Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայցադիմումի պահանջը ժամեր հետո համիրավ դարձավ

Հունվար 11,2023 14:00

2022 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ գաղտնի քվեարկության արդյունքներով ԲՊՀ բոլոր ստորաբաժանումների կողմից առաջադրված թեկնածու Կարինե Հարությունյանը ստացել էր հոգաբարձուների խորհրդի անդամների 12 կողմ ձայն, իսկ ինքնառաջադրված, Լեզվի պետական տեսչության կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը՝ 8 կողմ ձայն։ Հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրեցին արձանագրությունը, որի համաձայն՝ Կարինե Հարությունյանը ընտրվել է ԲՊՀ-ի ռեկտոր։ Քվեարկության արդյունքները միաձայն հաստատվեց հոգաբարձուների խորհրդի կողմից։ Ռեկտորի ընտրության համար գումարված հոգաբարձուների խորհրդի նիստը նախագահում էր ՀՀ նախկին փոխվարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթեւոսյանը։

Հետագայում տեղեկացանք, որ Դ. Գյուրջինյանը դիմել է դատարան:

Aravot.am-ը դատարան դիմելու հետ կապված օրերս մեկնաբանություն խնդրեց թեկնածուներից՝ Լեզվի պետական տեսչության կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանից, սակայն նրա հրաժարվել էր մեկնաբանություն տալ. «Ընդամենը նշեց, որ ամեն ինչ ասված է, եւ ավելացնելու նոր բան չկա» («Ավելացնելու նոր բան չկա». Գյուրջինյանը՝ դատարան դիմելու եւ իր դիմումի մասին»):

Փորձեցինք որոշ մանրամասներ ճշտել կապված այս նոր հայցի հետ:

Պարզվեց հետեւյալը: 2022 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Հասմիկ Ջալալյան) որոշում է կայացրել: Դավիթ Գյուրջինյանը դեկտեմբերի 26-ին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի եւ ՀՀ կառավարության` «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 09.12.2022 թվականի նիստի թիվ 5 արձանագրությունն անվավեր ճանաչելու եւ վերացնելու պահանջների մասին: Դատարանը քննարկել է հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը: Դատարանն արձանագրել էր, որ հայցվորը հայցադիմումում որպես պատասխանողներ նշել է «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամին եւ ՀՀ կառավարությանը, սակայն հայցադիմումում բացակայում է ՀՀ կառավարության դեմ ուղղված նյութաիրավական պահանջը, եւ պահանջը համիրավ չէ: Ըստ դատարանի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի վերլուծությունից հետեւում է նաեւ, որ՝ «ներկայացված հայցադիմումով պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը պետք է լինի որոշակի, այն պետք է ձեւակերպվի հստակ եւ հասկանալի, դրա բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որ պատասխանողի համար ակնառու եւ պարզ լինի, թե իրեն ինչ պահանջ է ներկայացվում, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա իրացնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ գլխով սահմանված հայցի դեմ պատասխանողի պաշտպանության միջոցները, օգտվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով վերապահված իրավունքներից եւ կրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պարտականությունները»: Դատարանը վերադարձրել էր այդ որոշմամբ հայցադիմումը, հղում կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, համաձայն որի՝ առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել սույն օրենսգրքով հայցադիմումի ձեւին, բովանդակությանը եւ կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները: Իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն էլ՝ հայցադիմումում պարտադիր նշվում են պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (պահանջները), իսկ մի քանի պատասխանողների դեմ հայցադիմում ներկայացնելիս հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջը (պահանջները), եթե այն համիրավ չէ:

Դատարանն արձանագրել էր, որ տվյալ դեպքում հայցվորը հայցադիմումի պատճառաբանական մասում վկայակոչել է 2022 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 4 նիստի որոշմամբ ընդունված «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի՝ հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգի 58-րդ կետը, պատճառաբանական մասում, ի թիվս այլնի, նշել է. «…Մինչդեռ Խորհուրդը պատշաճ չի կատարել իր պարտականությունները՝ թույլ տալով գործընթացի կոպիտ խախտումներ: …Խոսքը բնավ միայն գաղտնի քվեարկության ձեւի պահպանման մասին չէ, այլ ողջ գործընթացի մասին, քանի որ միայն դրա ամբողջության գնահատման միջոցով կարող է արձանագրվել վերջնարդյունքի օրինականությունը», մինչդեռ հայցադիմումով խնդրել է անվավեր ճանաչել «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 09.12.2022 թվականի նիստի թիվ 5 արձանագրությունը եւ վերացնել այն»: Այսինքն, հայցվորի պահանջը հստակ չէ եւ այն ենթակա է հստակեցման:

Մեկ օր հետո՝ դեկտեմբերի 29-ին, դարձյալ դատարանը քննարկում է հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը: Դատարանն արձանագրում է, որ հայցվորի ներկայացուցիչը հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան 2022 թվականի դեկտեմբերի 28-ին, նույն օրը: Դատարանը, ուսումնասիրելով կրկին ներկայացված հայցադիմումը, արձանագրում է, որ այն ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 120-122-րդ հոդվածներով սահմանված պահանջներին համապատասխան:

Հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր չկային, հետեւաբար, դատարանը հայցադիմումը ընդունել է վարույթ։ Դատական նախնական նիստի նշանակման օրը դեռեւս հայտնի չէ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031