Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկանում էի լսել, թե ի՞նչ է խոսել Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ՝ Սանկտ Պետերբուրգում, Լաչինի միջանցքի մասին. Արմեն Վարդանյան

Հունվար 10,2023 23:35

Aravot.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

-Այսօր կայացած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ին՝ ՌԴ-Բելառուս Միութենական պետությանը միանալու պաշտոնական առաջարկ չի եղել, բայց փորձագետների կողմից շարունակական խոսույթն էլ կարելի է ոչ պաշտոնական ճնշում համարել: Ըստ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նաեւ դրանք նկատի ուներ, երբ խոսում էր այդ առիթով Հայաստանի վրա առկա ճնշումների մասին: Երկրի ղեկավարի կողմից նման հայտարարությունն ինչպե՞ս եք որակում: Նման հայտարարությունից հետո ի՞նչ աստիճանի լրջությամբ պետք է վերաբերվեն Նիկոլ Փաշինյանին տարբեր հարթակներում ու հանդիպումներում, որտեղ նա կներկայացնի ՀՀ-ի շահը:

-Խնդիրն այն է, որ ռուսական քաղաքականությունը միշտ հենված է այն մարտավարության վրա, որ շատ հաճախ առաջարկներն անուղղակիորեն են արվում կամ ռուսները ստեղծում են մի իրավիճակ, երբ երկրները անում են այնպիսի քայլեր, որոնք որ բխում են ՌԴ-ի շահերից: Օրինակ, 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, երբ տեղի ունեցավ Հայաստանի մուտքը Եվրասիական միություն, դրանից հետո ռուս պաշտոնյաները, այդ թվում ամենաբարձր մակարդակով, հայտարարում էին, որ Հայաստանն ինքն է խնդրել, որ միանա ԵԱՏՄ-ին: Մինչդեռ Հայաստանը, 2013 թվականին, հաստատապես չէր ուզում մտնել ԵԱՏՄ. այդ ժամանակ Հայաստանը 3,5 տարի բանակցել էր ԵՄ Ասոցացման պայմանագրի շուրջ եւ Հայաստանը ցանկանում էր ստորագրել այդ պայմանագիրը, մինչդեռ, տեսանք, որ մեկ գիշերվա ընթացքում Հայաստանը հայտնվեց ԵԱՏՄ-ում: Ռուսաստանը դա ներկայացրեց իբր Հայաստանն է նման ցանկություն հայտնել, սակայն ակնհայտ էր, որ դա տեղի է ունեցել ճնշումների հետեւանքով:

Այնպես որ, ռուսական քաղաքականությունը շատ հաճախ այդպես էլ տարվում է. ուղիղ առաջարկություն չի արվում, դա արվում է շանտաժի, սպառնալիքների միջոցով եւ այնպիսի մի իրավիճակ է ստեղծվում, որ շատ երկրներ տեղի են տալիս ճնշումներին: Այս համատեքստում, այո՛, հնարավոր է, որ Հայաստանին Միութենական պետությանն անդամակցելու ուղիղ առաջարկ արված չլինի, բայց որոշ ռուս պաշտոնյաներ, փորձագետներ ՀՀ իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ կամ հրապարակային հայտարարություններում Միութենական պետությանը միանալու հարցը բարձրացնեն:

Անկախ ամեն ինչից, ես կարծում եմ, որ այս հարցն այս պահին այդպես սուր դրված չէ Հայաստանի առջեւ, ինչպես որ 2013թ. սեպտեմբերի 3-ից առաջ դա դրսևորվում էր ռուսական շանտաժային քաղաքականության միջոցով, որովհետեւ Ռուսաստանն ինքն ահռելի խնդիրներ ունի Ուկրաինայի հետ կապված, այդ երկրի  դիրքերն օր-օրի ավելի են թուլանում աշխարհում եւ, չեմ կարծում, որ այս պահին նա ունի այդպիսի մեծ ռեսուրսներ, այդպիսի մեծ հնարավորություններ, որպեսզի Հայաստանին ներքաշի Միութենական պետության մեջ :

-Համամի՞տ եք վարչապետի հետ, ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը Հայաստանում սպառնալիք կարո՞ղ է ստեղծել թուրք-ադրբեջանական տանդեմի համար, երբ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ներկայացնում, ՀԱՊԿ-ում չեն հստակեցնում, թե իրենց պատասխանատվության գոտին ո՞րն է: Իսկ Հայաստանը գիտե՝ թե՞ որն է պատասխանատվության գոտին:

-Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը ես չեմ դիտարկում սպառնալիք՝ ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի համար, որովհետեւ ՀԱՊԿ-ն իր գործունեությամբ, վարքագծով այնպես է արել, որ Թուրքիան եւ Ադրբեջանն իրենից չեն վախենում եւ պատահական չէ, որ Ադրբեջանը հայտարարում է, որ ՀԱՊԿ-ում ավելի շատ դաշնակիցներ ունի, քան Հայաստանը: Ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը ՀԱՊԿ-ին սպառնալիք չեն դիտարկում: Ես կարծում եմ, ՀԱՊԿ զորավարժությունների՝ Հայաստանի տարածքում անցկացումից հրաժարվելը Հայաստանի կողմից, ավելի շատ դիվանագիտական դեմարշ էր: Վերջին մեկ տարվա ընթացքում, Հայաստանը տարբեր ձեւերով դիվանագիտական դեմարշներ է անում ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի դեմ, որովհետեւ Հայաստանն այնքան էլ բավարարված չէ այդ ՀԱՊԿ-ի վարքագծով: Զորավարժությունների անցկացումից հրաժարվելը ես այս շարքում եմ դիտարկում:

-Այսօր էլ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց իր նախկին կարծիքը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասով, փաստացի, հրաժարվելով Արցախից: Եթե այս համատեքստում դիտարկենք Բերձորի միջանցքի արդեն մեկ ամիս փակ լինելը եւ Նիկոլ Փաշինյանի շարունակական այն պնդումները, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրով հայկական կողմը այդտեղ անելիք չունի, ողջ պատասխանատվությունը ադրբեջանական եւ ռուսական կողմի վրա է, ի՞նչ հետեւության կգաք:

-Ես չեմ կարծում, որ Հայաստանը հրաժարվել է Արցախից, չեմ էլ կարծում, որ իշխանությունը ոչինչ չի անում: Իհարկե, քայլեր արվում են, բայց դա մի քիչ այլ ձեւաչափով, այլ մարտավարությամբ է արվում: Օրինակ, ՄԱԿ-ի ԱԽ-ում հարցի քննարկումը, չնայած ֆորմալ առումով Ֆրանսիայի նախաձեռնությունն էր, բայց ակնհայտ է, որ դա Ֆրանսիային խնդրել էր Հայաստանը: Այժմ Հայաստանը մարտավարություն է որդեգրել՝ ցույց է տալիս, թե չի խառնվում այդ հարցերին, Արցախի ժողովուրդն ու Արցախի իշխանությունները պետք է այս հարցերը լուծեն, բայց կուլիսային մեծ աշխատանք է արվում դիվանագիտական ճակատում. ՄԱԿ-ում, ՄԻԵԴ-ում, Արդարադատության միջազգային դատարան է դիմել և այլն: Այնպես որ, քայլեր ձեռնարկվում են եւ չի կարելի ասել, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից եւ Լաչինի միջանցքի հարցը լուծելուց:

-Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն էլ հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները բավարար ջանքեր չեն ներդնում միջանցքը բացելու հարցում:

– Վստահաբար, Հայաստանը ջանքեր գործադրում է Լաչինի միջանցքը ապաշրջափակելու և Հայաստանն Արցախին կապող կյանքի ճանապարհը բացելու համար: Այլ հարց է, որ դեռևս չունենք գործնական արդյունքներ այս ուղղությամբ և այս առումով կառավարության քայլերը դեռևս գոհացուցիչ չեն, այդ թվում նաև հայաստանյան հասարակության մի ստվար զանգվածի համար: Բայց, վստահ եմ, որ այսուհետ էլ մեծ ջանքեր է գործադրվելու Արցախի շրջափակումը դադարեցնելու համար:

-Ո՞րն էր, ըստ Ձեզ, այն գլխավոր ուղերձը, որը Փաշինյանի ասուլիսում այսօր հնչեց եւ հրապարակ նետվեց:

-Անկեղծ ասեմ՝ Փաշինյանի ասուլիսից մի քիչ ավելի սուր ուղերձներ էի սպասում: Օրինակ, որ նա մի փոքր ավելի կոնկրետ գնահատականներ կտա ՌԴ-ի գործողություններին: Այն, որ Ադրբեջանից բացի նաեւ ՌԴ-ն է Լաչինի միջանցքի փակման մասով շահառուն՝ ակնհայտ է, բայց շատ կցանկանայի, որ վարչապետը կոնկրետ ասեր, թե օրինակ, անցած տարեվերջին, Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը ի՞նչ հարց է քննարկել Վլադիմիր Պուտինի հետ: Չէ՞ որ հանդիպման հրապարակային մասում Փաշինյանն ասեց, որ Լաչինի միջանցքի հարց պիտի քննարկի Պուտինի հետ: Հիմա լավ կլիներ, որ ասուլիսին խոսվեր այն մասին, թե ի՞նչ դիրքորոշում է հայտնել Ռուսաստանը Լաչինի միջանցքի փակման հարցում, ինչ է քննարկվել Պուտինի հետ և այլն: Ցավոք, դա տեղի չունեցավ:

Իսկ ընդհանուր առմամբ, ասուլիսի ուղերձները երկու հարթության մեջ պետք է դիտարկել՝ ուղերձներ միջազգային հանրությանը եւ ներքին լսարանին: Առաջինն այն էր, որ Հայաստանը ցանկանում է խաղաղություն, խաղաղության օրակարգն է առաջ քաշում, չունի Ադրբեջանի տարածքներին տիրանալու նկրտումներ և այլն: Իսկ ներքին լսարանի համար ասվեց, որ մենք բոլոր ջանքերը ներդնում ենք հարցերը լուծելու համար, բայց դրանք այնքան էլ մեր տիրույթում չեն, դրանք Ադրբեջանն ու ՌԴ-ն պետք է լուծեն:

 

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031