Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք էստեղ ենք, որ դուք հանգիստ քնեք». հերոս Հարություն Ֆահրադյանի բաժին կռիվը

Հունվար 11,2023 12:30

44-օրյա պատերազմի ժամանակ ամենաթեժ կետերում՝ Ջրականում, Հադրութում, Վարանդայում, թշնամու դեմ մարտնչած Հարություն Ֆահրադյանը Արագածոտնի մարզի Թալին քաղաքից էր: Նախնական կրթություն ստացել է Թալինի թիվ 1 միջնակարգ դպրոցում, ապա՝ 2015 թվականին ընդունվել է Թալինի տարածաշրջանային պետական քոլեջի ծրագրավորման բաժին:

2019 թվականի հունվարի 17-ին էր զորակոչվել բանակ՝ ծառայության անցնելով Ջրականում: Ծառայակից ընկերների խոսքերով՝ ի սկզբանե նրան բոլորը հարգել ու սիրել են, շատ հեշտ է ադապտացվել ծառայությանը: Հարութի հետ ծառայած տղաները զորացրվելուց հետո էլ իր մասին մեծ հիացմունքով ու ոգեւորությամբ էին խոսում: Պատմում են, որ հենց ծանրոց էր ստանում, բոլորին բաժանում էր, եթե ինչ-որ մեկը ինչ-որ բանի կարիք ուներ, շատ էր օգնում: Նրանց հավաստմամբ, դիրքում էլ օգնում էր բոլորին, բոլորին հասնող տղա էր, չէր մտածում մի ժամ ավել քնելու, հանգստանալու մասին:

 

Քչերին է հաջողվում միշտ լինել լավագույնների շարքում, Հարութը հենց այդպիսին էր: Դրա մասին էին փաստում կրակայինների ժամանակ լավ արդյունքների ցուցաբերումը, դիրքերում գտնվելիս չափազանց զգոնությունը, պատասխանատվության զգացումը, նվիրումով ու եռանդով ծառայելը:

Հիշում են՝ չնայած որ արգելված էր, Հարութը սիրում էր դիրքում պատերին գրել՝ «Թալին, Հարութ ու զորակոչի ամսաթիվը»: Ծիծաղելով պատմում են, թե ինչպես մի անգամ վաշտի հրամանատարը, դիտակետում տեսնելով գրվածը, կատակել էր, թե. «Հարութ, նենց ես գրել Թալին, ոնց որ ոչ մեկ չպիտի հասկանար, որ դու ես Թալինից»:

Ծառայակից ընկերների խոսքով՝ շատ էր սիրում երգել, երբ ասում էին՝ Հարութ, երգի, չէր համաձայնում, միայն, երբ բարձրանում էին դիրքեր, այնտեղ էր երգում: Ծառայության օրերն անցնում էին՝ մեկը մյուսին հաջորդելով, ամեն օրը լի էր սպասումով ու հավատով: Երբ զինվորդ այնտեղ է՝ սահմանին, քեզ ուժ տվողը այն օրվա մասին երազանքն է, երբ նա կգա: Զանգելիս մորը՝ Լուսինեին, միշտ ասում էր՝ «Մամ, բայց ասա, որ ծառայությունս թեթեւ անցավ: Բան չմնաց, մերս»: Շատ էր սիրում Արցախի բարբառը, զանգելիս միշտ ասել է, որ հենց բանակից գա, իրենց սովորեցնելու է բարբառով խոսել:

Հարությունը գնդացրորդ էր, պատերազմի առաջին իսկ օրից՝ սեպտեմբերի 27-ից, քաջաբար կռվել է թշնամու մեծաթիվ խմբավորման դեմ: Հարությունի հրամանատարի՝ Ռաֆայել Սարգսյանի խոսքով՝ նա շատ լավ է տիրապետել զենքին, կարողացել է դիպուկ եւ արդյունավետ կրակել, մարտի դաշտում հայտնաբերել եւ ոչնչացնել հակառակորդի կենդանի ուժը եւ մանր խմբերը: Միշտ ժպիտը երեսին, առանց որեւէ երկյուղածության, կատարել է բոլոր հրամանները: Մարտական ընկերները նույնպես հաստատում են՝ շատ պահեր են եղել, երբ Հարությունի միջամտությունը կարեւոր ու վճռորոշ է եղել կռվի ընթացքի վրա:

