Լրահոս
Օրվա լրահոսը

Տիրան Լոքմագյոզյան. Երբ Փաշինյանը կարեւորում է սահմանի բացումը, այդտեղ ի՞նչն է կարեւոր մեր երկրի համար, եթե մենք այդ սահմանը չենք օգտագործելու, եւ օգտագործելու է ադրբեջանցին

Հունվար 11,2023 14:37

Միջինարեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը «Հայելի» ակումբում հասարակ քաղաքացուն հասկանալի լեզվով մեկնաբանելով, թե ինչ է նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը շատ կարեւորում է Թուրքիայի հետ սահմանի բացումը եւ այդ սահմանով երրորդ երկրների քաղաքացիների ազատ մուտքի հնարավորությունը Հայաստան, ինչը Փաշինյանը հաստատեց նաեւ իր երեկվա ասուլիսում, ասաց. «Դրա մասին խոսելու առիթ արդեն ունեցել ենք: Եթե երրորդ երկրների ներկայացուցիչները թուրքերը չեն, հայերը չեն, դրանք ադրբեջանցիներն են: Ո՞ւմ է պետք Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը հատել եւ այդ ճանապարհով գնալ: Իրանցիներին պետք չէ, իրենք ճանապարհ ունեն, ռուսներին պետք չէ, վրացուն պետք չէ: Չգիտեմ՝ ովքեր կան այս տարածաշրջանում կամ հեռվից եկող, որն այդ ճանապարհով պետք է անցնի, երբ ավելի հեշտ ճանապարհներ կան: Միակ օգտվողը ադրբեջանցիներն են լինելու: Այսինքն, մենք մեր սահմանը բացում ենք ադրբեջանցիների առջեւ, այլ ոչ թե մեր համար, այլ ուրիշներ չի, այն էլ՝ ադրբեջանցիների, մեր թշնամիների:

Ինչքան էլ կառավարությունում ասեն, թե Ադրբեջանը մեր թշնամին չէ, բա ի՞նչ է, եթե մորթում է, մեր հողերը խլում է, մեր հետ պատերազմում է: Այն կողմը, ում հետ պատերազմում են, թշնամի չեն կոչում, բա ի՞նչ են կոչում: Այս իշխանությունները փորձում են մեզ համոզել այլ բաներ, նաեւ այն, թե Ադրբեջանը մեզ թշնամի չէ, ինչը ձեռնտու է թշնամու համար:

Երբ Փաշինյանը կարեւորում է սահմանի բացումը, այդտեղ ի՞նչն է կարեւոր մեր երկրի համար, եթե մենք այդ սահմանը չենք օգտագործելու, եւ օգտագործելու է ադրբեջանցին: Այսինքն, սահմանի բացումը կարեւոր է ադրբեջանցու համար: Հազար անգամ եմ ասել ու հիմա էլ ասում եմ. ինքը խոսում է Ադրբեջանի կողմից: Ինքը եւ ամբողջ կառավարությունը, որ ասում են՝ մենք, նկատի չունեն հայ ժողովրդին, հայ ազգին, այլ նկատի ունեն թուրք ու ադրբեջանցի ժողովրդին: Սա վերջին շրջանում ավելի բացահայտ, գնալով՝ ավելի ցայտուն է դառնում, ու խաղն ավելի բաց է: Այսօր արդեն չկան թուրքական, ադրբեջանական եւ հայկական կառավարություններ: Նրանք բոլորը միասին են եւ համագործակցում են ավելի բացահայտ, որովհետեւ տեսնում են, որ այլեւս ոչ մի վտանգ չկա, որ ժողովուրդը մեռելաքունի մեջ է, բանակը դավաճանական գործողություններին մասնակցում է: Նկատի ունեմ, որ ոչ մի գեներալ չխոսեց սահմանների անձեռնմխելիության մասին, չասաց, թե այս ինչ է կատարվում, ոստիկանությունը կանգնած է կառավարության մեջքին:

Այսօր բոլոր ուժերը կենտրոնացած են նրա ձեռքում եւ դա ժողովրդավարության մահն է՝ ուզենք, թե չուզենք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031