Լրահոս
Օրվա լրահոսը

Աղոթքը՝ շուրթերին, հավատքը՝ սրտում սյունեցի նորակոչիկները մեկնեցին ծառայության (Ֆոտոշարք, տեսանյութ)

Հունվար 10,2023 23:50

Երեքշաբթի՝ հունվարի 10-ին, ձմեռային զորակոչի առաջին հավաքն է Սյունիքում։ Վաղ առավոտվանից մարդաշատ է Կապանի զինկոմիսարիատի բակը։ Նորակոչիկներին ճանապարհելու եկածները համբերատար սպասում են դրսում, իսկ բանակ մեկնող երիտասարդները ներսում են՝ վերջին ընթացակարգերն են անցնում։

ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Վահե Աղալարյանն անձամբ է հետեւում նորակոչիկների բուժզննությանը․ ամեն ինչ կարգին է եւ վերջիններս հրավիրվում են զինկոմիսարիատի դահլիճ։ Օրհնանքի իր խոսքը նրանց է ուղղում Քաջարանի հոգեւոր հովիվ Տեր Շիրակ քահանան։

«Դուք գնում ենք ազգ պահպանելու։ Դուք պարտավորված եք բոլորին տեր լինել։ Գնում եք մեր պատիվը հետ բերելու, մեր պատվախնդրությունը վերադարձնելու։ Դուք կոչված եք դրա համար։ Այսքան մարդ դրսում, որ սպասում է՝ հետեւելու է ձեզ։ Եղեք բոլորի հույսերը արդարացնող»,-ասաց Տեր Շիրակ քահանան։

Պաշտպանության նախարարության զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման զինակոչի բաժանմունքի պետ Սմբատ Դադոյանը նորակոչիկներին առաջին հրամանն է տալիս, քանի որ այս պահից սկսած նրանք զինվորներ են։ «Բարի ծառայություն, անփորձանք գնաք, անփորձանք հետ գաք, ձեր կյանքը նպատակային օգտագործեք։ Խնդրում եմ ձեզ։ Պահանջում եմ՝ ոնց գնաք, դրանից լավ հետ գաք»,-հորդորեց նա։

Քաջարանցի Ալեքս Հակոբյանը Կապանի զինկոմիսարիատ է եկել մարտական տրամադրությամբ․ հայոց բանակ է զորակոչվում։ Նրա Խաչատուր պապն ու Էռնեստ հորեղբայրն Արցախյան առաջին պատերազմում են զոհվել, հպարտ է՝ որ անմահացած հերոսների ընտանիքից է։ «Լավ տրամադրությամբ եմ գնում ծառայության։ Ո՞ւմից վախենամ․թող իրենք ինձանից վախենան»,-ասում է 18-ամյա Ալեքսը։ Նա ծնողներին կոչ է անում չանհանգստանալ։ «Թող չտխրեն առանց ինձ ու ամեն դժվարություն անցնի։ Երկու տարի հետո կգամ»,-նշեց Ալեքսը։

Անահիտ Առաքելյանը թոռանն է բանակ ճանապարհում։ Արդեն հասցրել է խորհուրդ-խրատներ տալ։ « Ասել եմ՝ խելոք մնա, լսողի դերում լինի, ինչ հանձնարարեն՝ կատարի, ուշադիր լինի, ամենակարեւորը՝ անփորձանք ծառայություն բոլորին»,-ասում է Անահիտ տատը։

Զինկոմիսարիատից նորակոչիկները ուղեւորվում են Կապանի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի։ Այստեղ նորակոչիկների օրհնության կարգին միանում է նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, որի որդին Արտակ Ղուկասյանը նույնպես հայոց բանակի զինվոր է։ Մարզպետը ելույթ չի ունենում, միայն ասաց՝ «տղե՛րք, ձեր ցավը տանեմ»:

Հայրենիքին արժանապատվորեն ծառայելու մաղթանքով զինակոչիկներին դիմեց Կապանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ հայրենիքն այսօր ճգնաժամի առաջ է կանգնած, բայց սրան էլ պիտի դիմակայենք։ Տեր Խաչատուրը համոզված է՝ որ այսօր քաջերի հերթական խումբն է ճանապարհվում բանակ։ Քահանայի խոսքով՝ զորամասերում նաեւ անցանկալի երեւույթներ են արձանագրվում, բայց պետք է հիշել, որ ամեն մի սխալ արարքը, քայլը, խոսքը թշնամուն ուրախացնում է․ ըստ այդմ էլ՝ պիտի հանդուրժող ու կարգապահ լինել։

«Աղոթքը պիտի լինի առ Աստված, որ պատերազմ չլինի ։ Բայց մեր հույսը դուք եք։ Մենք ձեզանով պիտի կարողանաք ապրել ու իմացեք՝ ձեր կյանքով դուք՝ մեզ կյանք եք տալիս»,-ասաց Տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը։

Միասնական աղոթք առ Աստված, հրաժեշտ հարազատներին ու նորակոչիկները տեղավորվում են մեքենաներում։ Երկար ճանապարհ պիտի անցնեն, մինչ հասնեն հանրապետական կենտրոնական հավաքակայան։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031