«Քանի որ Փաշինյանի խոսքը վարպետ ձեւով կառուցված մանիպուլյատիվ խոսք է, այնտեղ հետեւել տրամաբանության օրենքներին, մեզ շատ բան չի տա: Դուք լսեցի՞ք որեւէ տրամաբանված, փաստարկված պատասխան՝ ասուլիսի ժամանակ իրեն ուղղված հարցերին: Լրագրողն ասում է, որ Փաշինյանը կարծիք է հայտնել, թե հայ-ռուսական հարաբերությունները երբեք այսքան փոխադարձաբար վստահելի չեն եղել, ու հարց է տալիս իր այսօրվա հայտարարությունների համատեքստում: Հետեւելով Փաշինյանի մտքի ընթացքին, երբ նա պատասխանում է այս հարցին, տեսեք ինչ է ասում: Փաշինյանն ասում է՝ այսօր էլ կարող եմ դա ասել, հետո ինչ փաստարկներ է բերում: Ապա անմիջապես անցում է կատարում, իր խոսույթը հուզականությամբ է հագեցնում: Ասում է՝ ես միշտ անկեղծ եմ եղել, ես հիմա էլ եմ անկեղծ բոլորի հետ, ժողովրդի հետ, ոչինչ չեմ թաքցնում: Սկսում է դիֆերամբներ հնչեցնել իր՝ իբր անկեղծության մասին: Հետո պատմում է այն մասին, թե ինչ հաճելի է եղել բանտում նստելը եւ… վերջ: Սրանով ինքը պատասխանում է այն հարցին, թե ինչ փոխադարձ վստահության վրա են հիմնված հայ-ռուսական հարաբերությունները»,- «Հայելի» ակումբում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Հոգեբանի խոսքով. «Նիկոլ Փաշինյանի խոսքը տրամաբանության օրենքներով հնարավոր չէ վերլուծել, քանի որ մանիպուլյատիվ խոսք է: Եթե ամբողջ ասուլիսը, այդ շոուն մեկ նախադասությամբ բնորոշելու լինենք, պետք է ասել, որ դա հետեւյալն էր՝ վերջակետ է դրվում հայ-ռուսական հարաբերություններին, հայտարարում եմ, որ ռուսական ներկայությունը վտանգ է ներկայացնում Հայաստանում: Սա մահաբեր հայտարարություն է մեր ազգի համար: Ես այն կարծիքին եմ, որ երեկ Փաշինյանը, որ նախկինում դռներ էր բացում թուրքի առաջ, երեկ դուռ ու դարպաս բաց արեց թուրքի առաջ․․․ Արցախի հարցերը համարում են լուծված, թեեւ հիասթափեցնեմ՝ այդպես չէ, հիմա էլ անցել են Հայաստանի հարցերը լուծելուն»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