Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող ձենները կտրեն, բանակն իրենք են ոտնահարել». Սեյրան Օհանյան

Հունվար 11,2023 17:34

«Բանակում սկսել են հագնել համազգեստ ով ինչ ուզում է. նույն Նիկոլ Փաշինյանը գերագույն գլխավոր հրամանատարն է եղել կամ կառավարության ղեկավարը, ինքը երբեւիցե մեր զինվորի դաշտային համազգեստը հագե՞լ է. ով ինչ ուզում` հագնում է, անուններն էլ կրծքներին գրած, որ հանկարծ իրենք իրենց անունները չմոռանան: Նրանք բանակի քաղաքականությունն իջեցրել են կենցաղային մակարդակի՝ «կլուբնիկի», «տռուսիկ-մայկայի», եւ այդ ուղղությամբ 3 անգամ ավելի շատ գումար են օգտագործել, որը կարելի էր օգտագործել ռազմական տեխնիկայի ու սպառազինության վրա: Զինծառայողներին թույլ են տվել կրել բջջային հեռախոսներ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, երեկ մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «Պատերազմից առաջ գոյություն ունեին պայմաններ, երբ գիտեինք, որ ունենք ուժեղ բանակ, հուսալի դաշնակիցներ, երբ պաշտոնական զեկույցներ էին դրված սեղանին, որ ի վիճակի ենք գործել «ոչ մի քայլ ետ» տրամաբանությամբ»:

Պաշտպանության նախկին նախարարը նաեւ հարց ունի՝ ուղղված բանակի ղեկավարությանը. «Այս ամենը մի կողմ դնենք, որտե՞ղ է ղեկավարության դերը բանակին թիկունք կանգնելու, պատերազմի ժամանակ բանակը համալրելու, տեղափոխելու ռազմական ռելսերի վրա, ճիշտ գնահատականներ տալու եւ կարգուկանոն հաստատելու մարտադաշտում»:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմում թշնամու կողմից մխրճման դեպքերին, Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ դա եղել է այն հատվածում, որտեղ պետք է լիներ համագործակցություն՝ Արցախի ՊԲ-ի եւ Հայաստանի ԶՈՒ զորամիավորումների միջեւ. «ՊԲ-ն 283 կմ պաշպանության հատված է ունեցել եւ դրա մեծ մասը պահել է: Եթե ՊԲ-ն որոշում է ընդունում եւ դա հաստատում է գլխավոր շտաբը եւ Արցախի նախագահը, իսկ ՊԲ-ի աջ հատվածի համար պատասխանատուն ՀՀ ղեկավարությունն է. թող ձենները կտրեն, բանակն իրենք են ոտնահարել: Հանրահավաքների ժամանակ, ՏԻՄ ընտրություններում ամբողջ ոստիկանական համակարգը, դատական համակարգը միանգամից ուղղում են այն խնդիրներին, որ իրենց իշխանությունն ամրապնդված լինի: Հիմա հարց եմ տալիս՝ ինչո՞ւ պատերազմի ժամանակ անօրինականությունները, խուճապը, փախուստը կանգնեցնելու համար բոլորին ճակատով չշարեցին եւ չգնացին կարգուկանոն հաստատելու ուղղությամբ: Այն կառույցները, որոնք այսօր խաղաղ պայմաններում կատարում են այսօրվա իշխանության հրահանգները, պաշտպանում են նրանց աթոռները, հետապնդումներ են իրականացնում ընդդիմադիրների դեմ, պատերազմի ժամանակը մատը մատին չեն խփել կարգուկանոն հաստատելու համար»:

Հիշեցնելով տեղեկատվությունն այն մասին, որ սեպտեմբերի 13-14-ի Ջերմուկի մարտական գործողություններից հետո 7 տասնյակից ավելի սպաներ են քրեական գործերով անցնում, Սեյրան Օհանյանն ասաց, որ դրա փոխարեն կարելի էր մեկ տասնյակ իշխանավորների քրեական հետապնդման ենթարկել, որովհետեւ համոզված է՝ «այդ 7 տասնյակի զգալի մասին հենց այնպես բարձրացրել են այդ դիրքեր, սարերի գլուխ, թողել անապահով վիճակում եւ ասել՝ միայնակ այդ բարձունքներում կռիվ արեք. դա անընդունելի է»:

Նրա դիտարկմամբ, հայ-ադրբեջանական սահմանները Ադրբեջանի բնակավայրերից շատ-շատ հեռու են, իսկ մեր բնակավայրերին շատ մոտ են սահմանները, մեր բնակավայրերը գնդակոծության տակ են, բայց ունենալով մեր հետեւում ժողովուրդ, ենթակառուցվածքներ, հայկական բնակավայրեր, չկարողացանք արագ կազմակերպվել եւ շփման գծում ռազմավարական բոլոր կետերը զբաղեցնել, մեր երկիրը պաշտպանել: Իսկ Ադրբեջանը երկրի խորքում ունեցած բնակավայրերից, ենթակառուցվածքներ, ճանապարհներ չունենալով այդքան արագ կարողացավ գալ, մեր քթի տակ բարձրանալ մեր սահմանները եւ հետեւից արագ բոլոր ճանապարհները, ենթակառուցվածքները, դիրքերը ամրապնդել, որովհետեւ օգտագործեց իր պետության շինարարական ամբողջ ներուժը: Իսկ մեր պետության շինարարական ներուժը օգտագործվում է այլ ուղղություններով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031