Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Լաչինի միջանցքը փակել է Ռուսաստանը, Ռուսաստանը թշնամի է»․ ԱԺԲ-ն՝ ՌԴ դեսպանատան դիմաց

Հունվար 11,2023 17:22

«Ռուսաստանի դեսպանատան դիմաց ենք, որովհետև ՌԴ-ն ոչ միայն թողտվություն է ցույց տալիս այս հանցավոր գործողության նկատմամբ, այլև մասնակից է»,- ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց հայտարարեց Ազգային-ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) խորհրդի անդամ Արա Պապյանը։

Հիշեցնենք՝ ԱԺԲ –ի նախաձեռնությամբ տասնյակ քաղաքացիներ Ազատության հրապարակից «Շրջափակում՝ հանուն ապաշրջափակման» խորագրով երթ անցկացրին դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն։ Նրանց պահանջն է՝ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջ երթի մասնակիցները գոչում էին ․ «Լաչինի միջանցքը փակել է Ռուսաստանը», «Ռուսաստան՝ դավաճան», «Ռուսաստան՝ թշնամի», «Ռուսաստան՝ օկուպանտ», «Ռուսաստան՝ ագրեսոր»։

Արա Պապյանը, քննադատելով ՌԴ-ի քաղաքականությունը, նկատեց․ «Երբ Ռուսաստանը մեզ պարտադրում էր 4,5 հազար քառակուսի կիլոմետր, որը հայ զինվորն իր արյունով պահել էր, հանձնել Ադրբեջանին, դրա դիմաց խոստանում էր Լաչինի միջանցքի անխափան աշխատանք։ Էդ ո՞նց եղավ՝ ՌԴ-ն կարողանում է մեզ պարտադրել, իսկ մի բուռ չակերտավոր բնապահպաններից չի կարողանում ազատագրել այդ ճանապարհը։ Ես և ԱԺԲ-ն անօրինական ենք համարում նոյեմբերի 9-ի այդ հայտարարությունը։ Եթե ռուսները դա համարում են օրինական, թող իրենց պարտավորությունները կատարեն։ Եթե չեն կարողանում դա անել, գոնե չխոչընդոտեն։ ՄԱԿ-ի ԱԽ-ի տարբեր նիստերում ինչ-որ հնարքներ են բանեցնում, վերջին պահին փոփոխություններ մտցնում փաստաթղթերում՝ վիժեցնելով որևէ փաստաթղթի ընդունումը»։

Արա Պապյանը զգուշացրեց՝ Նիկոլ Փաշինյանը պետք է լավ իմանա՝ ինքն այլընտրանք չունի․ պետք է տեր կանգնի իր խոստմանը ու ասաց․ «Եթե չես կարողանում խնդիրը լուծել, գնա, թող գան ուրիշները, որոնք կարող են։ Պետք չէ հազար տեսակի պատրվակներ հորինել քո անկարողությունը արդարացնելու համար»։

ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը վստահեցրեց՝ այն, ինչ կատարվում է Արցախում, վաղը կատարվելու է Երևանում ու հայտարարեց․ «Բերձորի միջանցքը պետք է բացվի, այսօր հավաքվել ենք այստեղ, քանի որ հասկանում ենք՝ ով է մեղավորն այդ միջանցքի փակման համար։ 2022 թվականն ապացուցեց, որ ՌԴ ծրագիրը՝ իր կայսրությունը վերականգնել, տապալված է։ 2022-ն ապացուցեց, որ 3+3 ձևաչափ չի գործելու Հարավային Կովկասում, որ հայ ժողովուրդն այն ճակատամարտը, որ տվել է 2020-ին, դրվագ էր մեծ համաշխարհային հակամարտության, որն այսօր նախ տեղի է ունենում Ուկրաինայում»։ Նա ասաց՝ 2023-ը լինելու է վճռական, բեկումնային տարի ու շեշտեց․ «Փշրվելու են պուտինյան, էրդողանյան ռեժիմի ատամները, քանի որ նրանք փոխկապակցված հրեշներ են, որոնք մեր ազգին աքցանի մեջ են առել։ Բայց մենք չպետք է սպասենք, որ ռուսներին քշեն թուրքերը․ մենք ինքներս նրանց պետք է քշենք այստեղից»։

Գարեգին Չուգասզյանը ժողովրդին կոչ արեց իրենց ուժի մասին տարատեսակ բամբասանքներին տուրք չտալ ու գալ, միանալ իրենց։

ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանն էլ ՌԴ դեսպանատան դիմաց հայտարարեց՝ թշնամուց մինչև դաշնակից երկու հարյուր մետր տարածք է՝ նկատի ունենալով ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից մինչև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն։ Այնուհետև ասաց՝ գնում են դեպի մեր դաշնակից Ֆրանսիայի դեպանատուն ողջունելու այսօր կամ վաղը Ֆրանսիայի ստորին պալատի խոսնակի պատվիրակության այցը Հայաստան։

Ֆրանսիայի դեսպանատան դիմաց էլ, շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային, հայտարարեցին․ «Ֆրանսիա´, ի գործ, սպասում ենք քո գործնական քայլերին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ ԱԺԲ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031