Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի 120,000 բնակչությունը, այդ թվում՝ շուրջ 30,000 երեխա կրում է զրկանքներ և կանգնած է սովի ռիսկի առջև»

Հունվար 11,2023 17:38

Արցախի կառավարության թարմացում
Շրջափակման 31-րդ օր
Տեղեկագիր 10.01.2023թ. դրությամբ

Ադրբեջանական արգելքի պատճառով Արցախում շարունակվում են էլեկտրամատակարարման լայնածավալ անջատումները:

Ադրբեջանական կողմը շարունակում է արգելել Արցախի մասնագետների մուտքը իրենց վերահսկողության տակ գտնվող Աղավնո-Բերձոր հատված, որտեղ հունվարի 9-ին` ժամը 14։35-ին տեղի է ունեցել Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի վթար։
Ադրբեջանական ապակառուցողական վարքի պատճառով վթարավերականգնողական աշխատանքների կատարման անհնարինությունը հանգեցրել է Արցախի բնակչության էլեկտրամատակարարման հովհարային անջատումների, որոնք շարունակվում են մինչ այս պահը:

Ինչ է դա նշանակում:

Ձմեռային ցուրտ եղանակի և ձյան առատ տեղումների պայմաններում կանոնավոր ու լայնածավալ հոսանքազրկումներն էլ ավելի են խորացնում շրջափակման պատճառով առաջացած հումանիտար աղետը: Որպես հետևանք՝ տասնյակ հազարավոր մարդիկ բախվել են ջեռուցման և այլ կենսական կարիքների բավարարման լրացուցիչ ու էական դժվարությունների ու զրկանքների:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երեք հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ:

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ՝ «Վիճակ հիպոֆիզի մակրոադենոմայի հեռացումից հետո, ակրոմեգալիա, դիֆուզ խպիպ», «Վիճակ լյարդի փոխպատվաստումից և քիմիոթերապիայից հետո» և «Վահանաձև գեղձի պապիլյար կարցինոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հունվարի 10-ին երեք հիվանդները տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ինչ է դա նշանակում:

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կառավարության գործակալների կողմից արգելափակելու պատճառով ծանր վիճակում գտնվող և ՀՀ-ում բուժում ստանալու անհրաժեշտություն ունեցող հիվանդներին Հայաստանի բուժհաստատություններ տեղափոխելը առանց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդության և ուղեկցության դարձել է անհնար։ Նշվածն ապացուցում է, որ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին լիակատար փակ է Արցախում ապրող խաղաղ բնակիչների ազատ տեղաշարժի համար։

Ադրբեջանական հատուկ ծառայությունները, սոցցանցերում կեղծ տեղեկատվություն տարածելով, ահաբեկում են Արցախի բնակչությանը:

Ի լրումն նախորդ օրերին տեղի ունեցած նմանատիպ սադրանքների՝ հունվարի 9-ից սոցցանցերում տարածվում է Արցախի հանրային հեռուստատեսության պաշտոնական բլանկի նմանությամբ փաստաթուղթ՝ հեռուստատեսության տարհանման մասին տեքստով: Արցախի հանրային հեռուստատեսությունը հաստատել է, որ այն կեղծիք է՝ ավելի վաղ ԱՀ այլ գերատեսչությունների եւ կազմակերպությունների անունից տարածած կեղծ փաստաթղթերի օրինակով:

Ինչ է դա նշանակում:

Ադրբեջանական հատուկ ծառայությունները, օգտվելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամից, սադրիչ բնույթի ապատեղեկատվություն են տարածում սոցիալական ցանցերի արցախյան օգտատերերի շրջանում, ինչը հետապնդում է խուճապային տրամադրություններ ստեղծելու և խաղաղ բնակչությանն ահաբեկելու նենգ նպատակ։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել ԱՀ ԱԽ նոր քարտուղարին:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 10-ին ԱՀ նախագահին կից Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել ԱՀ ԱԽ նոր քարտուղար Արարատ Մելքումյանին:

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է հիմնադրամների նորանշանակ տնօրեններին:

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն Արցախի ներդրումային հիմնադրամի և Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի աշխատակազմերին է ներկայացրել հիմնադրամների նորանշանակ տնօրեններին:

Ներկայացնելով Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Վալերի Ղազարյանին, պետնախարարը ընդգծել է գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական նշանակությունը պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից:

Օրվա վիճակագրական թարմացումներ

  • 11 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
  • 9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
  • Արդեն 114 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
  • ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով ավելի քան 370 քաղաքացի զրկվել է առողջական խնդիրներից ելնելով վիրահատվելու հնարավորությունից։
  • Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել 16 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
  • 690 փոքր և միջին ձեռներեցության սուբյեկտներ (ընդհանուր թվի 14,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել են իրենց գործունեությունը։
  • Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 3,200 մարդ կորցրել է աշխատանքը։
  • Ավելի քան 12,000 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

Կարևոր փաստեր

Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 31 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:

Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա) կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է նաև սովի ռիսկի առջև:

Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը շուտով կքննարկվի նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում:

Արցախի տեղեկատվական շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031