Հոգեբանական տրավման եւ դրա հաղթահարման ձեւերը
Եկեք փորձենք դասակարգել խնդիրներն՝ ըստ կարեւորության: Խնդիրների առաջին խումբ. երթուղային տաքսու ուղեվարձը կլինի 100 դրամ, թե՞ 150 դրամ, էլեկտրաէներգիայի գինը կբարձրանա՞ մի քանի դրամով, թե՝ չի բարձրանա, Սերժ Սարգսյանը կմնա՞ երկրի ղեկավար, թե՝ չի մնա: Խնդիրների երկրորդ խումբ. Շուշին եւ Հադրութը կլինեն հայերի՞, թե՝ ադրբեջանցիների (իրականում՝ թուրքերի) տիրապետության տակ, Արցախում երեխաները կո՞ւշտ կլինեն, թե՞ սոված, Արցախը կմնա հայկակա՞ն, թե՝ կհայաթափվի, Հայաստանի ինքնիշխան տարածքի Սյունիքի, Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի մարզերում ռազմավարական դիրքերում հայկակա՞ն ուժեր են, թե՝ ադրբեջանական:
Թվում է, թե խնդիրների առաջին խումբը, որքան էլ կարեւոր լինի, իր նշանակությամբ զիջում է երկրորդին: Բայց ակնհայտ է նաեւ, որ հասարակության արձագանքի տեսանկյունից առաջին խումբը չափազանց կարեւորվել է՝ մարդիկ պատրաստ էին ժամեր եւ օրեր անցկացնել փողոցում, փակել ճանապարհները, պառկել մեքենաների տակ, եւ այդ ամենն ուղեկցվում էր «քաղաքացիական հասարակության» բուռն արձագանքով՝ ֆեյսբուքյան աղմուկով, միջազգային ատյաններին դիմելով եւ այլն: Այժմ հասարակական ակտիվիստները չեն շրջափակում, օրինակ, Ռուսաստանի դեսպանատունը՝ պահանջելով այդ երկրից կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը:
Հարցի պարզունակ պատասխանը հայտնի է եւ ամփոփված է մեկ՝ չափազանց առաձգական ու այդ պատճառով անհասկանալի տերմինով՝ «սորոսականություն»: Ըստ այդմ, առաջին խմբի հարցերի վերաբերյալ կար հստակ ֆինանսավորում, իսկ երկրորդի վերաբերյալ ֆինանսավորումը շարունակվում է ոչ թե մեր ազգի կենսական շահերը պաշտպանելու, այլ՝ ամեն ինչի համար բացառապես ռուսներին մեղադրելու ուղղությամբ: Ինչպես ցանկացած սխեմա, այս մեկն էլ առանձնանում է միակողմանիությամբ եւ չի արտացոլում ողջ իրականությունը՝ չնայած չեմ բացառում, որ որոշակի սահմանափակ մասշտաբներով հասարակական կազմակերպությունների եւ քաղաքական գործիչների ֆինանսավորումն ազդում է իրավիճակի վրա: Բայց ես գիտեմ բազմաթիվ մարդկանց, որոնք նման շահեր չունեն:
Կարդացեք նաև
Օրինակ, Սասուն Միքայելյանը հաստատ «սորոսական» չի, Արցախյան առաջին պատերազմի հերոս է, բայց նա նույնպես հայտարարում էր, թե 2018 թվականի իշխանափոխությունն ավելի կարեւոր է, քան այդ պատերազմում հաղթանակը: Ինչից կարելի է եզրակացնել, որ Արցախի կորուստը նույնպես պակաս կարեւոր է, քան ՔՊ-ի՝ իշխանության գալն ու մնալը: Կարելի է թվարկել էլի մի քանի տասնյակ միանգամայն պարկեշտ, բարձր ինտելեկտ ունեցող մարդկանց, որոնք շարունակում են անշահախնդրորեն սատարել պատերազմում խայտառակ պարտություն կրած եւ դրա աղետալի հետեւանքների պատճառ դարձած իշխանությանը: «Սորոսականությամբ» դա բացատրելն առնվազն անլուրջ է:
