա միանշանակ է՝ անկախ զբաղեցրած այս կամ այն դիրքից։ Իսկ դիրքը պետք է մեկը լինի, ազգի ճակատագրի խրամատում։ Չափազանց կարեւոր է, որ մենք հիմա լինենք միասնական։ Բայց միասնականությունը չի նշանակում, թե պետք է կուլ տանք այս կամ այն սխալները։ Չէ։ Բայց ձեւ կա այդ ամենը ներկայացնելու։ Այս երկու տարիների ընթացքում արտգործնախարարությունը ահռելի աշխատանք է տարել նաեւ արտերկրում, սփյուռքում։

Շարունակելու ենք աշխատել։ Բնական է, մի քիչ ավելի ազատ եմ լինելու տարբեր մտքերի եւ գաղափարների շուրջ խոսելու, ինչը, կարծում եմ, նման ժամանակահատվածում չափազանց կարեւոր է։ Մենք պետք է նաեւ անձնական օրինակով ցույց տանք, թե ինչ է հայրենասիրությունը՝ պարկեշտ ծառայելով սեփական ժողովրդին։

Հնարավորություն կա դեռեւս Արցախը պահպանելու։ Ես եւ իմ ընկերները, կուսակիցները շարունակելու ենք մեր առաքելությունը՝ պահպանել Արցախը։ Հետեւաբար, համոզված եմ, որ մենք դեռեւս ունենք անցնելու երկար ճանապարհ։ Այո, ծանր է լինելու, բայց այնուամենայնիվ, հնարավորություն կա։ Եվ ամեն մի ժողովրդի չէ, որ Աստված տալիս է ինքնամաքրվելու հնարավորություն։ Պետք է ինքնամաքրվել։ Սա է ամենակարեւոր բանալին դեպի հուսալի գալիք։ Արտաքին թշնամիները կան ու կան։ Եվ նրանք չեն էլ թաքցնում իրենց նպատակները։ Բայց եթե ինքնամաքրվենք, կարողանալու ենք դիմակայել։ Եվ քանի այդ հնարավորությունը կա, բոլորս միահամուռ, միակամ անենք ամեն ինչ պետության եւ ժողովրդի փրկության համար»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031