Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ սահմանված տեղերում եւ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առեւտուր իրականացնելու դեպքում կկիրառվի լրացուցիչ վարչական տույժ

Հունվար 11,2023 19:15

Առաջարկվում է տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորություն վերապահել ոչ սահմանված տեղերում եւ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առեւտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքերում ոչ միայն տուգանքի տեսքով վարչական տույժ կիրառել, այլ նաեւ կիրառել լրացուցիչ վարչական տույժ՝ առեւտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող առարկաների բռնագրավմամբ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ դրան կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 11-ի նիստում: Օրենսդրական փաթեթը մշակել է Երեւանի քաղաքապետարանը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը ներկայացրել է հիմնական փոփոխությունները, որից հետո Երեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն առավել մանրամասն անդրադարձել է կարգավորումներին:

Սուրեն Գրիգորյանի խոսքով առանձին դեպքերում դատական կարգով բռնագրավումը կարող է չաշխատել: Դա կվերաբերի այն դեպքերին, երբ դատարան դիմելու պահին առգրավված գույքն այլեւս գոյություն չի ունենա եւ հնարավոր չի լինի դիմելու դատարան՝ դրա նկատմամբ հանրային սեփականությունը սահմանելու համար: «Այդ դեպքում, եթե քաղաքացին կկարծի, որ վարչական մարմինը՝ այս դեպքում համայնքը, իրականացրել է լիազորությունները ոչ պատշաճ, եւ իր իրավունքները խախտվել են, կարող է դիմում ներկայացնել եւ գումարային հատուցում ստանալ»,- նշել է փոխքաղաքապետը:

Սննդամթերքի առգրավման դեպքում վերադարձը համարժեք իրավունքի վերականգնում չի կարող լինել: «Եթե անձից սննդամթերքը առգրավվի եւ թեկուզ հաջորդ օրը վերադարձվի, դա արդեն նույն սննդամթերքը չէ»,-ասել է Սուրեն Գրիգորյանը եւ պարզաբանել, որ չփչացող ապրանքների դեպքում այլ է. համայնքի կողմից դրանք առգրավվելու են ու պահվելու: Եթե հետագայում պարզվի, որ անձի իրավունքը խախտվել է, ապա այդ ապրանքը կվերադարձվի:

Ըստ փոխքաղաքապետի՝ այսօր տուգանքի բազմակի կիրառման դեպքերը նպատակին չեն ծառայում. մի դեպքում նման գործունեություն իրականացնող անձինք չունեն գույք, որ իրենցից այդ տուգանքը բռնագանձվի: Մյուս դեպքում այդ անձինք բավականին մեծ եկամուտներ են ունենում, եւ այդ տուգանքը վերջիններիս համար զսպող մեխանիզմ չէ:

Սուրեն Գրիգորյանի գնահատմամբ նախաձեռնության ընդունումը պայմանավորված է հանրային առողջապահության պահպանման անհրաժեշտությամբ. հաճախ վաճառվում է հակահիգիենիկ, հակասանիտարական պայմաններում պահվող սննդամթերք, որն առողջապահական ռիսկեր է ստեղծում քաղաքացիների համար: Հաջորդը՝ քաղաքի արտաքին տեսքն է: Ըստ զեկուցողի՝ քաղաքը շուկայի վերածել չի կարելի: Թեպետ գործում են առեւտրի համար առանձնացված վայրեր, սակայն դրանք հաճախ իրենց նպատակին չեն ծառայում, կիսադատարկ են: Ըստ նրա՝ նախաձեռնությունը կարեւոր է նաեւ արդար մրցակցության ապահովման տեսանկյունից:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը հիշեցրել է, որ օրենսդրական փաթեթը մանրամասն քննարկվել է: ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչությունը որոշ դիտարկումներ է ներկայացրել, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Հեղինակի բացակայության պատճառով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031