Ծառայակից ու մարտական ընկերը՝ Արմանը, պատմում է. «Հարութը հայրենասեր էր, սկզբունքային, հավատով, բոլորիս ինքն էր «դուխ» տալիս, պատերազմի առաջին օրվանից մի ուրիշ ձեւ էր տրամադրված՝ ոգին անկոտրում էր»: Հիշում է՝ Հարութը կարծես միշտ իր մտքերը կարդար, հասկանում էր, թե ինչ է մտածում. «Որպես ընկեր յուրահատուկ էր, շատ պահեր են եղել, որ հույսս կորցրել եմ, մտածել եմ՝ վերջն է, բայց ինքն ինձ ուժ էր տալիս, միշտ աղոթում էր, ասում էր՝ հավատով եղիր: Կենսուրախ մարդ էր, որքան էլ տխուր լինեիր, ինքը ժպտում էր, դու լրիվ փոխվում էիր»: Բոլորն են հիշում՝ մեծ էր Հարութի հավատը առ Աստված: Հարությունի մայրը պատմում է՝ պատերազմի օրերին զանգերից մեկի ժամանակ տղային հարցրել էր՝ «Հարութ, չե՞ս վախենում, առաջին գիծ, թուրքերը…», որդին պատասխանել է՝ «Չէ, մերս, ի՞նչ կա վախենալու, Աստված իմ հետ ա, հանգիստ եղեք, մենք էստեղ ենք, որ դուք հանգիստ քնեք»:

Պատերազմի ընթացքում Հարութն ու իր մարտական ընկերները շատ դժվարությունների միջով են անցել. 40 հոգուց էլ քիչ անձնակազմով կռիվ են տվել տանկերի դեմ, ոչնչացրել դրանք, ծանր իրերով 8-10 կմ քայլել են, ծարավը հագեցնելու համար ստիպված են եղել խմել գետի ճահճոտ, կեղտոտ ջուրը, ու չնայած այս ամենին՝ եղել են կազմակերպված՝ հերթափոխով էին կռվում, ամեն մեկն իր խնդիրը անգիր գիտեր, թե ե՞րբ, ո՞վ, ու՞ր պիտի գնա: Հարութը կռվի ժամանակ երբեք չի բողոքել, իր ծանր զենքը միշտ միայնակ է տարել, անհրաժեշտության դեպքում, առանց վարանելու, օգնել է ընկերներին: Մարտերում Հարութն ու մարտական ընկերները շատերին կորցրին, բայց վայրկյան անգամ իրենց հաստատակամությունը, պայքարելու մինչեւ վերջին վայրկյանը, չի սասանվել:

Հարութի վերջին մարտերը Վարանդայում էին: Մարտական ընկերների համար դժվար է բառերով ներկայացնել այն արհավիրքը, ինչի միջով անցել են: Նրանք տեսել են Հարութի քաջությունը… Հոկտեմբերի 21-ին՝ թեժ կռվի ժամանակ, տեսնելով, որ մարտական ընկերը՝ Գոռը, վիրավոր է ու օգնության կարիք ունի, անտեսելով կյանքին սպառնացող վտանգը, առանց վարանելու, թշնամու ուղիղ կրակի տակ նետվել է ընկերոջը օգնության՝ ասելով. «Գոռին պիտի հանենք, առանց Գոռի էս հատվածից դուրս չեմ գա»: Չնայած Հարութն առաջին կրակոցից վիրավորվել է, սակայն չի ենթարկվել սպա Նաիրի Նաջարյանի՝ վերադառնալու կամ տեղում մնալու հորդորներին՝ պատասխանելով, որ ինքը լավ է, ամեն ինչ նորմալ է, պիտի շտապի ընկերոջը օգնության: Ավա՜ղ, իրեն ուղղված երկրորդ կրակոցը եղավ ճակատագրական: Ընկավ Հարութը… հանուն ընկերոջ կյանքի, հանուն մեզ՝ բոլորիս, հանուն հայրենիքի փրկության վեհ գաղափարի: Իր կատարած անձնվեր քայլը լավագույնս արտացոլում է մեծ սերը առ հայրենիք: Դա եղավ Հարութի մղած քաջ կռվի ավարտն ու հավերժական կյանքի սկիզբը: Ամեն մարդ չէ, որ նման քայլի կգնար, ամեն մարդու բնորոշ չէ: Միայն արին, քաջը, միայն Հերոսը կարող է զոհաբերել: Զինակից ընկերները հպարտությամբ են հիշում, որ Հարութի նման անձնվեր ընկերոջ հետ են կռվել: Մոր հետ վերջին խոսակցությունը հայտարարված կարճատեւ հրադադարի ժամանակ էր, մայրը ասում է՝ «Հարիս «դուխը» կար, ես էլ իրեն քաջալերում էի, ասում էի՝ չվախենաս, Աստված քո հետ ա», Հարութն էլ՝ «Աստված բոլորիս հետ ա, մերս»: Ու դրանք եղան Հարութի վերջին խոսքերը՝ ուղղված մորը:

Պատերազմի ահասարսուռ օրերին՝ համընդհանուր տագնապի մեջ, ընտանիքին ուժ տվողը Հարութի զանգն էր, միշտ նույն հուսադրող խոսքերն էին՝ «Սաղ տոշնիա, ցե՜նտր»: Հոկտեմբերի 21-ից սկսած զանգերը լռեցին. օրեր, ամիսներ շարունակ հույսը չէր մարում, բոլորը հավատով սպասում էին, որ նորից կտեսնեն ամենաջերմ ու սիրտ տաքացնող ժպիտը: Կռվի ողջ ընթացքում Հարությունը հարազատներին չէր ասել, թե որտեղ է: Իսկ, երբ օրերով չէր զանգում, պատճառաբանում էր, որ կապ չկար, ոչ մի ավելորդ բանի մասին չէր խոսում: Ընտանիքի անդամները չգիտեին՝ որտե՞ղ կարող էին փնտրել որդուն: Ավա՜ղ, պատերազմից չորս ամիս անց միայն Հարությունին ու իր յոթ մարտական ընկերներին կարողացան գտնել: Հայրենիքի նվիրյալը հուղարկավորվել է Թալինի պանթեոնում 2021 թվականի փետրվարի 10-ին:
Հարութի հարազատների համար պատերազմը շարունակվում է մինչ օրս, լուռ, հաճախ անզգացմունք, ինչպես քարը, բայց հոգու խորքում արհավիրքը, ցավը, ինչ-որ բան ասելու, անելու անկարողությունը կրծում են հոգին: Պայքարող տեսակ էր Հարութը, վստահ էր, որ հաստատ ամեն ինչ լավ է լինելու: Մայրը հիշում է՝ պատերազմի ընթացքում զանգերից մեկի ժամանակ շատ ուրախ էր, երջանիկ, զվարթ, ասել է, որ հետո կասի պատճառը, բայց, թե ի՞նչ էր ուզում ասել որդին, մայրն այդպես էլ չիմացավ:

