Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան-Պուտին շփումներ չկա՞ն

Հունվար 11,2023 12:00

Մեկ ամիս է Արցախը շրջափակման մեջ է: Իրավիճակը Արցախում ճգնաժամային է, արցախահայությունը կանգնած է հումանիտար աղետի նախաշեմին: 1 ամիսը բավարար ժամանակ էր հասկանալու, թե Հայաստան պետությունը խնդիրների լուծման ճանապարհին ինչ քայլերի է ունակ դիմելու:

Երեւանը շարունակ կրկնում է` «Լաչինի միջանցքը սեփական վերահսկողության տակ պահելը ՌԴ-ի պարտավորությունն է»

Պաշտոնական Երեւանը այլ երկրների ներկայացուցիչների հետ շփումներում, իհարկե, հնչեցնում է Արցախում տիրող իրավիճակի խնդիրը, մեղադրում է Ադրբեջանին` Լաչինի միջանցքը փակելու համար: Սակայն ՀՀ իշխանությունների պահվածը, կարծես, արձանագրային դաշտում է, որովհետեւ չնայած արվող հայտարարություններին` կարմիր թելի նման հնչեցվում է հետեւյալ ուղերձը, որ իրավիճակի հիմնական պատասխանատուն Մոսկվան է:

Հունվարի 5-ին ՀՀ կառավարության՝ 2023թ. առաջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ «միջազգային հանրությունն էլ սկսել է ավելի ու ավելի հստակ արձանագրել Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտումների, ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի տեսանելի քաղաքականությունը, սակայն միեւնույն ժամանակ նա հավելել է. «Այս իմաստով մենք ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանի Դաշնությունից, ում խաղաղապահ զորախումբը տեղակայված է Լեռնային Ղարաբաղում, եւ Լաչինի միջանցքը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»: Ապա նա նկատել է` «Լաչինի միջանցքի շրջափակումն անհրաժեշտ է դարձնում Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը»:

Առայժմ պարզ չէ, թե միջազգային հանրությունից առարկայական քայլեր ակնկալելուն զուգահեռ` ՀՀ իշխանությունը աշխատանքներ իրականացնո՞ւմ է, թե՞ ակնկալում են, որ ինքնաբերաբար պետությունները պետք է մի կողմ թողնելով իրենց շահերը` որոշեն, որ Արցախի հարցը պետք է դարձնեն իրենց երկրների օրակարգային առաջնային հարցերից մեկը:

Կամ, եթե ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ խնդրի լուծման թիվ մեկ պատասխանատուն Մոսկվան է, դա բավարա՞ր է, որպեսզի, օրինակ` արեւմտյան երկրները թողնեն իրենց խնդիրները ու զբաղվեն «Մոսկվայի ուղիղ պարտավորության» դաշտում գտնվող հարցի կարգավորմա՞մբ…

Եվ վերջապես ամենագլխավոր հարցը. իսկ պաշտոնական Երեւանը Մոսկվայի, որպես Արցախում տիրող իրավիճակի «ուղիղ» պատասխանատուի հետ բանակցություններ վարո՞ւմ է, կամ վարե՞լ է այս 1 ամսվա ընթացքում: Խոսքը` երկրի բարձրագույն իշխանությունների մակարդակով բանակցությունների մասին է` Փաշինյան-Պուտին, Միրզոյան-Լավրով, Պապիկյան-Շոյգու, Գրիգորյան- Պատրուշեւ… Եթե վարել են` ինչո՞ւ արդյունքներ չկան, եթե չեն վարել` ո՞րն է դրա պատճառը:

Մոսկվան վստահեցնում է, որ շարունակում են բանակցել հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են: Օրերս էլ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնեց, թե ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Ռուսական կողմն ընդգծում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու շուրջ բանակցային գործընթացը։ Պարեկություն է իրականացվում երեք ուղղություններով՝ Մարտակերտի, Մարտունու եւ Շուշիի շրջաններում։

