Անընդհատ ուզում ես բանի տեղ չդնել, ուզում ես մտածել, որ բան էր, կասեն-կխոսեն, կանցնի-կգնա։ Բայց, երբ կցկտուր նորությունները հավաքում ես կողք կողքի, խճանկարն ամբողջանում է ու պատկերն ավելի հստակ է դառնում։
Սովորաբար կոչերի ու հորդորների վերջում միշտ էլ հետեւում են գործողությունները, կամ գոնե սպառնալիքը, որը բոլորի կողմից այդպես էլ չհնչեց, որ ասեին. ԲԱՑԵ՛Ք, ԹԵ ՉԷ՛… ու եւ այլն: Սա թույլ է տալիս ինձ, որ մտածեմ, թե ուրեմն պայմանավորվածություն կա կողմերի միջեւ եւ որպեսզի այն ավելի ակնառու չլինի, նրանք հանդես կգան հայտարարություններով ու կբավարարվեն միայն այդքանով, ապա, որոշ ժամանակ անց, ինչ-որ մի հեղինակավոր ընկերությանը կդարձնեն լեզու եւ կխոսեն նրանց բերանով, իրենց մտածումների ու ցանկությունների մասին, իբրեւ վերլուծական հիմնարկության կանխատեսումներ։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում. ստացվում է, որ ականատես եղան մի իրողության, որը կոչվում է՝ ԿԱՄՔ։ Աշխարհը Լաչինի ճանապարհին բախվեց հայի ԿԱՄՔԻՆ ու փշրվեց։ Տեսան, որ ճանապարհը փակելով, հային սոված ու մրսած պահելով՝ չես կոտրի նրա սկզբունքայնությունը, լավ ապրելու կյանքի տեսլականով էլ չես համոզի, որ հետ կանգնի իր նպատակներից, որոշեցին մեկ-երկու ճեպանկար անել անպետք թղթերին ու նետել համացանց, թե աշխարհի հեղինակավոր վերլուծաբանները կանխատեսում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ։ Այդ վերլուծաբաններին կուզեի հարցնել՝ որտեղի՞ց ձեզ նման վստահությունը, եթե ձեզ կերակրողների մատն այդ ամենի մեջ չկա։
…Սկսում եմ արդեն մտածել, որ մի քանի օր համացանցում տարածված այն «կեղծ» հրամանը, որ Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն հերքեց, թե ադրբեջանական խուճապ է, այդքան էլ ԿԵՂԾ ՉԷ, եւ «մեր» պետական մարմիններն արդեն տեղյակ են ու պատրաստվում են «դիմադրության»։ Եվ այդ հրամանը հատուկ տարածեցին ազգի զգոնությունը ստուգելու համար։ Նաեւ օրեր առաջ տարածված այն քարտեզը……իբր Հայրենիքս մասնատված էր թշնամու կողմից։
ՍԹԱՓՎԵ՛Ք, ԱՇԽԱՐՀԸ ԹՔԱԾ ՈՒՆԻ ՄԵՐ ՎՐԱ ԵՎ ԱՅԴ ԷԼ ՔԱՆԻԵՐՈՐԴ ԱՆԳԱՄ Է, ԻՆՉ ԱՊԱՑՈՒՑՎՈՒՄ Է, ՈՐ ՄԵՆԱԿ ԵՆՔ ԵՎ ՀՈՒՅՍԸ ՄԻԱՅՆ ՄԵՐ ՎՐԱ ՊԻՏԻ ԴՆԵՆՔ։
Կարդացեք նաև
Սահմանին մեր երեխաներն են, բոլորիս տղաները ու նրանց խաղաղությունը թիկունքի համախմբվածության մեջ է։
Արա ՆԱԽՇՔԱՐՅԱՆ
Գյումրի
Հ.Գ. Երբ վերջացնեք ամանորյա հրավառություններն ու կապույտ երկինք ունենալու ցանկությունների համար հնչող կենացները, հիշե՛ք, որ ԶԻՆՎՈՐԸ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԱԾ Է ՈՒ ՍՊԱՍՈՒՄ Է ՔՈ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՎԱՐՔԻ ԴՐՍԵՎՈՐՄԱՆԸ:
«Առավոտ» օրաթերթ
10.01.2023