«Զորավարժություններն ընդհանրապես անցկացվում են ոչ թե մարտահրավերներից, սպառնալիքներից խուսափելու, այլ դրանց դիմագրավելու համար»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ զորավարժությունները մեր երկրում անցկացնելուց հրաժարվելու մասին Նիկոլ Փաշինյանի երեկ արած հայտարարությանը:
Հիշեցնենք, որ երեկ մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀ–ն նպատակահարմար չի գտնում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը Հայաստանում, քանի որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտին հայտնի չէ ու նման իրավիճակում զորավարժությունները կարող են թուրք–ադրբեջանական տանդեմի համար սպառնալիք ստեղծել:
Ըստ Սեյրան Օհանյանի, ակնհայտ է, որ դեռեւս սպառնալիք է մնում թուրք-ադրբեջանական տանդեմը եւ եթե ՀԱՊԿ համակարգը, հայ-ռուսական հարաբերությունները նաեւ նրա համար են, որ մենք դիմագրավենք սպառնալիքներին Թուրքիայից, ապա նաեւ հասարակ զորավարժությունները նրա համար են, որ դիմագրավենք այն սպառնալիքները, որոնք գալիս են Ադրբեջանից:
«Զորավարժությունների հիմնական նպատակը զորքերի պատրաստության կատարելագործումն է, իսկ ՀԱՊԿ շրջանակներում նաեւ միջազգային փորձի փոխանակումն է: Հիմա ինձ մոտ հարց է առաջանում, եթե մենք հրաժարվում ենք ՀԱՊԿ զորավարժություններից, դա հավասարազոր է, որ մեր ԶՈՒ պատրաստության մեջ հրաժարվենք ամենաբարձր գագաթնակետի ուսուցման ձեւից, որտեղ կատարելագործվում են նաեւ դաշտային պատրաստվածությունը պատերազմ մղելու համար: Երկրորդ, ՀԱՊԿ-ի զորավարժություններին այսօր այլընտրանք գոյություն ունի՞, թե՞ ոչ: Իհարկե չունի: Մենք ՀԱՊԿ-ից դուրս չենք եկել եւ նման միջոցառումները պետք է օգտագործել մեր ԶՈՒ պատրաստականության, ունակությունների բարձրացման համար»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Կարդացեք նաև
Զորավարժություններով հնարավոր լարվածություն ստեղծելու մասին վարչապետի հայտարարությունը, ըստ պաշտպանության նախկին նախարարի, խոսում է այն մասին, որ օրվա իշխանությունները որոշակի պայմանավորվածություններ ունեն ադրբեջանցիների եւ թուրքերի հետ, որ չպետք է կատարելագործեն մեր ունակությունները ոչ միայն մեր բանակի ներսում, այլեւ այն ռազմաքաղաքական դաշինքի հետ, որի շրջանակներում Հայաստանն աշխատում է. «Եթե ինքն ասում է, որ տարածաշրջանում լարվածություն կարող է ստեղծել, դա նշանակում է, որ Ալիեւի այն խոսքերը, որ չպետք է թույլ տանք, որ հայկական բանակը կայանա, որ լավ չի ընդունում, երբ հայկական բանակը նոր զենք-զինամթերք է ձեռք բերում Հնդկաստանից, սա նշանակում է, որ այդ պայմանավորվածությունն իրողություն է: Դուք չե՞ք տեսնում, որ պարտված իշխանություններն անընդհատ ճնշման, թելադրանքի ներքո են»:
«Այնպես չէ, որ մենք բոլորս շատ գոհ ենք ՀԱՊԿ-ի գործողություններից. ՀԱՊԿ-ը, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, համեմատաբար նոր կառույց է եւ որոշումների ընդունման ընթացակարգերը, գործողությունները, օպերատիվ արձագանքները դեռեւս կատարելագործման խնդիր ունեն, մանավանդ ՀՀ տարածքում, որը ՀԱՊԿ-ի ընդհանուր տարածքից կտրված է: Բայց դա չի նշանակում, որ մենք ՀԱՊԿ-ի անդամ չենք, չի նշանակում, որ ՀԱՊԿ-ի հետ չպետք է աշխատենք, չի նշանակում, որ չպետք է ՀԱՊԿ-ի հնարավորությունները, հատկապես ռազմական բաղադրիչի զարգացման ուղղությամբ, օգտագործենք մեր ռազմական ներուժի բարձրացման համար»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ի զորավարժությունները՝ ռազմական տեսանկյունից, Հայաստանին օգուտ տալու էին. «Չնայած իշխանությունները հայտարարում են, որ բանակում բարեփոխումներ են իրականացնում. միգուցե բանակում նորմեր են ձեւավորվել բարեփոխումներ իրականացնելու համար, բայց բարեփոխումներ դեռեւս չկան, որովհետեւ բանակի զարգացման հայեցակարգը գոյություն չունի: Այսօր պետության ներսում հրաժարվել զորավարժություններից, նշանակում է թույլ աշակերտին չսովորեցնել, որ իր գիտելիքները, ունակությունները բարձրացնի: Հրաժարվել միջազգային զորավարժություններից, նշանակում է հրաժարվել այդ ուղղությամբ միջազգային փորձի փոխանակումից»:
Հարցին՝ ադրբեջանամետ պետությունների կազմակերպության կազմակերպած զորավարժությունը Հայաստանին ի՞նչ օգուտ էր տալու, նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ադրբեջանամետ պետություններ են: Իհարկե, այդ պետություններն ունեն հարաբերություններ Ադրբեջանի հետ: Ես չգիտեմ՝ Լուկաշենկոն ինչ է ասում, դա նշանակում է, որ ՀՀ իշխանություններն են բերել հասցրել այս վիճակին՝ երկակի գործողություններ իրականացնելով, երկակի խաղեր խաղալով: Տարիներ առաջ այդ զորավարժություններն անցկացվել են Հայաստանում եւ այլ երկրներում եւ ՀՀ Զինված ուժերը առաջատարներից մեկն են եղել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