Ինչ վերաբերում է ռուսական բարձրագույն քաղաքական իշխանություններին, ապա ՌԴ ԱԳՆ-ն տարեվերջին նախ հարկ համարեց հերքել այն պնդումները, թե Մոսկվան ստիպում է միջանցք տրամադրել Ադրբեջանին, որը կլինի Հայաստանի վերահսկողությունից դուրս։ «Դա կեղծ տեղեկություն է, այդ մասին եւս մենք բազմիցս հայտարարել ենք»,- ասել էր Մարիա Զախարովան՝ մեջբերելով Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների անցած տարվա հայտարարությունը, ըստ որի՝ «հաղորդակցության ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ հանձնաժողովում քննարկվում են տարբեր ճանապարհներ, այդ թվում՝ Հայաստանի հարավում երկաթգծի վերականգնմանը վերաբերող հարցեր։ Այդ աշխատանքի սկզբունքներից մեկը, որը չի վիճարկվում ոչ Երեւանի, ոչ Բաքվի կողմից, նշում է, որ այդ երթուղու ինքնիշխանությունը պատկանում է այն կողմին, որի տարածքով այն անցնում է»:

Անդրադառնալով Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների հասցեին Երեւանից հնչող մեղադրանքներին՝ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը հակադարձել էր. «Որեւէ մեկը պատասխանատու կերպով կարո՞ղ է ասել՝ առանց ռուսական խաղաղապահ առաքելության ավելի լա՞վ էր լինելու։ Նման հայտարարություններ անելը նշանակում է չհասկանալ՝ ինչ իրավիճակ է գետնի վրա»:
Դեկտեմբերի 30-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Մտահոգություն ենք հայտնում առ այն, որ առաջընթաց չկա Լաչինի միջանցքի գործառույթների վերջնական վերականգնման ուղղությամբ՝ մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկկողմ տեղաշարժի համար, համապատասխան Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության: Ռուսական կողմը, մասնավորապես, ռուս խաղաղապահ զորամիավորման ղեկավարությունը շարունակում է ձեռնարկել հետեւողական քայլեր՝ այդ իրավիճակի կարգավորման համար: Ընդգծում ենք, որ հենց ռուս խաղաղապահ զորամիավորումն է առանցքային ներդրում ունենում իր պատասխանատվության գոտում անվտանգության ապահովման գործում, ինչն արձանագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ ս. թ. հոկտեմբերի 31-ի Սոչիի գագաթնաժողովում: Մեր խաղաղապահների նկատմամբ ցանկացած հրապարակային հարձակում եւ սադրանք ընկալում ենք որպես անընդունելի եւ կանխամտածված գործողություն, որը վնաս է հասցնում հայ-ադրբեջանական կարգավորմանը:

Կոչ ենք անում Բաքվին եւ Երեւանին անշեղորեն հետեւել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթներին: Նշում ենք, որ Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի միայն տվյալ փաստաթղթում նշված նպատակների համար: Ակնկալում ենք, որ կողմերը կհասնեն համաձայնության շրջանում հանքավայրերի շահագործման հարցում: Հանդես ենք գալիս բարձր մակարդակով եռակողմ բոլոր պայմանավորվածությունների ողջ համալիրի բազմակողմանի իրականացման օգտին՝ ուղված տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը եւ երկու երկրների հանրային գործիչների, փորձագետների եւ խորհրդարանականների միջեւ շփումների ձեւավորմանը»:

Վաշինգտոնը շարունակում է մտահոգված մնալ, հիշեցնելով, որ` հակամարտության համապարփակ լուծումը ԱՄՆ-ի որոշելու հարցը չէ

