«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը
Ալիեւի երեկվա հարցազրույցը ադրբեջանական մի շարք հեռուստաընկերություններին ընթացավ «չե՞ք ուզում, պետք էլ չէ» խորագրով, հոխորտանքներ տարբեր հասցեների։
Հայաստանի հասցեին ասվեց, որ եթե խաղաղություն չեն ուզում, ապա սահմանը կանցնի այնտեղով, որտեղով ինքը ճիշտ կհամարի։
Ֆրանսիայի հասցեին ասաց, որ եւ Ադրբեջանը, եւ Ֆրանսիան կարող են առանց մեկմեկու ապրել, ու այդ բացակայությունը ոչ Ադրբեջանը, ոչ էլ Ֆրանսիան չեն նկատի, բայց… պահանջեց, որ Ֆրանսիան ներողություն խնդրի։ Իհարկե՝ չմանրամասնեց, թե այդ ներողությունը անձամբ իրենի՞ց, թե՞ Ադրբեջանից պետք է խնդրի Ֆրանսիան։ Չնայած, մյուս կողմից, եթե հաշվի առնենք, որ այսօրվա Ադրբեջանը Ալիեւն է, ուրեմն՝ ի՞նչ տարբերություն։
Կարդացեք նաև
Արցախի ժողովրդին հասցեագրեց, չե՞ք ուզում, ճանապարհը բաց է (այսինքն՝ ռադ եղեք) մոտեցումը։
Հայտնեց, որ եթե այս ընթացքում Լաչինի միջանցքով անցել են խաղաղապահների մոտ չորս հարյուր մեքենաներ, ուրեմն ոչ մի շրջափակման մասին խոսք լինել չի կարող։ Այլ կերպ ասած, Ալիեւը ռուս խաղաղապահների սպասարկումը հավասարեցրեց Արցախի ժողովրդին առաջնային անհրաժեշտության ապրանքներով բավարարելուն։ Եթե ցինիզմս Ալիեւի չափին հասցնեմ, կստացվի, որ Ալիեւի համար Արցախի ժողովուրդն ու ռուս խաղաղապահները նույն բանն են։ Բայց հո նրա աստիճանի ցինիկ չեմ, չչափազանցնեմ ուրեմն։
Ինչ մնում է Ռուսաստանին, ապա Լավրովի ասած «իրենց ադրբեջանական բարեկամների» առաջնորդը պահեց այդ երկրի նկատմամբ «կոռեկտությունը»։ Թթու խոսք, «չեք ուզում, պետք էլ չէ» չասվեց։ Իհարկե, եթե հաշվի չառնենք մտքում պահածը։