Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում թեժ վեճ սկսվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» նախագծի քննարկման ժամանակ:
ՔՊ խմբակցության պատգամավորները դիտողություն էին արել, որ ֆեյսբուքյան օգտատերերի մակարդակով տեղեկատվություն են ստանում ընդդիմադիրները ու ԱԺ-ում հայտարարում այդ մասին: Մասնավորապես, խոսքը Ադրբեջանի կողմից կիրառված ֆոսֆորային զենքի մասին էր, որն, ըստ ընդդիմադիրների, ուկրաինական էր:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը իր ելույթից հետո միացրեց բարձրախոսն ու հիշելով այդ դիտողության մասին՝ փորձեց արձագանքել, որ ուկրաինական ֆոսֆորային զենքի մասին նշել է նաեւ Բոբ Մենենդեսը, որը վերջին մարդը չէ այս աշխարհում:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փորձեց թույլ չտալ, բայց քանի որ ԱԺ նիստերի դահլիճի պես չէր կարող բարձրախոսն անջատել, սկսեց բղավել. «Ավարտել եք ձեր ելույթը, տիկի՛ն, ափսոս, չեմ կարող անջատել, պետք է ընդհատեմ, որովհետեւ դուք կանոնակարգ եք խախտում»: Աննա Գրիգորյանը արձագանքեց. «Պարո՛ն, դուք ինձ մի՛ ընդհատեք, դուք էլ 20 րոպե խոսում եք»:
Կարդացեք նաև
Անդրանիկ Քոչարյանը բարկացավ. «Չհասկացա, էս եկել եք առաջին նիստին ու խանգարելո՞վ: Վե՛րջ տվեք»: Աննա Գրիգորյանի պատասխանը հունից հանեց ոչ միայն Քոչարյանին, այլ նաեւ մյուս ՔՊ-ականներին: Նա Անդրանիկ Քոչարյանին ասաց. «Խնդրում եմ ձեր տոնը չբարձրացնե՛ք: Եթե մինչեւ այսօր, բամբասկոտ կնոջ նման, որտեղ նստում՝ իմ անունն եք տալիս, այսուհետ չհամարձակվե՛ք»:
«Բամբասկոտ կինը ձեր ամուսինն ա, լռե՛ք, է՞ս ինչ բան է, մի հատ հավաքե՛ք ձեզ»,- արձագանքեց Քոչարյանը:
«Դու՛ք ձեզ հավաքեք, տղամարդո՛ւն նայեք»,- ասաց Աննա Գրիգորյանը: Նրան փորձեց աջակցել Ագնեսա Խամոյանը՝ ասելով՝ երկու կին այստեղ նստած, հարգա՛նք ունեցեք: Կրքերը թեժ էին: Աննա Գրիգորյանը բղավում էր. «Դուք իմ ամուսնուն ճանաչո՞ւմ եք»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