Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական գաղտնիքին պատգամավորների հասանելիությունը կսահմանափակվի. ԱԱԾ փոխտնօրենին դուր չեկան Արծվիկ Մինասյանի հարցադրումները

Հունվար 11,2023 15:53

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Պետական գաղտնիքի մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Փաթեթը ներառում է 50 օրենքներ: Նախաձեռնությունը՝ ՀՀ կառավարությանն է: Հիմնական զեկույցով հանդես եկավ ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը: Ըստ նրա, այս փոփոխությունների նպատակն է՝ ամբողջությամբ վերանայել «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» գործող օրենքը՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին: Ըստ բանախոսի, 1996 թվականի ընդունված գործող օրենքում լիարժեք նախանշված չեն պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունները եւ դրանց պաշտպանության առումով կառավարության լիազորությունների շրջանակն ու մի շարք այլ հարցեր: Նախագծով առաջարկվում է օրենքից հանել ծառայողական գաղտնիքին վերաբերող կարգավորումները, ինչի արդյունքում, գաղտնի դրոշմագիր ունեցող տեղեկությունները նույնպես կդասվեն պետական գաղտնիքի շարքին: Նախագծով առաջարկվում է ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին եւ վարչապետին՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվող թույլտվությունը երաշխավորել՝ համապատասխան պաշտոնում նրանց ընտրվելուց կամ նշանակվելուց անմիջապես հետո:

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիմնական զեկուցողից հետաքրքրվեց՝ փաստորեն, ըստ նախագծի ամրագրումների, «պետական գաղտնիք է համարվելու այն տեղեկությունը, որը համարվելու է պետական գաղտնիք», այսինքն, ինչը իրավասու մարմինը կորոշի, այն էլ պետական գաղտնիք կհամարվի: Պատգամավորը հետաքրքրվեց՝ ի՞նչ մեթոդաբանությամբ եւ սկզբունքներով է որոշվելու ՀՀ-ին հասցված վնասը, ըստ որի էլ դասակարգումները եւ պատժաչափերը սահմանվելու են: Նա առաջարկեց՝ նախագիծը քննարկել ոչ թե առաջիկա քառօրյային ներկայացնելու համար, այլ աշխատանքային ընթացակարգով՝ առավել լավ նախագիծ ունենալու համար:

ԱԱԾ տնօրենի տեղակալը պատասխանեց, որ հարցը հետաձգելու իմաստ չի տեսնում, մանավանդ, որ որոշ ժամանակ առաջ հանդիպում-զրույցից հետո, ընդդիմադիր պատգամավորը նախաձեռնություն չի ցուցաբերել հարցի քննարկումներին մասնակցելու: Արծվիկ Մինասյանը հիշեցրեց նախկին պայմանավորվածությունը, որ հարցը շուտ չի մտնելու օրակարգ եւ հնարավորություն է ընձեռվելու լիարժեք աշխատելու: Վլադիմիր Վարդանյանը հստակեցրեց՝ աշխատանքային քննարկումներ հնարավոր է իրականացնել առաջինից-երկրորդ ընթերցում ընկած հատվածում:

Անդրադառնալով պատգամավորի բուն հարցերին էլ, ԱԱԾ տնօրենի տեղակալն ասաց, որ ազգային անվտանգությանը կամ պետության շահերին հասցված վնասի չափը որոշվում է լիազոր մարմնի կողմից: Իսկ գաղտնագրման սկզբունքների մասին պատգամավորի հարցը դուր չեկավ ԱԱԾ տնօրենի տեղակալին. «Գրված է, ախր, էնպիսի հարցեր եք տալիս, որոնք պարզ գրված են…»: Արծվիկ Մինասյանը հորդորեց՝ գնահատականներ չտալ, այլ պատասխանել հարցերին. «Եթե պարզ գրված լինեին՝ չէի հարցնի»: Նա հորդորեց պարզաբանել, թե ի՞նչ չափանիշներով է որոշվում տեղեկատվության պահպանումը կամ ոչնչացումը՝ հիշեցնելով, որ ԱԱԾ-ին արդեն իրավունք վերապահվել է՝ առանց գաղտնազերծման տեղեկատվություն ոչնչացնելու: Նա տարակուսեց, որ ըստ նախագծի, ԱԺ պատգամավորը՝ իբրեւ ժողովրդի լիազորությամբ մանդատ ստացած անձ, չի ունենալու ազգային անվտանգության գաղտնիք պարունակող տեղեկատվությանը հատուկ հասանելիություն, այլ ստանդարտ ընթացակարգելով պետք է դիմի եւ թույլտվություն ստանա: Միաժամանակ, նման իրավունք տրվում է հանրապետության նախագահին, որը առաջնային մանդատով ընտրված անձ չէ, այլ նույն առաջնային մանդատ ունեցող անձանց՝ պատգամավորների, կողմից է ընտրված: Պատգամավորը նկատեց, որ մեկ այլ կարգավորմամբ էլ, եթե հանրային ծառայություն իրականացնող անձը դիմել է եւ թույլտվություն չի ստացել, ապա ազատվում է զբաղեցրած պաշտոնից ու հետաքրքրվեց՝ կառավարության անդամները, պատգամավորները կամ համայնքի ղեկավարները, եթե չեն ստանում այդ թույլտվությունն՝ ինչպե՞ս պետք է ազատվեն զբաղեցրած պաշտոնից: «Պատգամավորի լիազորությունների դադարեցման հիմքերը, օրինակ, սպառիչ սահմանված են. ո՞նց պետք է պատգամավորն ազատվի իր պաշտոնից»,- հարցրեց Արծվիկ Մինասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Փաստաթղթերի ոչնչացման օբյեկտիվ հանգամանքներն, ըստ ԱԱԾ տնօրենի տեղակալի, նրանք են, որ շատ փաստաթղթեր գաղտնիության դրոշմագիր են ունենում, բայց, աշխատանքի բերումով հաճախ դա վերանում է եւ ունենում ենք մի շարք փաստաթղթեր, որոնք արդեն տվյալ գործառույթի ավարտից հետո, իրենցից արժեք չեն ներկայացնում եւ ենթակա են լինում ոչնչացման՝ առանց գաղտնազերծման: Պատգամավորների՝ գաղտնի տեղեկատվության հասանելիության մասով էլ ասաց, որ պատգամավորը հնարավորություն ունի իր լիազորություններն իրացնելու՝ առանց գաղտնի տեղեկություններին առնչվելու, իսկ օրինակ, ԱԺ նախագահը՝ չունի:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը միջամտեց՝ ասելով, որ հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի եւ վարչապետի պարագայում չկա այդ լիազորությունը տվող սուբյեկտը, քանի որ աստիճանակարգության մեջ մնացյալն ավելի ցածր դիրք են զբաղեցնում:

Հանրային այլ ծառայողների մասով էլ, ԱԱԾ ղեկավարի տեղակալը պարզաբանեց, որ օրենքի կարգավորումը վերաբերվում է քաղծառայություն իրականացնող անձանց միայն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031