Aravot.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 30-ին ՀՀ քաղաքացի Սեմյոն Բաբայանը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը 2021թ. մարտի 17-ին կայացած քննության վերաբերյալ կեղծ փաստաթղթեր է ներկայացրել ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ: Բաբայանից ընդունված հաղորդման հիման վրա կատարվում է նախաքննություն:
Ո՞վ է Սեմյոն Բաբայանը:
Այս քաղաքացին նորաստեղծ «Հանրային ազդարար» հ/կ նախագահն է: 2019 թվականից պետական համակարգում աշխատանքի անցնելու փորձեր է սկսել: Քաղծառայողի պաշտոնի համար 300-ից ավելի մրցույթների է մասնակցել, բայց հաջողություններ դեռեւս չի գրանցել:
ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղծառայության գրասենյակի համալրման ու կատարելագործման վարչության պետ Կարինե Գեւորգյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նշված քաղաքացու ոչ ադեկվատ վարքագծի վերաբերյալ տարբեր պետական մարմիններից բողոքներ են ստացել. «Մենք տարբեր մարմիններից ստացել ենք ահազանգեր, որ նշված քաղաքացին անընդհատ խաթարում է մրցույթների գործընթացը:
Կարդացեք նաև
Գործընթացը միայն թեստավորման փուլը չէ, վերաբերում է նաեւ հարցազրույցի փուլին, որտեղ, օրինակ, տեղեկատվական հարթակի դերը զրոյական է, այստեղ առանցքայինը հանձնաժողովի գործունեությունն է: Բայց ինքը շեշտադրում է՝ տեղեկատվական հարթակը չի աշխատում, թեստավորմանը միջամտություն կա: Իրականում թեստավորմանը չի կարող միջամտություն լինել, որովհետեւ դա ինքնաշխատ գործընթաց է. ծրագրավորումն այնպիսին է, որ որեւէ մեկը թեստի փուլում որեւէ ձեւով միջամտելու հնարավորություն չունի:
Ունենք բողոքներ վարչապետի աշխատակազմից, ընդ որում թեստավորման փուլի մասնակիցներն իրենք են արձանագրության տակ ստորագրել, որ այդ քաղաքացին իրեն տարբեր մրցույթների ժամանակ ոչ ադեկվատ է պահում, խանգարում է ամբողջ գործընթացը, վիրավորում է մրցույթների պատասխանատուներին: Ունեցել ենք դեպք, երբ մրցույթի համար պատասխանատու մարդիկ հուզվել են, այդ քաղաքացին նրանց հասցրել է ինֆարկտի աստիճանի։ Ունեցել ենք դեպք, երբ զանգահարել են ու ասել, թե այլեւս դիմանալու չէ, ցանկանում են դիմում գրել, դուրս գալ համակարգից: Ունենք բողոքներ դատախազությունից, ՊԵԿ-ից եւ այլ տեղերից:
Սեմյոն Բաբայանը համակարգում մասնակցում է բոլոր մրցույթներին, քանի որ տեղեկատվական հարթակը ինքնակառավարվող է, նա ծանուցումները ինքնաշխատ ստանում է։ Այսօրվա դրությամբ ինչքան մրցույթ հայտարարվի, իր խնդիրը միայն «դիմել» կոճակը սեղմելն է․ ունի անձնական էջ, իր փաստաթղթերը համակարգում ներբեռնված են, սեղմում է կոճակն ու դառնում մրցույթի դիմորդ: Այսինքն, ստացվում է՝ ինչքան քաղաքացիների համար հեշտացրել ենք համակարգ մուտք գործելու հնարավորությունները, այս մեկ օրինակով այնքան բարդացրել ենք համապատասխան մարմինների աշխատանքը: Քանի որ այստեղ քաղաքացու անպատասխանատու վարքագիծն է․ անընդհատ դիմում է, բայց մենք գիտենք, որ ինքը մասնակցում է ոչ թե մրցույթն անցնելու համար, այլ որ խաթարի գործընթացը»:
ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Բաբայանի՝ Ոստիկանությունում ներկայացրած բողոքը վերաբերում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համապատասխան պաշտոնի մրցույթին. «Սեմյոն Բաբայանը բողոք է ներկայացրել, թե մենք միջամտել ենք համակարգչային եղանակով։ Քննչական կոմիտեից եկան, համակարգիչը տարան, ստուգեցին, համոզվեցին, որ միջամտությունն ուղղակի անհնար է:
Ինչ վերաբերում է կեղծ փաստաթուղթ ներկայացնելուն․ ինչպե՞ս կարող է կեղծ փաստաթուղթ լինել, եթե օնլայն է թեստային առաջադրանքը, մնացած գործընթացն էլ՝ ինչ արձանագրվում է, ստորագրվում է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից։ Գործընթացն իմացող յուրաքանչյուր մարդ գիտի, որ ոչ կեղծ փաստաթղթի, ոչ էլ որևէ այլ կեղծիքի մասին խոսք լինել չի կարող»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