«Առանց Պուտին Հայաստան», «Բերձորի միջանցքը փակել է Պուտինը», «Ո´չ, ռուսական օկուպացիային», «Ասենք ոչ Արցախի օկուպացիային», «Սկզբում Ուկրաինան, իսկ հիմա Արցախը», «Միջազգային խաղաղապահներ Արցախում»,- այս կարգախոսներով քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկեց Ազգային-ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) «Շրջափակում՝ հանուն ապաշրջափակման» խորագրով հերթական հավաքը և երթը դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն։
ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, խոսելով երթի նպատակի մասին, հիշեցրեց՝ Արցախի շրջափակման առաջին իսկ օրերին իրենց առաջին հակազդեցությունն էր՝ բողոքի երթով մոտենալ ՀՀ կառավարության շենքին և պահանջ ներկայացնել՝ հասկանալով, որ գլխավոր մեղավորը նրանք են։ Այնուհետև շարունակեց․ «Երևանի վարչակազմը, գիտենք, ենթարկվում է Ռուսաստանին։ Այսօր գնում ենք Ռուսաստանի դուռը և մեր պահանջն այնտեղ ներկայացնելու արդեն ոչ միայն որպես, որ իրենք կատարեն իրենց պարտականությունները նոյեմբերի 9-ի փաստաթղթով»։
Խոսելով այս իրավիճակից ելքի բանաձևի մասին՝ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց․ «Քաղաքական գնահատական տալու խնդիր ունենք այսօր։ Եթե շաբաթներ առաջ ռուսական կողմից պահանջն էր, որ իրենք իրենց պարտականություններին տեր կանգնեն նոյեմբերի 9-ի չարաբաստիկ պայմանագրով, որ Բերձորի միջանցքը անխափան պիտի պահեին, սակայն կարծում եմ՝ ժամանակներն արդեն ստիպում են մեզ, որ այդ պահանջները մի կողմ թողնենք։ Այսօրվանից պետք է պահանջը լինի հետևյալ բանաձևով։ Լուծումը մեր ժողովրդի ծանր վիճակից դուրս գալու առաջնահերթորեն մեզ մեկնված պոտենցիալ դաշնակիցների ձեռքերը պինդ սեղմելն է։ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի՝ մեզ մեկնած ձեռքերը պինդ բռնած պահելով՝ Ռուսաստանին ասել մեր ռեգիոնից ռադներդ քաշեք։ Լուծումն այս բանաձևում է։ Համոզված եմ, որ առաջիկա ժամանակներին սրա ականատեն ենք լինելու»։
Փաստմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտին է, հետևաբար նրանք են պատասխանատու, Ժիրայր Սեֆիլյանն արձագանքեց․ «Այդ մարդուն ստիպված էի լսել ի պաշտոնե։ Հերթական գավառական պարզունակ իր մարտավարությամբ կարծում է, որ պիտի կարողանա շարունակել պահել իր աթոռը՝ ինչ-որ չափով գոհացնելով Մոսկվային և ինչ-որ չափով էլ Արևմուտքին խաբելով։ Սակայն, քանի որ 2023-ին մտել ենք որպես նոր ժամանակներ, այժմ նախկին և-և-ի քաղաքականության փորձերը չեն աշխատում։ Ժամանակներն իրենք են պարտադրում՝ կամ այս կողմ, կամ այն կողմ։ Վստահ եմ՝ առաջիկա օրերին, շաբաթներին Արևմուտքի վերաբերմունքն այս հարցում ավելի հստակ է լինելու»։
Կարդացեք նաև
Լրագրողների հակադարձմանը՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հեռու են Հայաստանից, ինչպե՞ս են կարողանալու ապահովել անվտանգության երաշխիքները, Ժիրայր Սեֆիլյանն արձագանքեց․ «Հարյուր տարի առաջ էր, որ արևմտյան նավերը չէին բարձրանում մեր լեռները։ Տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ նավերը բարձրանում են լեռներ։ Մեր հանրապետությունը ժամանակին կորցրել ենք ռուսական վերականգնված կայսրության շնորհիվ։ Այսօր ռուսական կայսրությունը վերջանում է։ Մեր բախտը բերել է, և այս առիթը հայերը պիտի օգտագործեն ազգային պետություն ստեղծելու համար։ Իրենք շատ լավ գիտեն, որ իրենք այստեղից ռադները քաշելու են»։
Ժիրայր Սեֆիլյանը նաև տեղեկացրեց՝ առաջիկա օրերին կրկին դուրս են գալու փողոց։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ ԱԺԲ ֆեյսբուքյան էջից