Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին փուլում քննություն հանձնելու համար հայտագրվել է 6871 դիմորդ. ԳԹԿ փոխտնօրեն

Հունվար 11,2023 11:46

«Բուհերի ընդունելության կարգում անցյալ տարի կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում դիմորդը կարող է միասնական քննություն հանձնել երկու անգամ: Այս պատճառով քննությունների փուլերն ավելացել են, ունենք առաջին փուլ, երկրորդ եւ երրորդ փուլեր: Առաջին փուլի քննությունները սկսում են հունվար-փետրվար ամիսներին: Երկրորդը մեր ավանդական հունիս ամսվա քննություններն են, իսկ երրորդը՝ հուլիս ամսվա լրացուցիչ փուլի քննություններն են»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ԿԳՄՍ նախարարության գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Կարո Նասիբյանը:

Նրա խոսքով. «Հունվարին միայն միասնական քննությունները կարող ենք կազմակերպել, իսկ ներբուհական քննություններին այս փոփոխությունները չեն վերաբերվում: Հունվար-փետրվար ամիսներին կայանալիք քննություններում դիմորդները լրացնում են միայն քննությունների դիմում-հայտ: Այսինքն՝ հայտում բուհ եւ մասնագիտություն չեն լրացնում, որովհետեւ հունվարի քննություններից հետո որեւէ մրցույթ կայանալ չի կարող: Ինչպես գիտեք՝ ԳԹԿ-ն մրցույթը կազմակերպում է միայն բոլոր քննությունների ավարտից հետո»:

ԳԹԿ փոխտնօրենը հայտնեց, որ արդեն ավարտվել է հայտագրման գործընթացը, իսկ հունվարի 15-ից սկսվում է առաջին փուլի՝ առաջին քննությունը. «Առաջին օրվա քննություններն են քիմիան եւ ռուսաց լեզուն: Եթե նախորդ տարիներին ամառային ժամանակահատվածում քննությունները կազմակերպում էինք առավոտյան 9:30-ին, հիմա քննության սկիզբը նախատեսված է 11:30-ին: Մեր սպասվածից ավելի շատ դիմորդներ են հայտագրվել հունվար-փետրվարի քննություններին: Սպասում էինք, որ դիմորդների թիվը կլինի առավելագույնը 3000-5000, սակայն հայտագրվել է 6871 դիմորդ, որոնք ցանկանում են հանձնել միասնական քննություն: Նշեմ, որ առաջին փուլի միասնական քննություններին կարող են մասնակցել բոլորը, ովքեր ցանկանում են իրենց ուսումը շարունակել բուհերում՝ ի տարբերություն հունիսին, հուլիսին կայանալիք քննությունների եւ հայտագրման»:

Կարո Նասիբյանի խոսքով. «29 միասնական քննական կենտրոններն են կազմավորվել, որոնցից 10-ը Երեւանում է: Ավանդաբար Սյունիքում կազմակերպում ենք 2 միասնական կենտրոններ՝ Կապանում եւ Գորիսում»: Նա նաեւ որոշ վիճակագրական տվյալներ հայտնեց, նշեց, որ ամենաշատը հայտագրվել են անգլերենի համար՝ 3139 դիմորդ, երկրորդ տեղում մաթեմատիկան է՝ 2950, իսկ երրորդ տեղում հայոց լեզու եւ գրականություն առարկան է՝ 2018 դիմորդ:

«Մնացած քննությունների համար հայտագրվածների թիվը հազարից պակաս է, օրինակ` կենսաբանություն առարկայի համար հայտագրվել է 887, քիմիա` 738, հայոց պատմություն՝ 582: Մնացած առարկաներն ավելի քիչ են: Ինչպես արդեն նշեցի՝ առաջին օրվա քննությունը քիմիան եւ ռուսաց լեզուն են: 738 հոգի քիմիայից քննություն կհանձնի, իսկ 131-ը ռուսաց լեզվից: Ի տարբերություն ամառային քննաշրջանի կենտրոնների ընտրության, միասնական քննությունները կազմակերպելու ժամանակ ունենալու ենք խնդիրներ: Մեզ համար դժվար էր նշված տեղերում անցկացնել քննություններ՝ պայմանավորված ջեռուցմամբ: Կան մեծ թվով դպրոցներ, որոնց մարզադահլիճները համապատասխան ջերմություն չեն ապահովում: Եվ եթե այդ մարզադահլիճներում կարողանում են ֆիզկուլտուրա առարկան պարապել, որովհետեւ երեխաներն անընդհատ շարժվում են, ապա քննության ժամանակ հնարավոր չէ երեք ժամ նստել ցածր ջերմաստիճանի պարագայում:

Մենք ստիպված ենք եղել դիմել ԿԳՄՍ նախարարին, որպեսզի մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին դիմի՝ հնարավորինս օժանդակելու համար դպրոցները ջեռուցմանը»:

ԳԹԿ փոխտնօրենը հավելեց, որ քննությունները կազմակերպվելու են կիրակի օրերին, բացառությամբ մեկ օրվա՝ փետրվարի 4-ի: Նրա խոսքով, դա արվել է մեկ նպատակով՝ որ դպրոցներում դասապրոցեսները չխաթարվեն. «Չի կարող դպրոցում եւ դաս լինել, եւ միաժամանակ՝ միասնական քննություններ»: Այս անգամ հնարավոր չի եղել նաեւ տեսախցիկներ տեղադրել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031