Հարությունի այդքան սիրելի փոքրիկ քաղաքը, որի հետ կապում էր իր կյանքը, եւ որը միտք անգամ չուներ լքելու, առանց իր ներկայության այսօր շատ է դատարկվել: Չարաբաստիկ պատերազմն ընդհատեց Հարությունի կյանքը՝ կիսատ թողնելով նպատակներն ու երազանքները, որոնք ծնողները կապում էին նրա հետ: Նպատակասլաց էր, ուզում էր ուսումը շարունակել ու ծրագրավորում սովորել համալսարանում: Շատ մեծ սեր ուներ դեպի սպորտը, իսկ ֆուտբոլը Հարությունի տարերքն էր, ամեն ինչ մի կողմում էր, ֆուտբոլը՝ այլ կողմում: Թալինի ֆուտբոլային ակումբի անդամ էր, մասնակցում էր բոլոր մրցումներին: Մայրը՝ Լուսինեն, ասում է ՝ «Ուզում էր լավ ֆուտբոլիստ դառնալ, իրեն եւ՛ սազում էր ֆուտբոլը, եւ՛ մտնում էր խաղի մեջ, չէր խաղում ուղղակի խաղալու համար: Շատ էր ոգեւորվում տարած հաղթանակներից ու ա՛յ էդպես էլ պատերազմում է եղել»:
Դեռ դպրոցական տարիներից սիրում էր աշխատել, ամառային արձակուրդներին ընկերներով գնում էին ծիրան հավաքելու, ծնողների հորդորներին, թե ի՞նչ կարիք կա աշխատելու, միշտ պատասխանում էր՝ «Ի՞նչ վատ բան կա աշխատելու մեջ»: Թե՛ տանը, թե՛ դրսում Հարութի աշխատասիրությունը եւ աշխատանքի մեջ բծախնդրությունը բոլորն են մատնանշում: Ամեն ինչ, ինչ-որ անում էր՝ հոգով-սրտով էր, իմիջիայլոց չկար, իր ուժից էլ վեր լիներ, պիտի աներ ու անում էր: Պատասխանատվության զգացում ուներ, ինչ ուզում է լիներ, կհասցներ մինչեւ վերջ: Նույն կերպ նվիրվել էր նաեւ հայրենիքի պաշտպանության գործին:

Մայրը դարակից զգուշորեն հանում է որդու փոքր տարիքի լուսանկարների ալբոմը, թախիծն ու կարոտը աչքերում թերթելով էջերը՝ գտնում է այն լուսանկարը, որտեղ որդին զարմանքն աչքերին հետեւում էր ծովի ալիքների խաղին, եւ հիշում է՝ փոքր ժամանակ, երբ ընտանիքով Ռուսաստանում էին բնակվում, նույն ուժեղ ձայնով ծովը տեսնելիս էր գոռում, շատ էր սիրում ծովը:

«Չգիտեմ, դժվար է շատ, ամենադժվարը՝ այդքան սպասումից հետո իրեն չտեսնելն է, բայց ինքը ներկա է միշտ, ինձ հետ է»,- ասում է Հարութի մայրը՝ Լուսինեն, ու հավատում, որ տղան միշտ իր կողքին է: Հնարավոր է՝ զուգադիպություն է, բայց շատ են եղել դեպքեր, երբ այս կամ այն հարցի վերաբերյալ ցանկացել է տղայի կարծիքն իմանալ ու զգացել, որ որդին ճանապարհ է ցույց տալիս: Հաճախ է դժվար պահերին զգում հանգստություն, ամեն ինչ հարթ, նորմալ ընթանում է, ասում է՝ Հարութն է, որ օգնում է իրենց. «Հարութը մեզ հետ չի, բայց ես զգում եմ, որ սա Հարութի ուժն է, Աստծո մխիթարությունն է, որ մենք ապրում ենք: Հպարտ եմ, բայց շատ դառը, դժվար հպարտությամբ»: Գոյություն ունեցող, բայց աչքի համար տեսանելի չեղող ամենաիսկական ներկայությամբ Հարությունը դեռ ապրում է իրեն ճանաչողների սրտերում: Երբ մարդ դժվար պայմաններում էլ չի կորցնում սեփական դեմքը, ուրեմն դու նրանից սովորելու շատ բան ունես: Հարությունն այդ տեսակն էր… Հարություն Ֆահրադյանը ծառայության ընթացքում պարգեւատրվել է «Արիության մեդալով», հետմահու՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

Դասընկերների կողմից՝
Հարությունի անմահ հիշատակին

«Առավոտ» օրաթերթ
10.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031