Ես ընդհանրապես դեմ եմ այն մոտեցմանը, որ եթե մարդն ինձ նման չի մտածում, ուրեմն, նա կա՛մ խելագար է, կա՛մ կաշառված: Դա, ինչ խոսք, հարմարավետ դիքորոշում է՝ դրանով դու քեզ մեխանիկորեն դասում ես ազնիվների եւ խելացիների շարքին, եւ ազատում ես քեզ դուր չեկող փաստարկներ լսելու պարտականությունից: Բայց մենք այդպիսի կեցվածքի պատճառով իրար չենք հասկանում, եւ դա, կարծում եմ, Հայաստանի ամենացավոտ խնդիրներից մեկն է:
Հիշում եմ, 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններից առաջ հասարակ մարդիկ հաճախ ինձ մոտենում էին ու դեմքին անկեղծ հույսի արտահայտությամբ հարցնում էին՝ «Նիկոլը մնալու է, չէ՞»: Նրանց չէր հետաքրքրում ու չի հետաքրքրում ազգային ստորացումը, բայց հուզում է, թե ով է Հայաստանում գահին նստելու: Եվ այդ մարդիկ հաստատ սորոսական չէին:
Գիտության մեջ կա, այսպես կոչված, «տրավմայի տեսություն», երբ տվյալ անձը կամ մարդկանց խումբը շատ խորը հոգեբանական վերք է ստանում, եւ դրանից դուրս գալու համար պետք են կա՛մ ժամանակ, կա՛մ այնպիսի միջոցառումներ, որոնք այդ վերքը կամոքեն: Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության տարիները մարդկանց համար տրավմատիկ էին: Իհարկե, կարելի է սպասել 10-20 տարի՝ մինչեւ այդ ցավը որոշ չափով կբթանա: Բայց, հաշվի առնելով, որ այդ տրավման շարունակում է պառակտել մեր հասարակությունը, պարզապես սպասելն անթույլատրելի «շքեղություն» կլիներ:
Հարավ-աֆրիկյան հանրապետությունում, երբ 1994 թվականին ապարտեիդի ռեժիմը փլուզվեց, ստեղծվեցին «Ճշմարտության եւ հաշտության հանձնաժողովներ» (Truth and Reconciliation Commissions): Նպատակն էր՝ պարզել այն օղակները եւ այն անձանց, որոնք իրականացրել էին ապարտեիդի քաղաքականությունը: Խնդիրը ոչ թե նրանց պատժելն էր, այլ առանձնացնելն այն սպիտակամորթ մարդկանցից, որոնք այդ քաղաքականության հետ կապ չունեին: Ինչի՞ համար էր դա պետք, պարզ է. «թացը չորից» տարբերելու, որպեսզի մեղքը չընկնի բոլոր սպիտակամորթների վրա: Այսինքն՝ ա/ հրապարակավ հայտարարվի, որ ապարտեիդը այսինչ մարդկանց այսինչ գործողություններն էին, 2/ բացահայտվի, թե տրավմայի ո՛ր մասն է երեւակայական (չի կարող պատահել, որ նման մաս չլինի), իսկ ո՛րը՝ իրական:
Հայաստանում այս իշխանությունների օրոք նման հանձնաժողովներ ստեղծելն իմաստ չունի: Բերեմ պարզ օրինակ: Ենթադրենք, հանձնաժողովներից մեկը քննում է դատական համակարգում ապօրինություններն ու կաշառակերությունը: Եթե այդ հանձնաժողովն աշխատի ներկա իշխանությունների հովանու ներքո, ապա կպարզվի, որ Ալեքսանդր Ազարյանը «նախկինների սպասարկու» է, իսկ Մնացական Մարտիրոսյանը՝ «նոր դեմոկրատական Հայաստանի պայծառ դեմքերից մեկը»: Բայց հաջորդ իշխանությունների ժամանակ գուցե արժե փորձել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.01.2023