Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են վարվում՝ Շիրազ Խաչատրյանի դին դուրս բերելու համար. Արման Սարգսյան

Հունվար 11,2023 16:53

Երեկ հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2020-ի պատերազմի ժամանակ պարզվեց՝ մեր բանակը մարտունակ չէր ու այն փաստաթղթերը, որ դրված էին սեղանին, իրականությանը չէին համապատասխանում:

Այսօր ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանի հետ ճեպազրույցում լրագրողները հարցրեցին՝ իսկապե՞ս իրավիճակն այդպիսին էր ու ի՞նչ է արվել այս 2 տարվա ընթացքում: Նա պատասխանեց, որ ինքն աշխատում է 2021-ի հունվարից, այսինքն, պատերազմից հետո ու զերծ կմնա դրանից առաջ ՊՆ-ում իրավիճակի մասին գնահատական տալ. «Բնականաբար, վարչապետը, որպես գերագույն հրամանատար, ինքը ավելի տեղեկացված է եղել ու դրա մասին հնչեցրել է: Կարող եմ ասել, որ ՀՀ-ի կողմից ամեն ինչ արվում է, որ մենք ունենանք մարտունակ, ժամանակի մարտահրավերներին դիմագրավելու ընդունակ զինված ուժեր եւ բանակ՝ սկսած սոցիալական եւ մի շարք այլ հարցերից: Ամեն ինչ արվում է՝ օրեցօր բանակի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ: Ես զերծ կմնամ գնահատականներ տալուց, որովհետեւ դա պրոցես է, որն ամենօրյա աշխատանք է ենթադրում»:

Հարցին՝ Ջերմուկի եւ Վերին Շորժայի հատվածում սեպտեմբերի 13-ի ռազմական ագրեսիայից հետո զոհվածների մարմիններ կան, դեռ չի հաջողվում դուրս բերել, ի՞նչ է արվում այդ ուղղությամբ՝ փոխնախարարը պատասխանեց. «Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ունենք զոհված 224 զինծառայող, աճյուններն արդեն ամփոփվել են մայր հողին եւ ունենք գտնվելու վայրն անհայտ 3 զինծառայողներ, որոնց գտնվելու հստակ վայրը պարզելու եւ նրանց մարմինները հնարավորության դեպքում դուրս բերելու ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ: Փոքր Մասրիկի բնակիչ Շիրազ Խաչատրյանի հետ կապված էլ ամեն ինչ արվում է, ընդհուպ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելով, որ հնարավորություն ընձեռվի՝ սկսած տեղանքից, ռիսկերից, մարմինը դուրս բերել: Տարվում են աշխատանքներ, որ կոմպրոմիսի եղանակով հնարավորություն ստեղծվի արագ այդ մարմինը դուրս բերել»:

Հարցին՝ դուք ասում եք՝ ամեն ինչ արվում է, բայց նույն Փոքր Մասրիկ գյուղում եւս երեք զոհվածի ընտանիք կա, ՊՆ-ն իրենց չի աջակցել ու ՊՆ-ի աջակցությունը չեն զգացել՝ փոխնախարարը հորդորեց այդ ընտանիքների հետ նորից խոսել ու ճշտել՝ ՊՆ-ն աշխատանքներ տանո՞ւմ է, թե՞ չէ: Ըստ նրա մամուլում հրապարակումները հակասական են: Լրագրողի դիտարկմանը, որ անձամբ է այցելել այդ ընտանիքներին ու լսել նրանց, ՊՆ-ն վստահաբար չի աջակցել նրանց, սոցիալապես անապահով ընտանիքներ են, պայմանագրային զինծառայող տղամարդը զոհվել է, նրա աշխատավարձը ՊՆ-ն հոկտեմբերի 1-ից կտրել է ու մինչեւ հիմա Զինծառայողների հիմնադրամի շահառուների ցանկում չեն ընդգրկվել՝ Արման Սարգսյանը պատասխանեց. «Զինծառայողների հիմնադրամի շահառու դառնալու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթն ուղարկվում է զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն, այնտեղից էլ՝ հիմնադրամ: Անհայտ կորածների պարագայում պետք է հիմքում դրված լինի դատարանի վճիռ՝ անհայտ բացակայելու մասին: Պրոցեսն արագացնելու համար պետությունը արդեն իսկ իրավական ակտերում կատարել է փոփոխություն, արագացված ընթացակարգով դատավարություն է լինում ու տրամադրվում է այդ վճիռը»:

ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը Հայաստանում մերժելու մասին վարչապետի հայտարարությանը Արման Սարգսյանը չցանկացավ արձագանքել ու մեկնաբանել՝ դա ճի՞շտ որոշում էր, թե՞ սխալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031