Պաշտոնական Վաշինգտոնի գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի արգելափակումը խոչընդոտում է խաղաղության գործընթացին եւ խաթարում է միջազգային վստահությունը, օրերս «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ Միացյալ Նահանգները շարունակում է «մտահոգված մնալ Լաչինի միջանցքի հասանելիության խաթարման եւ ստեղծված իրավիճակի հումանիտար հետեւանքների առնչությամբ»: «Մենք կոչ ենք անում լիարժեք վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Բոլոր հարցերում առաջընթացի միակ ճանապարհը բանակցություններն են»,- հայտնել են դեսպանատնից։

Հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն որեւէ քայլ ձեռնարկում է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի ուղղությամբ, հնարավո՞ր է հումանիտար օգնության տրամադրում Արցախին, դեսպանատանից պատասխանել են. «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն արձագանքում է Հայաստանում գտնվող տեղահանված անձանց կարիքներին՝ ՀՀ կառավարության պահանջներին համահունչ»:
Արձագանքի առումով պաշտոնական Վաշինգտոնը պարբերաբար անդրադառնում է խնդրին, բայցեւ տողատակերում ասվում է, որ ծանր խնդիրների լուծման կողմերն իրենք պետք է հասնեն:

Օրեր առաջ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը հայտարարեց, թե Միացյալ Նահանգները մտահոգված է մնում, որ Լաչինի միջանցքն արգելափակված է արդեն երեք շաբաթից ավելի` ստեղծելով ծանր հումանիտար իրավիճակ: «Մենք շնորհակալություն ենք հայտնում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը այս ընթացքում կրիտիկական օգնություն ցուցաբերելու համար, սակայն կոչ ենք անում Ադրբեջանին եւ Ռուսաստանին անմիջապես վերականգնել մուտքը [միջանցք]», – Թվիթերում գրել էր ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը:

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի՝ տարվա առաջին ճեպազրույցում շոշափվել էր հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի թեման: Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ եւ խաղաղ ապագայի խթանմանը, երեկ ճեպազրույցի ժամանակ նշել էր Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը: «Մենք շարունակում ենք ներգրավված մնալ երկկողմանիորեն՝ համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, նաեւ՝ միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ը, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ուղիղ երկխոսությանը նպաստելու՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր հիմնախնդիրներին լուծումներ գտնելու համար», – ասել է Փրայսը:

Նա հիշեցրել էր ամերիկյան կողմի ջանքերի եւ կազմակերպած հանդիպումների մասին, միեւնույն ժամանակ ընդգծելով՝ ցանկանում են տեսնել, որ կողմերն իրենք են առաջընթաց գրանցում, եւ հակամարտության համապարփակ լուծումը Միացյալ Նահանգների որոշելու հարցը չէ: «Դա այն ծանր աշխատանքն է, որ պետք է կատարեն կողմերն իրենք», – ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։ «Մենք ամենօրյա ռեժիմով ներգրավված ենք եւ կշարունակենք սերտորեն համագործակցել կողմերի հետ՝ երկկողմ, եռակողմ, ԵԱՀԿ-ի միջոցով, ինչպես նաեւ այլ գործընկերների միջոցով, որպեսզի օգնենք հասնելու այդ վերջնական վիճակին», – նշել էր Փրայսը:

Վաշինգտոնի դիրքորոշումը հստակ է` Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը շարունակում է մտահոգել ԱՄՆ-ին։ Միեւնույն ժամանակ Վաշինգտոնը արձանագրեց, որ այս իրավիճակը խոչընդոտում է խաղաղության գործընթացը եւ խաթարում է միջազգային վստահությունը։ Անդրադառնալով իրադրության հանգուցալուծման տարբերակներին՝ Փրայսը նկատել էր. «Մենք կոչ ենք անում լիարժեքորեն վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Ցանկացած հարցում առաջընթացի միակ ճանապարհը բանակցություններն են»:

Չնայած իրավիճակի լրջության վերաբերյալ արձանագրումներին, միեւնույն ժամանակ, Վաշինգտոնի ակնկալիքը կողմերից է, որոնց էլ կոչ են անում բանակցությունների միջոցով լուծել խնդիրները:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 10.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031