Պարոն Վարդանյան, քանի որ 1-ին և 2-րդ ընթերցումների միջև բավական ժամանակ է անցել, խնդրում եմ նախագիծը ներկայացնելիս համառոտ հիշեցնենք, թե ինչի մասին է խոսքը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին (լուսանկարում) դիմեց նախագահ Բաբկեն Թունյանը:
«Էներգետիկայի մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացնելիս՝ ՏԿՆ փոխնախարարը տեղեկացրեց, որ 2022 թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելը ենթադրում է, որ էլեկտրաէներգետիկական համակարգում արտադրող կայաններից մեկը պետք է շուկայի մնացած մասնակիցներին մատուցի հաշվեկշռման ծառայություն:
Առաջարկվող փոփոխությունների արդյունքում կհստակեցվեն հաշվեկշռման շուկայում առևտրի մեխանիզմները, հաշվեկշռման ծառայություն մատուցողի գործառույթները և սպառողի կողմից էլեկտրական էներգիայի փոխանցման դեպքերը:
«Ամենամեծ փոփոխությունը, որ կատարվել է, ժամային հաշվառման անցնելն է, մինչ այս հաշվառումը տեղի է ունեցել ամսական, այսինքն` բոլորս մեր հաշիվը ստանում էինք ամսվա կտրվածքով և վճարում ամսական: Հիմա մեծածախ շուկայում և շուկայում, ընդհանրապես, հաշվառումը ձեռք է բերում ժամային ձև: Ինչ է սա փոխում, էլեկտրաէներգիան սպառվում է հենց նույն պահին, երբ արտադրվում է և տարբեր ժամերի մեջ տարբեր էլեկտրաէներգիաներ են արտադրվում և տարբեր պարտականություններ է լինում»,-նշեց Հակոբ Վարդանյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, թյուրընկալում կա, որ շուկայի զարգացման արդյունքում էլեկտրաէներգիայի էժանացում է լինելու: «Լինելու է արդարացի գնագոյացման մեխանիզմի ներդրում»,-ընդգծեց նա:
«Շուկայի ամենամեծ արդյունքներից մեկը նաև ներկրման և արտահանման ընթացակարգերի դյուրացումն է եղել, որում առանցքային դերակատարում ունի հաշվեկշռման ծառայությունը: 2022 թ. ընթացքում ՀՀ-ից դեպի Վրաստան եղել է 365 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիայի արտահանում. դա ավելին է, քան նախորդող 10 տարիներին միասին վերցրած: Նախորդ տասը տարիներին՝ 2012-2021 թթ., եղել է 242 մլն կՎտ ժամ էլէկտրաէներգիա: Նախորդող ընթացակարգերով բավականին բարդ էր լիցենզավորման գործընթացը»,-հստակեցրեց Վարդանյանը:
Հիմնական զեկուցողի ներկայացմամբ, հաշվեկշռման ծառայությունը կարգավորող տնտեսավորող սուբյեկտի գործառույթները բացառիկ իրավունքով վերապահվել են Երեւանի ՋԷԿ-ին, որովհետեւ միայն նա ունի նվազագույն ծախսերով դրանք իրականացնելու հնարավորություններ:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