Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ժողովուրդն ընտրում է մեր հողի վրա ապրելու իրավունքի համար պայքարելու մոտեցումը. Ռուբեն Վարդանյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Հունվար 11,2023 16:10

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ:

Ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված ընթացիկ իրավիճակը՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ձմռան այս օրերին Ադրբեջանը փաստացի խոչընդոտում է Հայաստանից էներգամատակարմանը: «Իրավիճակը բարդ է, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հասարակությանը, որը դիմանում է բոլոր դժվարություններին: Բազմաթիվ խնդիրներ ունենք թե՛ պարենի, թե՛ դեղորայքի հետ կապված։ Վերջին երկու օրերին գումարվեց նաև էլեկտրաէներգիայի խնդիրը: Ադրբեջանը ոչ միայն չի թողնում սննդամթերք, դեղորայք բերել, այլ խոչընդոտում է մասնագետների այցը վթարի վայր՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար»,-նշել է պետնախարարը՝ կարևորելով ներքին ռեսուրսների խնայողական օգտագործումը:

Իրավիճակը բարդ է նաև մասնավոր հատվածում, քանի որ շրջափակման հետ կապված տնտեսությունը ևս ճգնաժամի մեջ է հայտնվել, բազմաթիվ մարդիկ կորցնում են աշխատանքը:

Պետնախարարի գնահատմամբ՝ Ադրբեջանի քաղաքականությունը հստակ է՝ ճնշումների միջոցով հասնել Արցախի հայաթափմանը: «Բայց մենք պայքարում ենք մեր հայրենիքում, մեր հողի վրա ապրելու իրավունքի համար: Ու շատ ոգևորիչ է, որ մեր ժողովուրդն ընդունում է այս մոտեցումը: Բայց դա մեզնից, որպես ղեկավարներ, պահանջում է ժողովրդի հետ ազնիվ ու անկեղծ լինել, հասկանալ իրավիճակի ողջ լրջությունը»:

Պետնախարարը ներկայացրել է նորանշանակ նախարարներին՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանին, արդարադատության նախարար Սրբուհի Արզումանյանին, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանին և վերանշանակված՝ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանին. «Չեմ ուզում շնորհավորել նորանշանակ նախարարներին, այլ ուզում եմ շնորհակալություն հայտնել՝ այս չափազանց բարդ իրավիճակում պատասխանատվություն ստանձնելու համար»:

Պետնախարարը նշել է, որ կառավարությունն օգտագործում է բոլոր գործիքները՝ դիվանագիտական, իրավական, տեղեկատվական և շարունակում է ամեն ջանք գործադրել՝ ճանապարհը բացելու համար, բայց միաժամանակ նկատել է, որ որպես կառավարություն, պարտավոր են պատրաստ լինել բոլոր հնարավոր զարգացումներին:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ շրջափակումն էապես փոխում է մարդկանց կենսակերպը՝ պարտադրելով խնայողություններ ու սահմանափակումներ, և բնակչության կյանքը չի կարող լինել այնպես, ինչպես սովորական պայմաններում: Պետնախարարը կարևորել է բնակչության շրջանում իրազեկման և բացատրական աշխատանքների իրականացումը և պաշտոնյաների, օպերատիվ շտաբի անդամների անմիջական հանդիպումներն ու շփումները մարդկանց հետ:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031