Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունն առաջարկում էր զոհված զինծառայողների հիփոթեքային վարկը մարել, ընտանիքին արտոնություն տալ. ՔՊ-ն համոզեց հետ վերցնել նախագիծը

Հունվար 11,2023 16:06

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» նախագիծը: Այն ներկայացրեց խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը` ասելով, որ ուզում են հանրությանը առողջացնել ու նախագիծը բերել են մեր նահատակ տղաների ընտանիքների անունից. «Մենք չսովորեցինք ճիշտ ապրել պատերազմում զոհվածների ընտանիքների, պատերազմում հաշմանդամ դարձած մարդկանց հետ: Հյուսիսային պողոտայում դհոլ են խփում, կլառնետ նվագում, ոմանք՝ պարում: Իսկ սեպտեմբերյան ծանր մարտերից ընդամենը օրեր էին անցել: Ոստիկանները նրանց չէին հորդորում դադարեցնել անբարոյականության եւ ցինիզմի դրսեւորումը: Ենթադրենք, ոմանք անգիտակից են, իսկ պետությո՞ւնը:

Տպավորություն է, որ պետությունը որդեգրել է քաղաքականություն՝ մոռանալ պատերազմը, չտեսնել իրականությունը, զոհերին, ստեղծել կեղծ իրականություն, թե լույսերի մեջ շողում է Երեւանը, ոչինչ, որ այդ լույսերին նայելով՝ անցնում են պատերազմում առաջին եւ երկրորդ կարգի վիրավորում ստացած 600-հազարից ավելի տղաները, նահատակների ընտանիքի անդամները, ոչինչ, որ Արցախը շրջափակված է, հարյուր հազարավոր առողջ ներկայացուցիչներ, նայելով այդ լույսերին, ոմանք մեր երեխաների վրա թափվող ուկրաինական ֆոսֆորային զենքերն էին տեսնում, ոմանք էլ նմանեցնում ծնողների անդադար թափվող արցունքների հետ»:

Նախագծի այսպիսի ներկայացումը զգացմունքային էր ՔՊ-ականների համար, սկսեցին մեկ առ մեկ քննարկել ու քննադատել, թե Հյուսիսային պողոտայում նվագելն ի՞նչ կապ ունի, ֆոսֆորային զենքի ուկրաինական լինելն ի՞նչ կապ ունի:

Գեղամ Նազարյանն ասաց, որ առկա բարոյահոգեբանական մթնոլորտը հաշվի առնելով՝ պետք օրենսդրությամբ փոխեն հասարակությանը, որովհետեւ կան մարդիկ, որոնք այնպես են ապրում, կարծես իրենց հետաքրքիր չէ, որ հարեւանի տղան զոհվել է՝ պետության համար: Նահատակների ընտանիքները, ըստ Նազարյանի, հատուկ վերաբերմունքի են արժանի: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին աջակցել հիփոթեքային վարկը մարելիս, իրականացնել զոհվածների ընտանիքների անդամների կենտրոնացված հաշվառում, ընտանիքի անդամ հանդիսացող, մինչեւ 25 տարեկան երեխաների ուսման վարձը փոխհատուցել, այդ թվում՝ եթե նրանք սովորում են օտարերկրյա, աշխարհի լավագույն բուհերում, հողի, ոռոգման ջրի վարձավճարները փոխհատուցել, առողջապահության ծառայություններ տրամադրելիս արտոնություններ սահմանել, որ նրանք զգան՝ պետությունն իրենց մեջքին է: Գեղամ Նազարյանն ընդգծեց, որ ծնողներն իրենց միջոցներով իրենց որդու մարմինն են որոնում, մինչդեռ պատգամավորները Արցախ մեկնելու համար գործուղման փող են ստանում պետբյուջեից:

Կառավարությունը նախագիծը մերժել է՝ ասելով, որ բյուջեի վրա լրացուցիչ բեռ է լինելու: Գեղամ Նազարյանը տարակուսած էր՝ ինչպե՞ս է, որ փող չի լինում բանակի համար, բայց Եվրատեսիլի, խաղատների պարտքերը մարելու համար լինում է: Ընդ որում, նախագծով առաջարկվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հատկացումներն անել: Նա նշեց, որ հարեւան Իրանում նահատակների որդիները սովորում են ամենաբարձրակարգ ուսումնական հաստատություններում, աշխատանքի տեղավորվելիս առավելություններ են ունենում, իսկ Հայաստանում զոհվածի ծնողը բուժօգնության, գույքահարկի եւ այլ կենցաղային խնդիրների համար գումար է որոնում դռնեդուռ:

ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց, որ ուշադիր լսեց զեկուցող Գեղամ Նազարյանի ելույթը ու չհասկացավ, թե ինչի մասին է օրենսդրական նախաձեռնությունը: Գեղամ Նազարյանը բացատրեց, որ եթե զինծառայողը պատերազմից առաջ վերցրել է վարկ ու զոհվել, ընտանիքը չպետք է բարերարներ փնտրի, որ այդ վարկը մարի, որովհետեւ տղան չի հարբել ու նստել ղեկին, վթարից չի մահացել, այլ՝ պետությանը պաշտպանելիս է զոհվել:

ՔՊ-ականները իրենց ելույթներով հասկացրեցին, որ դեմ են քվեարկելու, ուստի հորդորեցին 15 րոպե ընդմիջում վերցնել ու քննարկել նախագծի հետագա ճակատագիրը: Ընդմիջումից հետո Գեղամ Նազարյանն ասաց, որ 2 ամսով հետաձգում է նախագծի քննարկումը, այն կլրամշակվի ու նորից կդրվի շրջանառության մեջ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031